«Աստծու փեշերից ենք կախված, շունչներս պահած սպասում ենք...»

02/05/2019 14:56
«Աստծու փեշերից ենք կախված, շունչներս պահած սպասում ենք...»

Ըստ Վայոց Ձորի Մալիշկա գյուղի բնակիչների բնության տված հնարավորություններ էլ չեն արդարացնում։ Տարիներով կուտակված խնդիրների բեռից չկարողանալով ազատվել, մարդիկ ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի։

-Ամենաաղքատ գյուղը մեր մարզի Մալիշկան է, եթե դրսից օգնող չլինի չենք գոյատեւի։ Ամեն մեկս ունենք 1000-1500 մետր հողատարածք, դա ապրուստ ստեղծելու համար շատ քիչ է, աշխատանք չկա։ Տնից մեկը պետք է գնա ռուսաստաններ, որ փող ուղարկի ապրենք էստեղ։ Գյուղատնտեսությունն է զարգացած ճյուղը մեր մոտ, անասնապահությունն էլ չի թեթեւացնում հոգսերը։ Գյուղում, ովքեր աշխատում են դպրոցներում, մանկապարտեզներում էլի կարողանում են յոլա գնալ, գոնե տունը գումար է մտնում, մնացածս հացի խնդիր ունենք։ Մեր գյուղի ապրողները տարբեր բնակավայրերից եկածներ են, խելոք ու շնորհքով մարդիկ, բայց արի ու տես ապրուստի միջոց չկա։ Հիվանդի համար դեղն էլ ենք պարտքով առնում, առաջներում  սենց բան ո՞վ էլ լսել։  Աստծու փեշերից ենք կախված, շունչներս պահած սպասում ենք, որ մեր պետությունը ոտքի կանգնի, մեր գյուղն էլ զարգանա, թոշակները բարձրացնեն, մեր ջահելները աշխատեն,ժամանակին ընտանիք կազմեն, որ վաղըտների դռները չփակեն ու գաղթեն,-տրտնջում են բնակիչները։

 Մալիշկայի հոգսերն ու հաջողությունները


Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ սույն թվականի փետրվար ամսին, Մալիշկայում համայնքի ղեկավարի փոփոխություն եղավ, բազմաթիվ չարաշահումների ու յուրացումների մեջ մեղադրվող համայնքապետը հրաժարական էր ներկայացրել, բայց մասնակցելով ընտրություններին պարտվել էր: Այս թեմային անդրադարձ կատարելով, տեղացիներն ասում են.

-Գյուղում շատ լավ անցան ընտրությունները՝ հանգիստ խաղաղ։ Ընտրող-չընտրող հաշվի չեն առնում համայնքապետարանում, գրագետ սրտացավ աշխատողներ են։ Գնացեք տեսեք, վերանորոգում, մաքրում են գյուղապետարանի շենքը։ Նորընտիր գյուղապետը՝ Գարիկ Նազարյանն ու մյուս աշխատողները գյուղում ահագին գործեր են արել ու շարունակում են մնացածը։ Գյուղը շատ դարդ ու ցավ ունի, մալիշկացիքս  խելոք, շնորհքով մարդիկ ենք, մեկս մեկիս բարեկամ խնամի, մնում է իրար թիկունք լինենք ապրենք,-ասում են գյուղում հավաքվածները։