Գարնան առաջին օրը. Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ողբերգական օրերից մեկը

01/03/2019 15:33
Գարնան առաջին օրը. Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ողբերգական օրերից մեկը


Այսօր մարտի 1֊ն է, գարնան առաջին օրը, որը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ողբերգական օրերից մեկ է։ Ուղիղ տասնմեկ տարի առաջ բախտախնդիրների ու պատեհապաշտների մի խումբ, Առաջին Նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու դեսպան Ալեքսանդր Արզումանյանի գլխավորությամբ իրենց արկածախնդրությունն ու իշխանությունը զավթելու մոլուցքը հագուրդ տալու համար հայ ժողովրդի մի հատվածին հիպնոզացնելով ու խաղալով մարդկանց էմոցիաների ու հույզերի հետ, նրանց տարան առճակատման պետության դեմ՝ թքած, թե վերջիններս ինչ կորուստներ կրեցին, կարևորն այն է, որ, ինչպես նրան անվանում էր ժամանակին ներկայիս վարչապետ Փաշինյանը՝ մեծ խառնակիչը՝ Տեր֊Պետրոսյանը, գոհ էր ու բավարարված դերակատարներից մյուսի՝ Ալեքսանդր Արզումանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։


Հետագան ցույց տվեց, որ Հայոց պետականության դեմ ուղղված այս ոճրագործությունը ոչ միայն պատշաճ կերպով չդատապարտվեց ինչպես գալիք իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից, բացի այդ անցած գարնանը Հայաստանը պարուրած խաբկանքի՝《Թավշյա հեղափոխություն》 անունը ստացած քաղաքական կրկեսի արդյունքում իշխանության եկած ուժերը, մոռանալով իրենց իսկ տասնամյա վաղեմության հակապետական գործողությունները, ինքնամաքրման, քաղաքական ամբիցիաներն իրականացնելու, վրեժխնդրության ու նման՝ պետականախույս, արդարադատությանը չառնչվող շարժռիթների դրդմամբ մեղավոր կարգեցին Երկրորդ Նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին՝ նրա դեմ ուղղելով պետական պատժիչ մեքենան՝ բոլոր լծակների գործադրմամբ ու ամբողջ ծավալի կիրառմամբ։


Այժմ Նախագահ Քոչարյանն, ում քաղաքական սառնասրտության, պետականամետ մտածողության, իրավիճակը ճիշտ գնահատելու ու սադրանքի չտրվելու բացառիկ ունակությունների շնորհիվ միայն պահպանվեց ՀՀ Սահմանադրական կարգը, չբռնաբարվեցին պետության հիմքերը, խայտառակ ու բացահայտ ապօրինի նախաքննության, իրավական ու բարոյական նորմերի ոտնակոխ արվելու արդյունքում կալանավորված է, իսկ ՀՀ《հպարտ》քաղաքացին ուրախ է, ժպտում է, քանի որ կերել այն խայծը, թե մերժել Սերժին նշանակում է ապօրինաբար բանտարկել Քոչարյանին, քանի որ օրվա պոպուլիստ, հաճախ լպիրշ վարչակազմն ամենօրյա ռեժիմով ներարկում է《մարդասպան》, 《թալանչի》խելացնոր մեղադրանքները, մինչդեռ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Քոչարյանին մեղսագրված չեն, միաժամանակ《հպարտ》քաղաքացին, արբած քիրվայականության հռետորաբանությամբ, մոռացել, թե ինչպե՞ս իրեն սադրեցին տասը տարի առաջ, ապա անհետացան, հետո քրեական գործերը կարճվեցին՝ Յոթի գործը, ոմանք՝ համաներվեցին։


Այսօր《հպարտ》քաղաքացին կրկին փողոց է դուրս բերվելու, ինչու՞՝ իմաստավորելու՞ անցյալը, ինքնաքննադատվելու ու եզրահանգումներ կատարելու՞, համախբվելու ու անցյալի սխալներից դասեր քաղելու՞, իրեն փողոց դուրս բերողին ճիշտ ու օբյեկտիվ հարցեր տալու՞, ի վերջո զոհերի հիշատակն իրապես հարգելու՞ համար, ո՛չ, ինչպես տասը տարի առաջ, ինչպես անցած տարվա ամբողջ ընթացքում, նույնն է լինելու այսօր ևս՝ ամբոխավարային կեր, պոպուլիստական սնունդ, անկանոն ու ջղաձիգ ելույթներ, անբարո ստեր, զոհերի սուտ հիշատակում, հարգանքի տուրքի՝ ձևական ու էգոիստական մատուցում՝ հանուն ինքնամաքրման հերթական փորձի, հանուն ինքնապահպան, հանուն իրենք իրենց հավատացնելու, թե մեղավոր չեն էլ եղել ու իրական ուժի՝ ճաղերից այն կողմ պահելը մի փոքր էլ երկարացնելու։


Չեմ ցանակնում դետալային վերլուծության ենթարկել մարտի 1֊ի իրավաքաղաքական դրվագները, միայն ցանկանում եմ հիշեցնել՝


1. Տեր֊Պետրոսյանը ժամանակին գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ, որի մասին չգիտես ինչու հանրությունը տեղյակ չէ։ Այդ որոշմամբ ՄԻԵԴ֊ն արձանագրել է, որ Նախագահ Քոչարյանը գործել է իրավաչափության սահմաններում, որ արտակարգ դրություն մտցնելը ևս իրավաչափ է եղել։ Այս որոշմանը մանրամասն կանդրադառնամ հաջորդիվ, սակայն հղումը այժմ կտեղադրեմ ստորև, որպեսզի ամեն ոք իմանա՝ ո՛չ իրավապես, ո՛չ բարոյապես անհնար է հասնել արդարացման էն ամենի համար, ինչ կատարվեց ուղիղ տասը տարի առաջ այս օրը, գուցե հնարավոր է դըմփհուհականների թմբուկների զարկերի ներքո մի պահ հավատալ մտացածին հեքիաթին, թե իրենք անմեղ էին, Քոչարյանը՝ մեղավոր, բայց դա միայն այնքան, որքան թմբուկն է զարկվում, երբ դադարում են թմբուկի զարկերը, իրենք ևս գիտակցում են, որ փորձում են հավատալ միայն հեքիաթի՝ հորինված ու բեմադրված։


2. Նիկոլ Փաշինյանն ինքը շատ լավ անդրադարձ է կատարել մարտի 1֊ի դեպքերին իր《Մեծ խառնակչություն》հոդվածաշարում ու մինչ Քոչարյանի դեմ սլաքներն ուղղելը, կարծում եմ՝ պետք է ինքը վերընթերցի սեփական խոհերը։ Միաժամանակ նշեմ՝ Փաշինյանը բացի իր ուսուցիչ մեծ խառնակչից մեղադրել է մարտի 1֊ի համար շատ շատերին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Օրինաց Երկրի պատգամավորներին...
Մի խոսքով՝ պետք չէ լուրջ ընկալել ինքնամոռաց պոպուլիստի ու մեծ խառնակչի լավագույն սանի ամեն խոսքը...


3. Փաշինյանը խաղում է ոչ միայն զոհվածների զոհերի հարազատների հույզերի հետ, այլև ամբողջ հայ հանրությանն է քամահրում՝ շուրջ մեկ տարի է պարբերաբար գոռում է՝ մարտի 1֊ը բացահայատված է, այն էլ ամբողջ ծավալով և ո՞րն է ըստ նրա այդ բացահայտումը՝ միթե՞ Քոչարյանին մեղսագրված շինծու ու խայտառակ խախտումներով լեցուն մեղադրանքը՝ հակառակ պարագայում բացահայտված ամբողջ ծավալից ցիտեք ինձ զոհերից գեթ մեկին սպանողի անունն ու էլ չեմ ասում, որ առանց օրինական ուժ ստացած դատավճռի ի՞նչ բացահայտում։
Թե վարչապետին ինքնախաբեությունը մխիթարում է, թող մխիթարվի մի քանի ամիս ևս, մինչդեռ թե՛ ինքը, թե՛ իր՝ չարաճճի երեխաների հրոսակախումբ հիշեցնող վարչախումբը ժամանակավրեպ են ու ժամանակավոր, իսկ պետությունը, ազգը՝ հավերժ ու չեմ ցանկանում, որ փաշինյանական ինքնախաբեության զոհը դառնաք հերթական անգամ։


Հ.Գ. Եկեք այսօր ինքներս մեզ հարց տանք, թե որտեղի՞ց ենք գալիս ու ու՞ր ենք գնում, ի՞նչ է մեզ համար պետությունը, պետականությունը, հիշատակենք զոհերին, իրապես հարգանքի տուրք մատուցենք նրանց ու հետայսու մինչ որևէ բան նախաձեռնելն, իրականացնելը նախևառաջ գիտակցենք՝ իսկ արդյո՞ք մենք գործում ենք ի շահ Հայաստանի Հանրապետության, իսկ արդյո՞ք մեր գործողություններից չի պարտվելու Հայաստանի Հանրապետությունը։


Լևոն Տեր֊Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ https://hudoc.echr.coe.int/eng…