Տարոնիկ. ․ Ձեթ ու ալյուրով ընտրվածը պետք է հեռանա

11/03/2019 11:17
Տարոնիկ. ․ Ձեթ ու ալյուրով ընտրվածը պետք է հեռանա

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում մի քանի օր է ինչ բնակիչների մասնակցությամբ շարունակվում են բողոքի ակցիաները։ Ոչ մի կերպ գյուղի բնակիչներին չի հաջողվում հանդիպել գյուղապետի հետ, ըստ հավաքվածների, վերջինս խուսափում է հանդիպումից, փոխարենը, իր նազիր վեզիրներին է ուղարկում, մարդկանց համոզելու, սադրելու եւ վախեցնելու նպատակով։ Գյուղի բնակիչները դժգոհելով համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանի կողմնակալ գործունեությունից ներկայացնում են, որ ՀՀԿ, ԲՀԿ կուսակցությունների տոմսերը գրպանում համայնքի ղեկավարը ընտրակաշառքով ընտրված համայնքի ղեկավար է, հիմնականում ձեթ ու ալյուր բաժանելով է քվեներ ստացել։ Շատեր ասում են, որ ընտրության օրերին դռնեդուռ ընկած Արմենի համար օգնությունների դիմաց ձայներ են հավաքել, ուղղակի հիմա ամաչում են դրա մասին խոսել, քանի, որ հացի խնդիր են ունեցել, իսկ գյուղապետը օգտվել է նրանց կարիքավոր լինելու առիթից։

-Հիմա, որ գյուղը ոտքի է կանգնել, փորձում է իր ընդդիմախոսներին սադրել, ներքաշել կռվի մեջ։ Մեկը պետք է էս գյուղում մեռնի, նո՞ր գան մեզ լսեն։ Չլինի հանկարծ Մուսալեռի պատմությունը, հետո չասեք չենք զգուշացրել, լարված մթնոլորտ է Տարոնիկում, էս հարցին պետք է մեր ղեկավարությունը հատուկ ուշադրություն դարձնի>-զայրացած փոխանցեցին գյուղի բնակիչները։

Ա․ Խլղաթյանի ընտրվելուց հետո գյուղապետարանում հիմականում աշխատել են վերջինիս մերձավոր շրջապատը, կնոջ հարազատները, որոնք նույնիսկ Տարոնիկի բնակիչներ էլ չեն եղել։ Գյուղը իսկական խոպան է ծառայել տեղական իշխանիկի՝ Արմենի համար, միայն մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո գյուղապետը որոշեց աշխատանքից ազատել կնոջ՝ Սիրանույշ Մարտիրոսյանի հարազատներին, որպեսզի իր հետագա աթոռը պահպանի։ Զոքանջը՝ Էլմիրա Գաբոյանը աշխատել է Տարոնիկի գյուղապետարանում, աները՝ Ժիրայր Մարտիրոսյանը տարիներ շարունակ աշխատել է, որպես պահակ, վարորդ։ Գյուղապետի կինը՝ Սիրանույշ Մարտիրոսյանը աշխատել է, որպես ամուսնու՝ գյուղապետի տեղակալ։ Արմեն Խլղաթյանի հարազատ քույրը՝ Անահիտ Խլղաթյանը աշխատել է գրադարանավարուհի եւ հավաքարար։ Քրոջ ամուսինը՝ Էդգար Սրապիոնյանը աշխատել է գյուղապետարանում, որպես բանվոր, պահակ, հեղափոխությունից հետո դարձել է գործազուրկ։ Վերջինս եւս ազատվել է աշխատանքից, որպեսզի գյուղապետի համար վտանգ չներկայացնի։ Էդիկ Գրիգորյանը աշխատել է, որպես ավագ մասնագետ, ով նույնպես աշխատանքի չի հաճախել, Արտյոմ Կիրակոսյանը, վարորդ մոտ հարեւան-բարեկամ, պահակ Եփրեմ Կիրակոսյանը, Հայկ Մաչտիրոսյանը եւ աշսպես շարունակ շատերը առանց աշխատանքի ներկայանալու պետության հաշվին ապրել են ապահով։ Արդյունքում Արմեն Խլղաթյանը Էջմիածին քաղաքում զոքանջի եւ կնոջ անուններով երկու բնակարաններ է ձեռք բերել եւ վարձակալական հիմունքներով տրամադրում է քաղաքացիներին, իսկ երրորդում իրենք են բնակվում։ Ինչպես տեղացիներն են նշում արաբական շեյխերի նման, գյուղի ամառանոցն էլ հետ չի մնում իր առանձնահատկությամբ, իսկ գյուղապետի սեփական հողատարածքները գերազանցում են բոլոր խոշոր հողատերի տարածքներին։

-Էլ ինչի համար պետք է մեր նման աղքատների մասին մտածի գյուղապետը, ինքը հարստության մեջ լողում է արդեն, էլ լայեղ կանի՞ գյուղում ապրի։ Սոցօգնությունները տալիս է հարուստներին ու տոկոսով փող տվողներին, մեր նմանների վրա անգամ չի նայում, փողը կուրացրել է իրան, մեր նման խեղճերի հողերն էլ է զավթել։ Մենք կգնանք մինչեւ վերջ, որպեսզի գյուղապետը հրաժարական ներկայացնի, նա նույնիսկ ապրիլյան պատերազմի՝ զոհված Բորիս Օզմանյանի անվան տակ, գյուղապետարանի բյուջեից իբրեւ 300 հազար դրամ է տրամադրել նրա ընտանիքն, այնինչ գումարը ծախսվել է այլ նպատակների։ Գյուղի բնակիչների մահացողների համար գյուղապետարանի տրամադրված ծաղկեպսակները, որոնց արժեքը նշված է 21 հազար 500 դրամ չի հատկացվել հանգուցյալների ընտանիքներին։ Իսկական մանվել, պսակ գողացող, մենք այդպիսի սրբապղծություն չենք ների, պետք է դրա համար պատասխան տա գյուղապետը։ Մենք նոր ենք իմացել, որ Բորիսի՝ նման հերոսի անվան տակ էլ կարելի է փող փաղցնել, ու չենք թույլ տա, որ զոհված մեր համագյուղացու անունը շահարկվի անտեղի։ Նոր ենք իմացել ու բորբոքվել, ավագանիներից էլ շատերը տեղյակ չեն եղել այս ամենից։ Մեր գյուղի բարերար Էվրիկ Նիկողոսյանի միջոցներով կառուցված հուշակողոթի համար գյուղապետարանի բյուջեից 1 միլիոն դրամ է դուրս գրել ու վերագրել, թե իրենք են կառուցել։ Չգործող մանկապարտեզի համար աշխատողներ է պահել։ Իսկ երբ տեղեկացանք, որ նման կեղծիքներ է արել, մարզպետարանում ներկայացրած հաշվետվությունում փոփոխություններ է արել, ծաղկեպսակների մասն էլ է փոխել, փաստաթուղթ է կեղծել>-դժգոհում են տարոնիկցիները։

Ըստ տեղացիների, գյուղապետը ամենամյա 100 հազարական դրամ սոցօգնություններ էտրամադրել իր մոտիկներին, ովքեր գյուղում չունեն անապահովի կարգավիճակ։ Ապահովածներից Մելքոնյան Ծաղոն եւ Լալա Ավագյան ամուսինները, Ինջիգուլյան Կարեն եւ Արհեստակ եղբայրները, Հարությունյան Արմեն եւ Ռուդիկ եղբայրները, Եփրեմ Կիրակոսյանը եւ շատերը մշտապես օգտվել են գյուղի բյուջեից քանի որ գյուղապետի հետ մոտ են։ Շատ ապահովված ընտանիքներ մինչ հիմա զարմանում են, որ իրենց անուններով սոցօգնություններ է գրվել, բայց իրենք գումար չեն ստացել, դեռ մի բան էլ զարմացել են, որ իրենց անունները հայտնվել են գյուղի անապահովների ցուցակում։ 

 Գյուղի բնակչուհի Հայկանուշ Սարգսյանը, ով նախկինում աշխատել է գյուղապետարանում նույնպես դժգոհում էր համայնքի ղեկավարի վերաբերմունքից իր նկատմամբ։

-Արմենը ինձ գող է անվանել․ երբ աշխատում էի, որպես հավաքարար, իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից, ոտնահարել է իմ իրավունքներն ու արժանապատվությունը, առ անց հիմնավորումների։ Ինչքան խելացի աշխատող կար ազատեց, փոխարենը ընդունեց իր հարազատներին ու ազգականներին։ Գրադարանում, որտեղից մարդ չի օգտվում մի քանի աշխատող է պահում, գյուղում ֆիկտիվնի է ամեն ինչը, ինքը այդպես, ավագանին նույնպես։ Օգնություն եմ խնդրել, երբ հիվանդ էի, ասաց չեմ կարող օգնել հարազատ, իսկ երբ հիվանդանոցում էի, տեղեկացա, որ իմ անունից գյուղի բյուջեից գուրմարներ է դուրս գրվել>-պատմում է Հայկանուշը։

Մանրամասները տեսանյութում