Դատավարությունը`ազգականի ձեռքերով. Դատավորն ինքնաբացարկ պետք է հայտնի

01/05/2019 07:46
Դատավարությունը`ազգականի ձեռքերով. Դատավորն ինքնաբացարկ պետք է հայտնի

Ըստ Քննչական կոմիտեի մեր լրատուների, ավարտվել է, Գեղարքունիքի մարզի, Սարուխանի համայնքապետի կողմից 20 մլն դրամի չարաշահման քր գործի նախաքննությունը և ուղարկվել Գավառի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:


Գործը կքննվի դատավոր Յուրա Իսկոյանի նախագահությամբ: Լուրն ուշագրավ է նրանով, որ դատավոր Յուրա Իսկոյանը համարվում է Սարուխանի համայնքապետ՝ Լյովա Աբրահամյանի մոտիկ ազգականը: Բանն այն է, որ Լ. Աբրահամյանի կնոջ՝ Ելենայի տատը՝ Իսկուհին և դատավոր՝ Յուրա Իսկոյանի մայրը՝ Սոֆիկը հորեղբոր աղջիկներ են:


Հիշեցնենք, որ մեր կայքը նախկինում անդրադարձել էր այս քր. գործին, որով Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանն, ըստ մեր տեղեկատուի, 20 մլն դրամ էր յուրացրել համայնքի բյուջեից՝ մեղքը բարդելով նախկին, Սարուխանի վաղամեռիկ համայնքապետ՝ Հովհաննես Չիչոյանի վրա:


Ըստ մեր հավաստի լրատուների, այս գործին խառնվել են համայնքապետի ղազախստանաբնակ մեծահարուստ բարեկամները, սակայն, քննիչները վախեցել են գործարքին մոտ գնալ՝ պատճառաբանելով, որ քր. գործը հայկական ԶԼՄ-ների՝ HZHAM.am-ի ուշադրության կենտրոնում է:


Համանուն աղբյուրի պնդմամբ՝ այնուամենայնիվ, համայնքապետի զարմիկներին հաջողվել է մակագրել տալ քրգործը բարեկամ դատավոր, սարուխանցի Յուրա Իսկոյանի վրա:


Հ.Գ. 1 Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ ակընդետ հետևելու ենք դատավարության ընթացքին, այդ մասին իրազեկելով հանրությանը:

Հ.Գ.2 Ի դեպ, Գեղարքունիքի մարզի դատարանների նախագահի ու դատախազներից մեկի կալանավորումից հետո, ըստ մարզային մեր աղբյուրների, խոսակցություններ շրջանառվեցին, որ մարզի ամենաարկածային դատավոր Յ. Իսկոյանին էլ է սպասվում նույն ճանապարհը, սակայն սա այլ թեմա է, սրան կանդրադառնանք առանձին հրապարակումով:

Նարինե Հասրաթյան