Գորիսի պետական համալսարանի հին թնջուկը և նոր ժամանակները

03/04/2019 16:46
Գորիսի պետական համալսարանի հին թնջուկը և նոր ժամանակները

Գորիսի պետական համալսարանի հին թնջուկը և նոր ժամանակները

 

Հոդվածի նախապատմությունը. ԳՊՀ Արհմիութենական կազմակերպության նախագահ Հ. Հովսեփյանը 28.02.2019թ. դիմել էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին ԳՊՀ Խորհրդի ձևավորման անօրինականությունների հարցով։ ԳՊՀ Խորհրդի նորընտիր նախագահ Կ. Հովհաննիսյանը, ստանալով ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի գրությունը, 16.03.2019թ. ԳՊՀ-ում հրավիրել է հանդիպում Գիտական խորհրդի անդամների հետ (Գիտական խորհրդի 28 անդամներից ներկա է եղել 15-ը)՝ պարզաբանելու նամակում արծարծված խնդիրները, որից հետո 20.03.2019թ. ԿԳ նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին ներկայացրել է պարզաբանումներ։

Փորձեմ ես ներկայացնել ԳՊՀ Խորհրդի նախագահի՝ ԿԳ  նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին ուղղված գրությունը, ապա տալ յուրաքանչյուր ասվածի պարզաբանումը։

ԳՊՀ Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանը գրում է.

«Ի հակառակ Հ. Հովսեփյանի պնդմանը, թե ԳՊՀ ֆակուլտետներում և ստորաբաժանումներում չեն քննարկվել համալսարանի կառավարման խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման հարցերը...»։

Պարզաբանում.

Հ. Հովսեփյանը ճի՛շտ է ասել, որ ԳՊՀ ֆակուլտետներում և ստորաբաժանումներում չեն քննարկվել համալսարանի Խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման հարցերը։ Խոսքը վերաբերում է ոչ թե ներկայիս Խորհրդի կազմին, ինչպես շփոթեցնելու համար փորձում է ներկայացնել համալսարանի ղեկավարությունը, այլ 2016թ. փետրվարի 17-ին նախկին մարզպետ, ԳՊՀ Խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանի ներկայացրած և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի 77-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի կազմին, ինչպես և՝ 2017թ. փետրվարի 3-ի N87-Ա որոշմանը։ Վստահեցնում ենք, որ  համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրումներ չեն եղել, և ստորաբաժանումներում չկան և Գիտական խորհրդին չեն ներկայացվել համապատասխան հիմքեր։ Կա միայն Գիտխորհրդի արձանագրությունը, բայց չկան ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներին վերաբերող հիմքեր-փաստաթղթեր։ Այս հարցը բազմիցս բարձրացվել է, բայց, չգիտես ինչու, ուշադրության չի արժանացել։ Եթե այժմ հրապարակ բերվեն նման հիմքեր, ապա դրանք կեղծված են։

ԳՊՀ Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանը շարունակում է.

«...ԳՊՀ կողմից ներկայացվել են ֆակուլտետներում և ուսանողական խորհուրդներում այդ քննարկումների և առաջադրումների մասին նիստերի արձանագրությունների քաղվածքները (կցվում է)։ Վերոհիշյալ հանդիպման մասնակիցները ևս հավաստեցին նման քննարկումների և ընտրության կայացման փաստը».

Պարզաբանում.

Այժմ նոր Խորհրդի մասին, որը հաստատվել է ՀՀ վարչապետի 17.01.2019թ., 39-Ա որոշմամբ: Նշենք, որ գործող Խորհրդի կազմի անդամների առաջադրման վերաբերյալ իրոք եղել են քննարկումներ 3 ստորաբաժանումներում։ Հիմա անդրադառնանք կցված արձանագրությունների քաղվածքներին։

Ա. ըստ Արտաքին կապերի և համագործակցության բաժնի 2018թ. հոկտեմբերի 23- թիվ 1 նիստի քաղվածքի՝ Խորհրդի անդամության թեկնածու առաջադրվել է Ն. Սաֆարյանը, ում բաց քվեարկությամբ միաձայն առաջադրել են նույն բաժնի աշխատակիցներ ներկայացված, բայց այլ ստորաբաժանումներում աշխատող մարդիկ՝ Թ. Օհանյան (Կրթության որակի ապահովման բաժնի աշխատակից), Վ. Շալունց (գրադարանի վարիչ), Ա. Ջավահիրյան (Տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի գործավար) և այլն։

Բ. Ուսանողական խորհրդի ներկայացրած արձանագրության մեջ նշվում է անուն (արտահայտվողների մեջ)՝ Բելլա Պետրոսյան, որը, սակայն, չի մասնակցել նիստին և ընդհանրապես չի հրավիրվել նաև ֆակուլտետային  ուսանողական խորհրդի նիստին, որտեղ առաջադրվել են ուսանողական համակազմից ներկայացուցիչներ։ Ի դեպ, նույն անձը 5 տարի ժամկետով ընտրված է եղել որպես Խորհրդի անդամ և նույն ժամանակաշրջանում համարվում էր ուսանող։ Ըստ ներկայացված պարզաբանումների՝ առաջադրումները իրականացվել են՝ հաշվի առնելով ուսանողների առաջադիմության և հասարակական ակտիվության սկզբունքը, բայց վերոնշյալ ուսանողի դեպքում անտեսվել են նաև այդ հանգամանքները։

ԳՊՀ Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանը գրում է.

«Ինչ վերաբերում է ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից 3 անդամների կարգավիճակը պահպանելու որոշմանը, ապա նման առաջարկը ձևավորվել է ԿԳ նախարարի 07.09.2018թ. ՀՀ բուհերի ռեկտորներին ուղղված գրության հիման վրա, որտեղ առաջարկվում է քննարկել նաև կառավարման խորհրդում առաջադրված անդամների հնարավոր փոփոխության հարցը (ընդգծումը՝ Կ. Հովհաննիսյանի)»։

Պարզաբանում.

ԿԳ նախարարի «Գրությունը» մեկնաբանվում է կամայականորեն։ Մի դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմում պահպանում են խախտումներով ձևավորված նախկին Խորհրդի 3 անդամներին (այս մասին տե՛ս ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ),  մյուս դեպքում, որ վերաբերում է ուսանողական համակազմին, չեն պահպանում նախկին Խորհրդի կազմում 5 տարի ժամկետով ընտրված անդամներին։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

1.   Ա. Ղուկասյանը ռեկտորի պաշտոնակատար նշանակվել է 2016թ. փետրվարի 15-ին, իսկ 2016թ. փետրվարի 17-ին նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի ներկայացմամբ և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի 77-Ա որոշմամբ ԳՊՀ Խորհրդի կազմում խախտումներով փոփոխություններ են կատարվել: Հարգարժա՛ն պարոնայք, ռեկտորը ԿԳ նախարարին ուղղված 04.02.2019թ. գրության մեջ նշում է, որ ինքը 2016թ. փետրվարի 17-ի՝ Խորհրդի կազմի փոփոխության հետ կապ չունի, «ռեկտոր չի եղել և չի համակարգել այդ գործընթացը»: Ռեկտորի կողմից «2015-2016 ուստարվա» վկայակոչման փաստը շրջանցելու միջոց է. խոսքը վերաբերում է ոչ թե ուստարվան, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ 2016թ. փետրվարի 17-ի դրությամբ ինքը ռեկտորի պաշտոնակատար էր, և Ս. Խաչատրյանի հետ միասին են նշանակել Խորհրդի իրենց թեկնածուներին՝ Թ. Մարությանին և Ս. Հայրապետյանին, ովքեր որևէ ստորաբաժանումից չեն առաջադրվել ո՛չ 2016թ., ո՛չ 2017թ. և ո՛չ էլ 2018թ.: Այս մասին կարող են հաստատել բոլոր այն չորս դեկանները, որոնց Ա. Ղուկասյանը ԳՊՀ գալուց ընդամենը երկու ամիս հետո անհիմն ազատեց աշխատանքից, իսկ հետագայի համար նաև՝ ֆակուլտետների խորհրդի անդամները և գոյություն չունեցող «փաստաթուղթը»: Հավելենք նաև, որ նույն ժամանակ պրոֆեսորադասախոսական համակազմից առանց առաջադրման Խորհրդի անդամ Թ. Մարությանի և Ս. Հայրապետյանի նշանակելուց բացի   ուսումնական տարվա կեսին Խորհրդի ուսանողական համակազմի 6 ընտրված անդամներին նույնպես փոխարինել են նոր անդամներով: Համալսարանի ԳՊՀ Խորհրդի նախագահը և լիազոր մարմինը չեն կարող աչք փակել այս «վաղեմության» վրա, որովհետև նույն անձինք շարունակում են լինել Խորհրդի անդամ ցայսօր՝ առանց որևէ ստորաբաժանումից ստացած երաշխավորության: Եվ սա այն դեպքում, երբ 2016թ. փետրվարից հետո երկու անգամ փոփոխություն է կատարվել Խորհրդի ուսանողական և դասախոսական համակազմում:

2. 2018թ. հոկտեմբերի 25-ին կայացած ԳՊՀ Գիտական խորհուրդը (արձ. թիվ 7) հետաքրքիր որոշում է  ընդունել. 1. «Առաջարկություն ներկայացնել ԿԳ նախարարություն՝ ՀՀ վարչապետի 2017թ. փետրվարի 3-ի N87-Ա որոշմամբ հաստատված ԳՊՀ Խորհրդի կազմում պահպանել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացնող երեք անդամների կարգավիճակը։ 2. ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրված ԳՊՀ Խորհրդի անդամության վեց թեկնածուներին երաշխավորել և ներկայացնել ՀՀ ԿԳՆ՝ հնարավորության դեպքում Խորհրդի կազմում առկա թափուր տեղերը լրացնելու համար»։ Այդ որոշումներից պարզ երևում է, որ ընտրություն չի եղել։ Եթե կանոնակարգը պահանջում է 6 անդամ, ինչո՞ւ ներկայացնել 9 անդամների։ Այս անհասկանալի որոշման մասին պատասխանում նշել է ԳՊՀ Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանը։ ԳՊՀ Գիտական խորհուրդը և լիազոր մարմինը իրավունք չունեն նախկին խախտումներով ընտրված խորհրդի անդամներից պահելու 3-ին և պրոֆեսորադասախոսական կազմից 6-ին ներկայացնելու։ Վերջին հաշվով՝ առաջարկությունն ու ընտրությունը տարբեր են։ Բացի այդ՝ դա համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի իրավունքն է, որը ոտնահարվել է։

ԳՊՀ Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանը շարունակում է պարբերությունը.

«Այնուհանդերձ, անհասկանալի է մնում ԳՊՀ Գիտական խորհրդի կողմից պրոֆեսորադասախոսական կազմից 9 անդամների առաջադրման հարցը, եթե ԳՊՀ Կանոնադրության 17 կետի 1-ին ենթակետով ԳՊՀ Կառավարման խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների թիվը սահմանված է 6 ներկայացուցիչ։ Այս հարցը ևս քննարկվեց հանդիպման ընթացքում, սակայն որևէ պարզաբանում չտրվեց»։

Պարզաբանում.

Ակնհայտ է, որ ԳՊՀ Գիտական խորհրդի 25.10.2018թ. թիվ 7 նիստում Խորհրդի անդամների ընտրություն չի եղել։ Դրա մասին է վկայում նիստի արձանագրությունը, որտեղ ընտրությունների վերաբերյալ որևէ տող չկա։ Կարծում ենք՝ Խորհրդի նախագահի համար դժվար չէր պարզելու՝ ընտրություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Կարող էր ընդամենը մեկ հարց տալ. «Քանի՞սն են քվեարկել «կողմ», քանիսը «դեմ» այս կամ այն թեկնածուին»։ Արդյո՞ք Խորհրդի նախագահը չի նկատել, որ ռեկտորն է թելադրում, թե համալսարանի պրֆեսորադասախոսական և ուսանողական համակազմից ովքեր պետք է առաջադրվեն, որը նախկին իշխանությունների վատագույն սովորույթներից մեկն էր։

ԳՊՀ Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանը վերջաբանում է.

«Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ այսօրինակ խնդիրներից խուսափելու համար կարևոր եմ համարում և ակնկալում եմ Ձեր աջակցությունը ԳՊՀ կառուցվածքային մարմինների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը բարելավելու ուղղությամբ»։

Հակադարձում.

Իհարկե, անհրաժեշտություն կա ԳՊՀ կանոնակարգերում փոփոխություններ անելու, ավելին, նոր կանոնակարգեր ստեղծելու, բայց պարոն Ա. Ղուկասյանի ղեկավարությամբ փաստաթղթերը, նաև համալսարանական ցանկացած գործընթաց «բարելավում» անվան տակ հարմարեցվում են սեփական շահերին ու կամայականություններին։ Օրինակ՝ «ԳՊՀ-ի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգում» բարելավելու քողի տակ կատարվել  են փոփոխություններ (հնում՝  գրված էր. «Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան»։ Այս դրույթը ամրագրված է նաև ԳՊՀ «Կանոնադրության» մեջ (կետ 54)։ Նոր՝ 27.12.2018թ., փոփոխված կարգում՝  կարդում ենք. «Դեկան կարող է ընտրվել գիտությունների դոկտորի (պրոֆեսորի) գիտական աստիճան (կոչում) կամ գիտությունների թեկնածուի (դոցենտի) գիտական աստիճան (կոչում) ունեցող անձը...», որը հակասում է ԳՊՀ «Կանոնադրության» (հաստատված՝ 8.11.2012թ.N 1395-Ն) նշված կետին, իսկ «Կանոնադրությունը» կարող է փոփոխվել միայն ՀՀ կառավարության որոշմամբ)։ Սա ինչպե՞ս հասկանալ՝ անտեղյակությո՞ւն է, թե՞ խորամանկություն: Ի դեպ, այս հիմունքով ռեկտորը համալսարանում նշանակել է երկու դեկանների այն դեպքում, երբ ֆակուլտետներն ունեն թեկնածուի աստիճան և դոցենտի կոչում ունեցող դասախոսներ, իսկ մի մասն էլ ռեկտորի թեթև ձեռքով հայտնվել է դրսում: Այսքանից հետևություն՝ արդյո՞ք ակնբախ անօրինականությունը պետք է քողարկվի օրենք-կարգեր փոխելով։

Հ.Գ., որ չի վերաբերում ԳՊՀ Խորհրդի նախագահի գրությանը:

«Հայկական ժամ» կայքում այսպիսի հոդված կար՝ «ԳՊՀ ռեկտորի հերթական կամայականությունները», որին արձագանքել էր ԿԳ նախարարությունը և ռեկտոր Ա. Ղուկասյանին առաջարկել քննարկել այն: Վերջինս, սակայն, չի քննարկել այն համալսարանի համապատասխան խորհուրդներում, այլ մակագրել է գիտխորհրդի քարտուղարին, կազմել մի զրախոսական նամակ ու գաղտագողի ուղարկել ԿԳ նախարարություն: Մոտ 5 էջից բաղկացած այդ նամակը (04.02.2019, N01-19/21) տրամադրվել է նաև Խորհրդի նախագահ Կ. Հովհաննիսյանին, ով կարող էր ոչ թե հավատալ զրպարտագրության բովանդակությանը, այլ հրավիրել կառավարման խորհրդի նիստ՝ քննարկելու համալսարանում առկա խնդիրները, բարձրացնելու հարցեր՝ ինչու 7 գիտությունների թեկնածու, դոցենտներ դուրս են մնացել համալսարանից, ինչո՞ւ ԳՊՀ Արհկոմիտեն դատի է տվել գործատու Ա. Ղուկասյանին, ինչու են դատարանները վերացնում Ա. Ղուկասյանի անօրինական հրամանները, ի՞նչ ապագա ունի գիտությունը Գորիսի համալսարանում… Եվ վերջապես՝ ի՞նչ է սպասվում Գորիսի պետական համալսարանին…

Եզրահանգում. կարծում ենք՝ ՀՀ կրթական համակարգի համար ավելորդ են խորհուրդների ինստիտուտները: Խորհուրդները ձևավորվում են ռեկտորների և տնօրենների ցանկությամբ, այսինքն՝ խորհուրդները կռվան են՝ այլակուսակցական կամ գաղափարական ազատ տեղաշարժերը Հայաստանի Հանրապետությունում կանխելու  համար:

Բ.գ.թ., դոցենտ՝ Մ. Քումունց