Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը

25/04/2019 16:14
Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը:

Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության նախկին ղեկավարի դիմումի հիման վրա (եթե այլ տեղեկություն կա, խնդրում եմ մեկնաբանությունում նշել)։

Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։

Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։

Մյուս երեք պահանջներն արդեն քննարկվել էին Սաղաթելյանի վերաբերյալ վճռում։ Չշեղվելով արտահայտված դիրքորոշումներից՝ Դատարանը ընդունել է, որ տեղի է ունեցել՝ (1) Հավաքների ազատության իրավունքի խախտում՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքի դադարեցման կապակցությամբ, և (2) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում՝ այդ հավաքի դադարեցման իրավաչափությունը բողոքարկելու անհնարինության կապակցությամբ։ Այդ կապակցությամբ Խտրականություն դրսևորելու պնդումը թողնվել է առանց քննության»։