Ահազանգ Հացիկից. Դպրոցի տնօրենը հազար դոլար է շորթել խոհարար Նելլի Դավթյանից

01/04/2019 10:55
Ահազանգ Հացիկից.  Դպրոցի տնօրենը հազար դոլար է շորթել խոհարար Նելլի Դավթյանից

Բողոքում են Հացիկի  դպրոցի աշխատակիցները:

Արմավիրի մարզի Հացիկի դպրոցի խոհարար՝ Նելլի Դավթյանը, ով սպասարկում է  ներառական կրթության ստացող դպրոցականներին, մեր կայքին հայտնում է, որ 2017թ. սեպտեմբեր ամսին Հացիկի դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանն իրենից 1000 դոլար է պահանջել,ասելով, որ իբր այլ աշխատող կընդունենք, եթե չտաս պահանջվող գումարը, և, որ այդ գումարը  հանձնելու է մարզպետարանի կրթության նախկին վարչության պետին՝ Գայանե Սայադյանին:

Ըստ մեր զրուցակցի, աշխատանքը կորցնելու վախից, նա ստիպված  վարկ է վերցնում և դրամի տեսքով հանձնել է տնօրենին;

-Ո՛չ, ո՛չ, միայն դոլար,-պահանջում է տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը:

- Ես դրամը դոլարի վերածած հանձնեցի տնօրենին, երբ նա ինձ կանչեց իր կաբինետի դիմաց գտնվող սանհանգույցի միջանցք, որպեսզի նկարահանող սարքը չֆիքսեր այդ պահը,-պատմում է խոհարարը:

Նելլի Դավթյանը պատմեց նաև, որ  դիմել են ՀՀ ԱԱԾ-ի պետ Ա. Վանեցյանին, որն էլ  դիմումը մակագրել է մարզային ԱԱԾ կառույցին: Քր. գործ է հարուցվել շորթման և կաշառքի հոդվածի 3 –րդ կետի 1-2 մասերով: Ստուգման արդյունքում հիմնավորվել է  քր. գործն ու ներկա պահին ընթանում է քննություն:

 

Հաջորդ բողոքողն էլ Հացիկի ուսուցիչներից մեկն էր, ով հեռախոսով տեղեկացնում է, որ իրենց դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը  իր հարազատ քրոջ, դասվար Աննա Մկրտչյանի հետ  միասին, կանխամտածված հալածանքի են  ենթարկում հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Վարդանյանին: Հիշեցնենք, որ վերջինս  հանդգնել էր  դիմել  HZHAM.am-ին, որի արդյունքում փետրվարի 28-ին հրապարակվեց <<Ո՞վ է տնօրենի հանցավոր տանիքը>> վերտառությամբ հոդվածը, որով Գայանե Վարդանյանը մերկացնում էր վերադասի խարդախ գործունեությունը:

Զանգահարողները տեղեկացրեցին խմբագրությանը, որ մարտի 25-ին տնօրեն՝ Տաթևիկ Մկրտչյանը 2-րդ նկատողությունն է հայտնել ուսուցչուհուն, ապա քրոջ հետ, անցել վիրավորական արտահայտությունների, ուսուցչական խորհրդակցության ժամանակ՝ պախարակելով հ. լեզվի ուսուցչուհուն:Այնուհետև, տնօրենը կոչ արել պայքար սկսել նրա նկատմամբ, որը մերժվել է կոլեկտիվի կողմից: Ստորադասները  չհամաձայնվելով տնօրենի հետ, ասել են, որ Գայանե Վարդանյանը միակ որակյալ ուսուցչուհին է դպրոցում, ուստի անթույլատրելի է նման մեթոդի կիրառումը:

Հեռախոսով կապ հաստատեցինք Գայանե Վարդանյանի հետ:

-Այո՛,  կոլեգաներս ճիշտ են ասել ձեզ, ես այդ օրը փախա դպրոցից, որպեսզի վեճն անկանխատեսելի հետևանքներ չբերեր,-հաստատեց լուրը Գ. Վարդանյանը,- բազմիցս դիմել եմ  մարզպետին, ուժային կառույցներին, բայց երևում է երկրում ոչ-ոք մատին չի տալիս, որ արդյունքում էլ ունենք նման թալանչի տնօրեններ: Ես պատրաստվում եմ առաջիկայում այցելել ձեր խմբագրություն և ներկայացնել դպրոցում ընթացող բարոյահոգեբանական վատ մթնոլորտի և տնօրենի նոր հանցանքների ճշմարտությունն ամբողջությամբ,-ավարտեց խոսքը ընդվզող դպրոցի աշխատակիցը:

Սեդա Մովսիսյան