Եվս մի դպրոց սեփական ուժերով ոտքի կանգնեց

18/03/2019 00:59
Եվս մի դպրոց սեփական ուժերով ոտքի կանգնեց

Արարատի մարզի Նիզամի գյուղի միջնակարգ դպրոցը իր գործունեությամբ վերջին մեկ տարվա ընթացքում վերելք է ապրում, ըստ բնակիչների, դպրոցում շոշափելի դրական աշխատանքներ են կատարվել։ Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ բազմախնդիր այս կրթօջախը միշտ մեր կայքի ուշադրության կենտրոնում է եղել: Վերջին տարիներին դպրոցի ղեկավարի փոփոխություն է տեղի ունեցել, եւ, ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել Նիզամիում: Ու այս հիմքի վրա այսօր կառուցվել է ծնող, աշակերտ եւ ուսուցիչ վստահելի փոխհարաբերությունները։ Դպրոցում արդեն  շուրջօրյա ջրի մատակրարումն  ապահովված է, գործում է նաեւ տաք սնունդ ծրագիրը։

-Մեր երեխաները նախկինի նման կամակոր չեն դպրոց գնալիս, հիմա, որ դպրոցում  պայմանները լավացել են, արդեն սիրով են հաճախում։ Լավ սնվում են, ով կպատկերացնի, որ էս լուսավոր դարում, դպրոցում տարիներ շարունակ կարող էր ջուր չլինել, դա մեր՝ Նիզամիի դպրոցն էր, իսկ հիմա մեր երեխաները եւ խմելու եւ լվացվելու համար ապահովված են ջրով։ Տարիներ շարունակ սանհանգույց չի եղել դպրոցի ներսում, մեր երեխաները օգտվում էին դրսի կիսաքանդ, հորատ զուգարանից, հիմա սարքում են ներսի սանհանգույցները, կոյուղին, շուտով այդ հարցը կկարգավորեն։ Ասել են ջեռուցման խնդիրն էլ կլուծեն պետական միջոցներով, վերջապես մեր գյուղի դպրոցը կրթօջախի կնմանվի,-գոհունակությամբ ներկայացնում են Նիզամիի բնակիչները։ 

Ի դեպ, կատարված փոփոխությունների արդյունքն այն է, որ վերջին ժամանակներս աշակերտների թվի աճ է նկատվում:  Նախկինում գյուղից շատ աշակերտներ հաճախել են հարեւան համայնքների դպրոցները, իսկ այժմ շատերը վերադառնում են հարազատ ծննդավայրում սովորելու։ Ըստ տեղացիների մայրաքաղաքի թիվ 69 դպրոցից Նիզամիի դպրոց են վերադարձել երկու աշակերտներ։ Դպրոցում աշակերտները եւ ուսուցչական կոլեկտիվը, տնօրինության հետ միասին մասնակցում են շաբաթօրյակներին եւ  կանաչապատման աշխատանքներին։ Սա այն դեպքն է երբ վստահաբար կարելի է ասել, որ դպրոց-ծնող-համայնքապետարան կապը տվեց իր դրական արդյունքը ու դպրոցը վերջապես ծառայում է իր կոչմանը: