Արցախը Հայաստան է… բայց ո՛չ Հայաստանի Հանրապետություն…

01/04/2019 15:03
Արցախը Հայաստան է… բայց ո՛չ Հայաստանի Հանրապետություն…

Գուցե շատերը՝ մթագնած ազգայնական գաղափարախոսությամբ, այս երկու բառակապակցությունների միջև տարբերություն չեն տեսնում, բայց տարբերություն, այնուամենայնիվ, կա։

Մի 10-15 տարի առաջ՝ կոնկրետ չեմ հիշում, թե երբ, Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում հաղորդավար ԲՀԿ-ական Արամը, ցավոք ազգանունը չեմ հիշում (սա գիտեք՝ ո՞վ է. մի անգամ երբ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին հաղորդման վերջում, որ ասել էր՝ ինչով կարող եմ Ձեզ ծառայել) ահա այս ապուշը՝ ոչ բարով պատմաբան հորջորջվող, հավաքել էր իր նման մի քանի ապուշների՝ Հմայակ Հովհաննիսյան և այլն, և մեկ ժամից ավել խոսում էին Արցախյան հակամարտությունից։ Ամբողջ հաղորդման ընթացքում փորձում էին ներկայացնել հակամարտության տիպաբանությունը։

Սկսեցին էթնիկ կոնֆլիկտ տարբերակից, հետո որոշեցին որ դա կրոնական կոնֆլիկտ է և վերջում կանգ առան կա՛մ մշակութային, կա՛մ քաղաքակրթական կոնֆլիկտի վրա։ Լավ չեմ հիշում՝ այս երկու կոնֆլիկտներից ո՞ր մեկի վրա կանգ առան, բայց բացի սեռական կոնֆլիկտից, շոշափեցին մարդկությանը հայտնի բոլոր տիպի, ձևի և բնույթի կոնֆլիկտները, բայց չգիտես թե ինչու ազգ-պետություն (քաղաքական) կոնֆլիկտին չանրադարձան։

Թարսի պես, այդ տարի հետաքրքրված էի կոնֆլիկտաբանությամբ և մի լավ հոդված էի գրել, բայց ռիսկ չարեցի հրապարակել՝ մտածելով, որ գուցե պետական քաղաքականությունը պահանջում է, որ քաղաքական կոնֆլիկտը ներկայացվի որպես էթնիկ՝ ազգամիջյան։

Ես չգիտեմ, թե տարիներ ի վեր ու՞մ է ձեռնտու եղել, որ արցախյան կոնֆլիկտը արհեստական ներկայացվի ազգամիջյան, բայց վստահ կարող եմ ասել և դրանում Դուք էլ կարող եք համոզվել՝ կարդալով կոնֆլիկտաբանությանն առնչվող մի քանի գրականություն, որ արցախյան կոնֆլիկտը դա դասական ազգ-պետություն (քաղաքական) կոնֆլիկտ է, որն՝ իր տիպաբանությամբ, նման է ռուս-չեչենական, հյուսիս-իռլանդական կոնֆլիկտին և այդքան էլ նման չէ արաբ-իսրայելական, կամ օս-ինգուշական՝ ազգամիջյան կոնֆլիկտներին։

Չանրադառնալով էթնիկ կոնֆլիկտների տիպին՝ ներկայացնեմ ազգ-պետություն կոնֆլիկտի էությունը։

Ազգ-պետություն կոնֆլիկտը նա է, որ կոնֆլիկտը ոչ թե երկու ազգերի միջև է, այլ ազգի և պետության:

Կոնֆլիկտի մի կողմում հանդես է գալիս մի ազգ, կամ ազգի մի հատված, իսկ մյուս կողմում՝ այն պետական ապարատը, որի իշխանությունը, ղեկավարումը և այլն, տվյալ ազգին չի բավարարում և վերջինս չի ցանկանում գործ ունենալ այդ պետական ապարատի հետ և որոշում է՝ կա՛մ անկախանալ, կա՛մ մտնել այլ պետական ապարատի իշխանության տակ։

Այլ բան է, որ շատերի մոտ դա չի ստացվում և կոնֆլիկտում հաղթում է պետական ապարատը, ինչպես օրինակ՝ ռուս-չեչենական կոնֆլիկտում, բայց մեր դեպքում այլ է՝ կոնֆլիկտում հաղթել է ազգը, թեև սրանից կոնֆլիկտի բնույթը չի փոխվում։

Եվ այսպես՝ 1988թ. փետրվարի 20-ին, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում` ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին` նրա կազմից դուրս գալու մասին, Հայստանի Գերագույն խորհրդին` նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ` այդ դիմումը բավարարելու մասին` հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:

Պարզ է չէ՞, որ այստեղ երկու ազգերի միջև կոնֆլիկտի մասին խոսք գնալ չի կարող։ Կոնֆլիկտի մի կողմում կանգնած է ազգը, կամ ազգի մի հատվածը, տվյալ դեպքում՝ արցախահայությունը, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանի ԽՍՀ պետական ապարատը և կոնֆլիկտի մի կողմը՝ ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, առանց մի որևէ իրավական նորմ խախտելու, շատ արդարացի պահանջ է դրել, շատ ճիշտ և խելացի քայլեր անելով՝ հետագայում նաև 1991թ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով՝ կրկին ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան, հռչակել է իր անկախությունը և այս կոնֆլիկտում հասել է հաջողության, որպես կոնֆլիկտի կողմ՝ ազգ-ընդդեմ կոնֆլիկտի մյուս կողմի՝ Ադրբեջանի ԽՍՀ, հետագայում՝ նրա իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետության։

Հիմա պարզ է չէ՞ որ արցախյան կոնֆլիկտը դա քաղաքական, ասել կուզե՝ դասական ազգ-պետություն կոնֆլիկտ է և շատ քիչ է աղերսվում ազգամիջյան՝ երկու, կամ ավել ազգերի միջև կոնֆլիկտների հետ։ Բայց այսքանը ինչու՞ գրեցի և ի՞նչ կապ ունի մեր թեմայի վերնագրի հետ։

Շատ հետաքրքիր իրավիճակ է.

Տեսեք՝ թեև հակամարտող կողմերը արցախահայությունը (անկախության հռչակումից հետո Արցախ) ու Ադրբեջանն են, բայց որպես բանակցային կողմեր հանդես են գալիս Հայաստանը և Ադրբեջանը, որտեղ հակամարտող կողմը՝ Արցախը չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, գալիս են ինչ-որ մի հայտարարի, որից շատ հեշտությամբ հրաժարվում է Արցախը՝ դա բացատրելով նրանով, որ ինքն է հակամարտության կողմը՝ ի՞նչ Հայաստան, ի՞նչ բան։

Նման իրավիճակում Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ չի սկսում, քանզի համաշխարհային հանրությունը նրան կդիտեի որպես ագրեսոր…

Հայաստանը խելոք իր համար բանակցային կողմ է և դու անարդարացի պատերազմ ես սկսում նրա դեմ։

Հետո գալիս է Ռոբերտ Քոչարյանը, հայտարարում է, որ Արցախի փոխարեն նույնպես կարող է բանակցել, տարիները ձգվում են և կրկին Ադրբեջանի համար առաջընթաց չկա՝ Արցախը կրկին հրաժարվում է Հայաստանի համաձայնություններից՝ նշելով, որ կոնֆլիկտի կողմը ինքն է, իսկ ինքն էլ չկա բանակցություններում։

Եվ այսպես, 25 տարի աշխարհին շատ հաջող ֆռացրել ենք և մի 25 տարի էլ կարելի է ֆռացնել, իհարկե, եթե ծռերը մի քիչ էլ դիվանագիտությանը լուրջ մոտենան, այլ ոչ թե միայն զենքին ու զինատեսակներին։

Ես չգիտեմ՝ այս դիվանագիտական ցուգցվանգ տրյուկն առաջին անգամ ո՞վ է մտածել, բայց մտածողը հանճար է և արցախյան հակամարտության՝ մեզ համար հաջող ընթացքը մեծապես պայմանավորված է եղել այս հանճարեղ տրյուկով։

Այն մարդիկ, կամ ազգայնական, քաղաքական ուժերը ովքե՞ր կողմ են (այս պահին) Արցախի՝ Հայաստանի մարզ դառնալուն, պետք է գիտակցեն, որ նման քայլով առանց այդ էլ Նիկոլի էշություններից ու ազգի բաժանություններից հյուծված Հայաստանին օդից ու արհեստական բանակցային կողմից վեր են ածում հակամարտող կողմի։

Կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ տարրական մի բան՝ կա կոնֆլիկտ և Արցախի ձեռքում է և եթե Արցախը մտնում է Հայաստանի կազմի մեջ՝ ավտոմատ, այդ հակամարտող կողմը դառնում է Հայաստանը։ Իսկ ի՞նչ վտանգներ է դա իր մեջ պարունակում.

ԱդրբեջանՆ, այժմ, շատ հանգիստ կարող է միջազգային հանրության աչքերում արդեն արդարացված հպատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Պատերազմ, որի ընթացքում աշխարհը ստիպված կլինի եթե ոչ արդարացնել, ապա գոնե չքննադատել Ադրբեջանի գործողությունները, քանզի աշխարհը, նախ՝

1.մեծամասամբ կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ 2.նավթագազային պայմանագրեր ունի կնքած նրա հետ և այլն։


Բայց այստեղ մի թաքնված նրբության էլ կցանկանայի անդրադառնալ։ 


Կասկած չկա, որ գերտերություններին և հատկապես՝ Ռուսաստանին առաջին հերթին հետաքրքրում է հենց Արցախը. շատերն են ցանկանում Արցախում ունենալ ռազմական բազա, շատերն են ցանկանում Արցախում ունենալ ռազմական ներկայություն, բայց կա մի խանգարող հանգամանք՝ Արցախը չճանաչված հանրապետություն է, միջպետական պայմանագրեր կարող են կնքվել միայն ճանաչված պետությունների հետ, ինչպես նաև՝ ռազմական համագործակցության կարող է լինել պետության հետ. չճանաչված պետության հետ ի՞նչ օրինական շփումներ կարող են լինել։ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի անդամ լինելու մասին էլ չեմ խոսում։ Ճիշտ է այլ տարբերակներ կարող են լինել, հանրաքվե, ԱԺ քվեարկությամբ և այլն, բայց դա մի տեսակ կիսաանօրինական գործողություններ կարող են դիտվել, ինչը հակառակորդ գերտերությանը նույնպես անօրեն գործողությունների կդրդի։
Վերջ ի վերջո աշխարհը շատ խառն է և շատ գերտերություններ խուսափում են անօրինական առաջին քայլն իրենք անել, նախ՝ 
1. կարժանանան համաշխարհային հանրության ատելությանը։ 
2. հակառակորդ գերտերության գործողությունների հնարավորությունները՝ ապօրինի դաշտում, ավելի կմեծանան ու կդիտվեն արդարացի։
Եթե Արցախը դառնա Հայաստանի մարզ ու Նիկոլը՝ որպես երկրի ղեկավար, իր ՔՊ ական ԱԺ-ի հետ որոշի, որ ՆԱՏՕ-ի զորքը պետք է մտնի Հայաստան և նպատակահարմար են գտնում, որ այն տեղակայվի Ղարաբաղում, ի՞նչ եք կարծում՝ Սիրիայի հոտ չի գալի՞ս։ Կամ՝ ես հաստատ չգիտեմ, բայց վստահ եմ, որ ՌԴ-ՀՀ՝ ՀՀ-ում ռազմաբազա ունենալու պայմանագրում դժվար թե լինի կետ, որտեղ նշվի, որ այդ բազան հենց Շիրակի մարզում է լինելու, կամ դժվար թե ՌԴ-ն Շիրակի մարզպետի հետ պայմանագիր կնքած լինի։ ՌԴ-ի՝ ՀՀ-ում ռազմական բազայի ներկայության պայմանագիրը ՀՀ-ի հետ է, և ռուսական բազան կարող է լինել ՀՀ ցանկացած մարզում, այդ թվում՝ Հայաստանի մարզ հանդիսացող Արցախում։ Ամեն դեպքում՝ զարգացումը աշխարհաքաղաքական որ ուղղությամբ էլ որ ընթանա, միևնույն է՝ Սիրիայի հոտ է գալիս։
Այնպես չէ, որ այս գրառումն անում եմ ընդդեմ նրանց, ովքեր կողմ են Արցախի՝ ՀՀ մարզ դառնալուն, ո՛չ, գուցե իրենք են ճիշտ, գուցե մի անգամ անենք և գործը վերջացնենք ու գուցե տեսականորեն թվացյալ հաջողություն կա, բայց գործնականում՝ ամեն ինչ տանում է Հայաստանի կործանմանը։ Եվ նրանք, ովքեր, կողմ են այս ծրագրին, պետք է քաջ գիտակցեն, որ իրենց գործողություններով հնարավոր է, որ Հայաստանը վեր ածեն ավերակների: Ախպոր պես, թողեք հանգիստ ապրենք՝ 
Արցախը Հայաստան է, բայց ո՛չ Հայաստանի Հանրապետություն։



Արմեն Արգինյան