Փշատավան․ Մեղքը լալով՝ պարտքը տալով

11/04/2019 13:41
Փշատավան․ Մեղքը լալով՝ պարտքը տալով


Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչները դժգոհում են իրենց մշակած բերքի իրացումից՝ խաղողը մինչեւ հիմա պահում են սառնարաններում։

-Անցյալ տարի խաղողը չկարողացանք իրացնել, գարնանը բոլոր ծախսերը արել ենք, որ աշնանը ծախենք, բայց չկարողացանք, մնաց լճացավ, ահա նորից սկսվում է մեր չարքաշ օրերը, նեգրի աշխատանքը։ Էդ թավշյա հեղափոխությունը թող ոչ լիներ, ոչ էլ են, մենք ոչինչ չենք զգացել, չնայած, որ ակտիվ մասնակցել ենք։ Մեր՝ բոլորիս տան նաֆարը մեկ մարդու նման պայքարում էինք, աշխատասեր, առողջ մարդիկ ենք, բայց աշխատանք չկա, քցել են մեզ մեր տները մնացել ենք, ոչ թոշակ ունենք, ոչ նպաստ, ոչ աշխատավարձ, դե ապրի։ Հող ենք մշակում, եթե բերքն էլ չի ծախվում, վարկերի ու տոկոսների տակ ենք մնում։ Ասում են սուբսիդ վարկ տվինք գյուղացուն, բայց այնինչ էդ վարկերը 24-22 տոկոսով են տալիս, է ինչի գնալով ավելի խրվում ենք պարտքերի մեջ։ Հեղափոխությունից հետո ասում են գյուղացու վիճակը լավ կլինի, արդեն մեր հավատն էլ է մարում։ խաղողը գալիս տանում են նիսյա, թե կտանք, քյասիբի կով ծանրուկ լինի, երբ ծնի, ծնի։  Է հա՜, հղի, հղի, մենք մեզի զսպենք, բայց մեր քյորփեքը իրենց կզսպա՞ն,-դժգոհում են փշատավանցիները։

Փշատավանում մանկապարտեզի շենքը քանդված վիճակում է, տեղական իշխանությունները տարվա եղանակների նման գալիս-գնում են,  ու ոչ մեկի մտքով անգամ չի անցնում կարգավորել այս կարեւորագույն հարցը։

- Ոչ մի գյուղապետի մտքով չի անցնում մեր էրեխեքի ապագան, իրենց ուսերին չեն ուզում բեռ վերցնեն, բա ուրիշ գյուղերը բյուջե ունե՞ն, որ հա՛մ գործեր են անում, հա՛մ էլ մանկապարտեզներ են աշխատացնում։ Ինչի՞ մեր երեխաներին այսօրվա դրությամբ առնենք ընկնենք էս ու էն հարեւան գյուղերի մանկապարտեզները։ Դա շատ ցավոտ հարց ա մեր համար։ Մշակույթի տուն չկա, ավեր-ավերակ, կյանքը մեռած է, մենակ խանութների նիսյաներն են ավելանում։ Երիտասարդների կյանքը խամրած է, կարելի է ասել, ահա մեր ցավոտ տեղերը։ Տոնական օրերին էլ գյուղապետարանը ում ցանկանում, նրանց է օգնում, նույնիսկ մարտի 8-ին, որ տունը ծանոթ ունենում են, նրանց տուն են ուղարկում մեկ հատիկ ծաղիկ, էսա․․․,- հուսահատ ներկայացնում են մեր զրուցակիցները։

Ըստ փշատավանցիների, քանի որ բերքը չեն կարողանում իրացնել չեն կարողանում պետական հարկերն ու տուրքերը վճարել։

-Բնական աղետներից տուժածներին պետական աջակցություն չկա, Ջանֆիդայում հատուցել են, սերմացու են տվել, բնամթերքներ են տվել, բայց մեր մոտ չի եղել ոչ մի պետական աջակցություն։ Ունենք կուտակված հողի հարկեր, չկա մի տնտեսություն, որ պարտք չունենա։ Եթե կարողանում ենք քիչ- քիչ վճարում ենք, մեղքը լալո՜վ՝ պարտքը տալով, գալիս են գյուղապետարանի աշխատողները գալիս ուզում են, կռվով դավով տալիս ենք, մեր բերաններից կտրում տալիս ենք։ Դե ասեք հմի , որտեղի՞ց ժողովուրդը հարկ մուծա, էս տարի գյուղապետարանը թույներ էլ չի գրում, ուրիշ տարիներ գրում էին արդեն, էլի լավ էր էլի, բերում էին գրվում ստանում էինք, գոնե պարարտանյութերը ստանում էինք, թեկուզ մի երկու կոպեկ էժան էինք առնում,-պատմում են մարդիկ։ 

-Մենք զզվում ենք էս երկրի կառավարությունից ու օրենքներից։ Մեր երկիրն ու ազգը շատ լավ են, սրանք ի՞նչ պետք է անեն, օրենքները պետք է փոխեն, դուրս ենք գալիս պարծենում ենք, որ հայ ենք, բայց մեր երկրում ապրում ենք թշվառության մեջ, մեղավո՞ր ենք մենք, որ հայ ենք ծնվել ու քրիստոնյաներ ենք։ Թող գյուղացուն չխանգարեն, եթե չեն օգնում, գյուղացին ինքն իրեն ավելի լավ կկառավարի ու կապրի,-փախանցեցին փշատավանցիները։