Ապօրինի ներմուծված չգրանցված դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ

05/03/2019 19:26
Ապօրինի ներմուծված չգրանցված դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ

«Պոլֆարմա» դեղագործական ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է առանց առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի շուկայում շրջանառվող հետևյալ դեղերի առկայությունը՝ 1. Բիսեպտոլ, դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ; 80մլ ապակե շշիկ և չափիչ բաժակ, սերիաներ՝ 031117,010518, 2. Աքվադետրիմ վիտամին D3, կաթիլներ ներքին ընդունման15000ՄՄ/մլ; 10մլ ապակե շշիկ, սերիաներ՝ 030718, 040418։ Համաձայն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագիտական եզրակացության, նշված դեղերի սերիաների տվյալները բացակայում են ներմուծման վերաբերյալ առողջապահության նախարարության տվյալների շտեմարանից, ներմուծվել են առանց փորձաքննության ենթարկվելու և համարվում են օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղեր։ Միաժամանակ, վերոնշյալ դեղերի նշված սերիաները գրանցված չեն համարվում՝ դեղերի անվանումների, արտադրողների, դեղի կիրառման ցուցումների, հակացուցումների և այլ անհամապատասխանությունների հիմքերով: Հաշվի առնելով ազգաբնակչությանը որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման անհրաժեշտությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ս․թ մարտի 1-ին դիմել է առողջապահության նախարարությանը գործող իրավական դաշտի սահմաններում օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի նշված չգրանցված սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ կազմակերպելու նպատակով։ Վարչական իրավախախտումները նախականխելու և ազգաբնակչության առողջության պահպանման նկատառումներից ելնելով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է հանրությանը, որ անհրաժեշտ է զերծ մնալ վերոնշյալ սերիաներով դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին։