Այս հեղափոխությունը նախկին ռեժիմի երկու թևերի միջև պատերազմ է

05/04/2019 20:22
Այս հեղափոխությունը նախկին ռեժիմի երկու թևերի միջև պատերազմ է



Մինչև այս՝ իբր հեղափոխությունը, երկրում կար հաստատված ռեժիմ։ Ամեն ոլորտ իր շրջանակների մեջ էր, ամեն մի գործունեություն ուներ իր մազանդեն, ամեն մի ոլորտում գոյություն ունեին գործուղության մեխանիզմներ՝ կոռուպցիոն սխեմա և այլն։ Որպեսզի բոլոր ոլորտներին չանրադառնանք՝ վերցնենք մի ոլորտ, օրինակ՝ գիտակրթական ոլորտը։

Այս ոլորտում ամեն քայլ, ամեն մի գործ և ամեն մի արարք ուներ իր սահմանված թիվը՝ ուսուցիչ աշխատելու համար ինչ-որ մի թիվ կար, որը պետք է տրվեր տնօրենին, տնօրենը մի մասը տալիս էր ուրիշի, նա՝ նրան, նա էլ՝ նրան։ Կային հստակ թվեր՝ դիպլոմն ի՞նչ արժե, դպրոցական ավարտականն ի՞նչ արժե, մանկապարտեզի դայակը ի՞նչ արժե թալանով և ինչ արժե՝ առանց թալանի։

Շատ չխորանամ՝ հուսալով, որ հասկացաք, թե ինչի մասին եմ խոսում։ Այսինքն կար ոլորտ՝ իր կոռուպցիոն սխեմաներով, ադաթներով ու դրվածքներով։ ԵՎ այս սխեման գործում էր ամբողջ հանրապետությունում։

Քանի որ ինքը պետական սխեմա էր՝ հաստատված կենտրոնից, այն հավասարապես պետք է գործեր և գործում էր հանրապետության բոլոր մարզերում և բոլոր քաղաքներում։

Բայց այս մեկ տարում պարզ դարձավ, որ այս սխեման գործել է Հայաստանի երկու՝ Արարատի և Շիրակի մարզերում, Արմավիրի մի հատվածում և Երևանի կենտրոնում։ Փաստորեն Երևանի ոչ մի թաղամասում այդ կոռուպցիոն սխեման չի գործել՝ բացառությամբ կենտրոնի և չի գործել ասենք օրինակ՝ Սյունիքի մարզում։ Դուք պատկերացնում եք, որ Լիսկայի ղեկավարած Սյունիքի մարզում ամեն ինչ արդար ու իստակ է եղել։

Մի պահ թվում է, որ Հայաստանում դպրոցներ, մանկապարտեզներ, ԲՈւՀ,մարզպետարանների ու քաղաքապետարանների կրթական բաժինները եղել են միայն Արարատի և Շիրակի մարզերում։ Ինչու՞ եմ ես այսպես մտածում. այսպես եմ մտածում, որովհետև այս մեկ տարվա ընթացքում բոլոր ոլորտների և ոչ միայն կրթական էլի, բոլոր ոլորտների կոռուպցիոն բացայայտումների, պետական դիրքի չարաշահումների, բոլոր անօրինությունների և բոլոր տեսակի ալան-թալանների բացահայտումների 90 տոկոսը բաժին են ընկնում այս մարզերին։

Մի պահ կարող եք ասել` ի՞նչ կա որ, գուցե այդ մարզերի նորանշանակ մարզպետները բոլորից լավ են աշխատում, կամ միայն իրենք են աշխատում։ Նախ՝ նշենք, որ այդ երկու մարզպետները լինելով երիտասարդ և անփորձ (չեմ խոսում նրանց ուղեղի փայլատակումների մասին՝ թռչող կոկորդիլոս և այլն) չէին կարող ավելի լավ աշխատել, քան հազար անգամ ավելի մեծ փորձ ունեցող՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, որի ղեկավարած մարզում՝ պարզվում է, Շվեդիայի օրենքներ ու օրինականություն է եղել։

Եկեք մի հատ ուսումնասիրենք նշված մարզերը.

Արարատի մարզի թագավորը՝ տեր ու տնօրենը Հովիկ Աբրահամյանն է եղել, որը ՀՀԿ ից հեռացավ(կամ հեռացրեցին) վիրավորված, որի եղբոր գլխին գործ սարքեցին և որը ամեն վայրկյան կարող է փոխել իր քաղաքական օրիենտացիան և իր ունեցած մարզային լծակներով ու ռեսուրսներով կանգնել ասենք՝ Քոչարյանի կողքին։ Սա հաշվի առնելով՝ Արարատի մարզում թևերը կտրում են։

Շիրակի մարզ. այս մարզում մեր բոլոր ղեկավարներից ամենաշատ հարգանքը ունի Քոչարյանը։ Չգիտեմ՝ ի սրտե, թե՞ ճակատագրի բերումով, այս մարզում եթե մի գործ արվել է՝ արվել է Քոչարյանի օրոք և եթե ընտրության հարց առաջանա, մարզի քաղաքական զանգվածը՝ շատ արագ կկանգնի Քոչարյանի կողքին։

Ամենահետաքրքիրը Արմավիրի մարզն է. Համապետական կոռուպցիոն և թալանի սխեմաները, պարզվում է, գործել են մարզի՝ միայն Մանվել Գրիգորյանի տիրապետության տակ գտնվող հատվածում։ Պարզ է, որ այստեղ էլ Մանվելի թևերն են կտրում։

Երևանի կենտրոնի մասին չեմ կարող ասել. կենտրոնի տիրակալ Բեգլարյանը որքանով է խանգարում և ինչ կապերի մեջ է Քոչարյանի հետ, որ թևերը կտրում են։

Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս մեկ տարում, պաշտոնից հեռացվել, ունեզրկվել և քրեական բեռի տակ մտել են Քոչարյանի շրջապատից, կամ շրջապատին հարող մարդիկ, գալիս եմ եզրահանգման.

-Այս հեղափոխությունը նախկին ռեժիմի երկու թևերի միջև պատերազմ է, որտեղ Նիկոլը հանդես է գալիս՝ ընդամենը, որպես մի գնդացիր… ճիշտ է՝ ստվոլը հաճախ է տաքանում և երբեմն լռվում է, բայց ինչ-որ մեկի ձեռքին գնդացիրից այն կողմ չի անցնում…

ՀԵՂԻՆԱԿ