Նոր իշխանությունները հավատարիմ են նախկիններին

08/04/2019 15:23
Նոր իշխանությունները հավատարիմ են նախկիններին

  Արթիկում լուրեր են շրջանառվում, որ  իշխանություններն առաջիկայում համայնքների միավորման ծրագրի շրջանակներում, քաղաքապետ Մխիթար Վարագյանին են բաշխելու Արթիկ քաղաքը, այսինքն տարածաշրջանում քաղաքը կմնա մեկ միավորի կարգավիճակում, իսկ  սահմանակից համայնքները կմիավորվեն փնջային տարբերակով։

Արթիկը Մ․ Վարագյանին սկուտեղի վրա մատուցելու պատճառը  քաղաքապետի  Ղազախստանում ապրող մեծահարուստ եղբայրն է՝ Դավիթ Վարագյանը։ Ըստ տեղացիների, վերջինս օգտվելով իր կարգավիճակից առիթը  բաց չի թողնում, որպեսզի արթիկցիներին ամեն անգամ խոստանա աշխատատեղեր ստեղծել, ներդրումներ անել քաղաքի համար՝ պահպանելով Արթիկի քաղաքապետի աթոռը  վարագյանների համար։

-Հա՝ Հասան քյաչալ, հա՝ քյաչալ Հասան, տարբերությունը ո՞րն է, ներկա ու նախկին իշխանությունների միջեւ, եթե մարզերի գյուղերի ու քաղաքների սահմաններին գիծ են քաշում ու նվիրում փողատերերին։ Փոխանակ մտածեն, թե ինչպես օգնեն մարդկանց տոննաներով մշակած կարտոֆիլն, բազուկը, ցորենն ու գազարը իրացնեն, որ այսօր մնացել է ամբարներում նեխում է, համայնքներ են խոշորացնում։ Հասկանում ենք խոշորացրեք, բայց նախ օգնեք ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ այսօր աշխատել են, բայց հացի փողին կակա են ասում։ Նոր Հայաստան, նոր ղեկավարներ, եկել  են ու ինչքան լափ լցնեն շներին կատուներին, մինչեւ կշտանան, որ ժողովրդին հետո նայեն, մարդկանց 40 տոկոսը սոված է։ Մենք Դավիթ չունենք գնանք մեռնե՞նք։ Նիկոլ Փաշինյանին կխնդրենք, որ մեզ փող տա փախնինք ռուսաստաններ աշխատենք, մնանք էլ ի՞նչ անենք, Ռուսաստանն էլ չեղնի սովից կմեռնենք, էլի գնում ենք աշխատում իրար օգնում ենք, որ ապրենք։ Աշխատանք չունենալու պատճառով հայ ազգը հալավ գնաց աշխարհի մեջ, ուզած չուզած պետք է օտարության ճամփան բռնենք։ Վինուժդեն, երեխա պահելու համար ռուսական պասպորտ ենք վերցնում, որ տուն պահենք,-վրդովված պատմում են մարդիկ։

Ի դեպ, արթիկցիները հաստատելով քաղաքում պտտվող խոսակցությունները, որ համայնքների միավորման դեպքում Արթիկ քաղաքը ի դեմս Դ․ Վարագյանի կմնա մեկ միավորի կարգավիճակում, այս լուրերը տարածողը հիմնականում Մխիթար Վարագյանն է։ Քաղաքացիներին ուղղված հարցին, թե որն է նպատակը մարդիկ զարմացած ուսերը թոթվելով ասում են։

-Մխոյի հերթական ավանտյուրան է,  մենք էլ չենք հասկնա ինչ կենե։