Վանեվանի նախրչին՝ հացադուլավոր

11/04/2019 14:05
Վանեվանի նախրչին՝ հացադուլավոր


Այսօր մեր կայքին են դիմել Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի բնակիչները, տեղեկացնելով, որ իրենց համայնքի նախրչի՝ Ատոմ Մկրտչյանը հացադուլ է հայտարարել, ընդդեմ համայնքապետ՝ Նորայր Հարությունյանի:

- Ժամանել են ոստիկանական ուժեր, խնդրում ենք այցելել և լսել մեզ,-խնդրում էին զանգահարողները:

 Համայնքի կենտրոնում հավաքված վանեվանցիները լրագրողներս բողոքեցին, որ համայնքապետը իրենց հողեր չի տրամադրում, ապրելու և իրենց որդիներին՝ նոր տուն կառուցելու համար: Չունեն խմելու ջուր, բնական գազ:

-Համայնքապետը գյուղի  ընտիր 5 հա հողերը իրեն է վերցրել, մենք մնացել ենք այսպես անպաշտպան,-ասում էին գյուղացիները,- Մանկապարտեզ չունենք, բուժկետի լույսն էլ կռվով-դավով տվեց:

Տես՝ տեսանյութը:

Հիշեցնենք, որ Վանեվանը 88-ի համազգային շարժումից հետո վերաբնակեցվել է փախստականներով, ներկայումս ունի 340 բնակիչ եւ 8,5 մլն բյուջե: Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժ կետ, չկա մանկապարտեզ, նախակրթարան:

Պարզաբանում է Վաեվանի համայնքապետը

Երկարաժամկետ գործող համայնքապետ՝ Նորայր Հարությունյանն, ով իր առանձնասենյակից հետևում էր հավաքված գյուղացիների զրույցին՝ ասաց.

 -Համայնքի  հողերն, ի սկզբանե, տրվել են  վարձակալական և սեփականության իրավունքով, ավագանու որոշմամբ և համայնքի համաձայնությամբ: Ներկայումս 110 հա պեմզահողոտ, անօգտագործելի հողեր ունենք, որոնք դիրքով բարձր են, քարքարոտ, արժեքով՝  բարձր: Գյուղացիները հրաժարվում են գնել ու մշակել: Հացադուլավորը, մեր գյուղի նախրչին է, ով 3 անգամ դատապարտված է եղել  բնակարանային գողության և թմրամոլության համար:

-2018թ-ի հունիս-հուլիս ամիսներին, այստեղ ՏԻՄ ընտրություններ եղան, մրցակիցս՝ Էմին Աարգսյանը 30 ձայնով պարտվեց: Ներկա 20 հոգուն նա է հրահրում իմ դեմ,-պարզաբանում էր համայնքապետը,- Մենք բարեկամներ ենք  Էմինի հետ և լավ հարաբերություններ ունենք իրար հետ, թե ինչու՞ է անում այս ամենը, չգիտեմ: Եկեք դուրս գանք, ցույց տամ, նկարեք, թե ինչ պայմաններում է գտնվում համայնքապետարանի շենքը: Տեղական բյուջեն խղճուկ է ու անիրատեսական, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Երբեմնի խաղաղ գյուղն այսօր վերածվել է թամաշայի,-ասաց համայնքապետը մասնավոր զրույցում:

Տես՝ Տեսանյութը:

Հ.Գ. Նշենք նաեւ, որ 2018 ՏԻՄ ընտրություններից հետո, համայնքապետի դեմ, տարբեր պետական ատյաններ բողոք-նամակներ են ուղարկվում, մի քանի ամիս տեւող այս լարվածության հանգուցալուծումը համայնքում չեն տեսնում: