«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը

30/03/2019 17:37
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է«Ամերիկայի Ձայն»-ը:
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը:
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:
Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրեց նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով` բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է` զենքով են, երիտասարդ են»:
Նախարարն ընդգծել է` կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»: