Նիկոլը Վիեննայում《այո》ասաց համանախագահների ոչ հայանպաստ վերջին առաջարկին

30/03/2019 13:56
Նիկոլը Վիեննայում《այո》ասաց համանախագահների ոչ հայանպաստ վերջին առաջարկին

Վիեննայի բանակցությունները վարչապետի հասարակայնության հետ կապերի բաժինը որակել է որպես կառուցողական մթնոլորտում անցած հանդիպում։ Վկայակոչվել է Դուշանբեի հանդիպումը, որոշվել է հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդմանն ու ուղիղ հաղորդակցությունների մեխանիզմների բարելավման ուղղությամբ քայլեր կատարել։ Ի՞նչ է սա նշանակում, կարելի է ասել, որ կառուցողական է Ալիևի համար, քանզի Դուշանբեն մեզ ոչինչ չի տվել, ուղիղ հաղորդակցությունը, որը եկել էր փոխարինելու Պետերբուրգ֊Ժնև֊Վիեննա մոնիտորինգային պայմանավորվածություններին, կրկին ի նպաստ Ադրբեջանի է, քանի որ, ինչպես տեսնում ենք Փաշինյան֊Ալիև օպերատիվ կապն առհասարակ օպերատիվ չէ, իսկ ռազմական գործողությունների իրականացման պարագայում մենք չենք կարողանալու ապացուցել, որ նախահարձակ է եղել Ադրբեջանն, ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, հարկ է նշել, որ զոհեր սահմանին էլի կան, ուղղակի երբեմն զինվորների մահը սրիկայաբար թաքցվում է հանրությունից հանուն Նիկոլի՝ սահմանին չեն կրակում խոստման։

Ապա մի պարբերություն բլա֊բլա֊բլա է այն մասին, որ պետք է նպաստավոր մթնոլորտ ձևավորել ու շոշափելի քայլեր կատարել հակամարտության կարգավորման կապակցությամբ։ Հենց այս բլա֊բլան էլ հասկանալու համար, անհրաժեշտ է պարզել, թե ո՞ր սկզբունքների հիման վրա պետք է իրականացվեն այդ քայլերը, համանախագահների առաջարկած վերջին ոչ հայանպաստ տարբերակով նախատեսված սկզբունքների՞։ Պայմանավորվածություն է նաև ձեռք բերվել իրականացնել մարդասիրական քայլեր, իսկ որո՞նք են դրանք, կոնկրետ ի՞նչ գործողություններ են ենթադրում այդ քայլերը։ Գուցե համանախագահների վերջին առաջարկով նախատեսված փախստականների վերադարձի մասին կետի իրականացման հիմքերն են դրվու՞մ։ Իսկ ի՞նչ է ենթադրում բարենպաստ մթնոլորտը, եթե ոչ էլի սուտ խաղաղասիրություն Արցախի պետականության հաշվի՞ն։

Եվ վերջում Ալիևի հաղթանակի մասին մի անուղղակի ցիտատ՝ կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ համաձայնելով շարունակել երկխոսությունը, այսինքն Հայաստանն ի դեմս Փաշինյանի՝ հավանություն տվեց համանախագահների վերջին, բացարձակապես ոչ հայանպաստ տարբերակին, որի մասին Նիկոլն այդպես էլ հստակ ոչինչ չասեց, իսկ ադեկվատ ամեն ոք փաստեց, որ հետայսու մենք ապակառուցողական վիճակում ենք հայտնվելու, եթե չհամաձայնենք համանախագահների առաջարկին։ Եթե մինչ այս պնդում էի, որ կա՛մ Նիկոլը պետք է համաձայնի Ալիևին ու Արցախի կարգավիճակը թողնի վերջին հերթին, կա՛մ մերժի էս տարբերակն ու այդ կերպ Ալիևին տանք լեգիտիմ պատերազմի իրավունք, ապա հիմա կարող եմ փաստել, որ Նիկոլը համաձայնել է ու մենք վերադարձել ենք Տեր֊Պետրոսյանի՝ հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, իսկ Ադրբեջանը՝ ամենաշահեկան դիրքում հեռավոր 1998 թվականից ի վեր։

Հիշու՞մ եք՝ կես տարի Նիկոլը ստեց, թե չի բանակցում, ապա ստեց, թե ուղղակի հանդիպում է, քննարկումներ իրականացնում և ապա՝ շաբաթներ առաջ, բանակցային սեղանին դրվեց համանախագահների՝ մեզ համար անբարենպաստ առաջարկը, հիմա Նիկոլը ստելու է, թե բանակցում է ու ամեն բան նորմալ է, մինչդեռ Արցախն ի հեճուկս Նիկոլի խոստումների բանակցային սեղանից շատ հեռու է, իսկ Ալիևն ամրապնդվում է ու ամրապնդվում ու բավարար է Նիկոլի մեկ անհամաձայնություն ու բանակցային սեղանը տեղափոխվելու է ռազմադաշտ։

Որպես եզրահանգում կարելի է փաստել, որ Նիկոլը փաստորեն հավանություն է տվել համանախագահների առաջարկին ու այսուհետ բանակցություններն ընթանալու են Ադրբեջանանպաստ հայեցակարգով, հենց էս ամենով էլ պայմանավորված է Ալիևի գոհունակությունն ըստ իրեն՝ բովանդակային բանակցություններից։

Համանախագահներից կարևորագույնը մեզ համար, ինչպես նաև տարածաշրջանային առումով Ռուսաստանն է, ու էս ամենի համատեքստում տեսեք, թե ինչպես է վերջին օրերին ռուսական մեդիան արձագանքում Քոչարյանի գործի վերաբերյալ այսօրվա Վիեննայի հանդիպմանն ընդառաջ։ Չեմ ցանկանում ասել, թե Վիեննայում կայացած ոչ հայանպաստ բանակցությունները կամ Արցախի հարցում համանախագահների ոչ հայանպաստ դիրքորոշումը հանուն Քոչարյանի է, բայց Քոչարյանի Հայաստանի առջև չեմ կարծում, թե համանախահագներն այսպիսի առաջարկ դնեին, ինչպես նաև թույլ տային նման բանակցություններ, գոնե վստահ եմ՝ քոչարյանական օրակարգի պայմաններում երբևէ նման փակուղու առջև չէինք կանգնի։ Ինչևէ, ռուսական մեդիան, հնչեցնելով Քոչարյանի գործը, հստակ մեսիջ է հղում Հայաստանին, որ ներկա իշխանություններն իրենց համար լուրջ չեն ընկալվում, հետևապես էս իշխանությունների հետ վերջիններս չեն էլ պատրաստվում որևէ հայանպաստ տարբերակների գնալ, ռազմաստրատեգիական առումով դաշնակցել։ Նիկոլը դեռ շատ արևմտյան դռներ պետք է շրխկացնի, մինչև Կրեմլի դռներն ընկնելը, մինչդեռ աշխարհը չի սպասում։

Ի վերջո ցանկանում եմ հստակ գիտակցեք՝ Արցախի հարցում Նիկոլը հերթական անգամ ստել է բոլորիս՝ Արցախը բանակցություններում ներգրավված չէ, ավելին՝ այդ տարբերակը մերժված է։


Հ.Գ. Թքած սրանց ներքաղաքական տապալումների վրա՝ Արցախի շուրջ բանակցությունների ձախողումը կտրելու է Հայոց պետականության զարկերակը։


Վահե Եփրիկյան