Քաղաքացիները հուսահատված են` հեղափոխության ակնկալիքները չիրականացան

05/04/2019 23:41
Քաղաքացիները հուսահատված են` հեղափոխության ակնկալիքները չիրականացան

Ո՞վ է ասում, որ ՀՀ շարքային քաղաքացիների կյանքում <թավշյա հեղափոխություն> կոչվածից հետո ինչ-որ բան է փոխվել, օրինակ` սահմանամերձ ճամբարակցիները  պատմում էին, որ բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց մասին զգուշությամբ էին արտահայտվում։ Անհանգստանալով, որ պատասխանատվության կենթարկվեն`անհայտ հասցեատերերի կողմից։

-Ով աշխատանք ունի նա էլ ապրում է, իսկ գործազուրկներն ու ծերերը թշվառության մեջ են մնացել։ Շրջեք նայեք, թե քանի դուռ է փակված մեր մոտ, ու Աստված չանի գա այն օրը, երբ յուրաքանչյուրս ստիպված կողպեք կդնենք մեր դռներին ու կգնանք։ Սահման պահող ենք, ուր թողնենք գնանք, ամեն օր կրակոցների տակ վախից ժողովուրդը ինչ հիվանդություններ ասես ձեռք բերեց։ Գոնե լավ էր մեր հիվանդանոցը վերանորոգվեց, մնում է մի քանի բժիշկ մասնագետների հարցն էլ լուծվի, որ էս հիվանդ մարդկանց կարողանան տեղում բժշկեն։ Իսկ անարդարությունները դեռ շարունակվում են, մի թղթի համար էնքան կտանեն կբերեն, մինչեւ մարդուն ինֆարկտի հասցնեն։ Նույնիսկ սարսափով ենք մտածում այն մասին, որ ճարահատյալ կլքենք մեր տները հանուն մի բանի, որ կարողանանք ընտանիք պահել։ Չենք ուզում շատ բաներ պատմենք, կգան թեւերներս կոլորեն կտանեն,-պատմում են թշնամու հետ ամենաերկար սահման ումեցող տարածաշրջանի ժողովուրդը։


-ճամբարակի ծայրամասերում անբարեկարգ ճանապարհների պատճառով չենք կարողանում անց ու դարձ անենք, շենքերի կոյուղագծերը քայքայված, վթարների համար ում դիմում ենք չեն արձագանքում, իսկ մեր նամակները ամիսներով մնում են անպատասխան։ Դպրոցների, մանկապարտեզների վիճակը նույնպես մտահոգիչ է, ինչքան էլ տաքացնեն, բայց, որ վերանորոգված չեն լիարժեք չեն տաքանում։ Քաղաքը չի զարգանում, սա քաղա՞ք է, կով ու անասուն ենք պահում, որ սովից չմեռնենք, ով ոնց կարողանում է իր գոյությունն է պահում,-տրտնջալով ասում են մարդիկ։


Միավորված Ճամբարակի սահմանակից բնակավայրերում եւս դժգոհում են քաղաքացիները, կարծիքներ հայտնելով, որ թեեւ փոքրիկ, բայց իրենց ծննդավայր գյուղերը համայնքների միավորման արդյունքում ավելի անտեսված են մնացել։

-Ամեն մեկն իր մասին կմտածի առաջինը, հետո ինչ մնաց տակը կտա հարեւանին, մեր գյուղերն ու մենք այդ կարգավիճակում ենք հիմա։ Դեռ մի բան էլ վատ, թե մի արժեքավոր բան ունեինք գյուղերում դա էլ է կամաց-կամաց փոշիանում, հավասարվում է հողին,-ներկայացրեցին գյուղերի բնակիչները։

Մանրամասները` տեսանյութում: