Ահազանգ. Աշակերտները զրկված են ներառական կրթություն ստանալու իրավունքից

24/02/2019 23:49
Ահազանգ. Աշակերտները զրկված են ներառական կրթություն ստանալու իրավունքից

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից մի խումբ ծնողներ դիմելով HZHAM.AM կայքին տեղեկացնում են, որ գյուղի միջնակարգ դպրոցում ներառական կրթություն չի իրականացվում։  Դպրոցում երկրորդ դասարանի 22 աշակերտներից երեքն ունեն տարբեր հիվանդություններ, որոնք օր-օրի ավելի են սրվում։

Աշակերտների մոտ, հասկանալի պատճառներով երեխաների անունները չենք հրապարակում, նկատվում են ագրեսիվ վարք, թույլ զարգացած մտավոր ունակություններ, ինչի պատճառով, ըստ խմբագրություն դիմած ծնողների, խաթարվում են դասապրոցեսները, իսկ մարզի պատկան կառույցներն անտարբեր են։

-Մենք բազմիցս դիմել ենք դպրոցի տնօրինությանը, ասել ենք, որ մեր երեխաներին չենք ուղարկի դպրոց, կամ այդ երեխաներին ուղարկեք Գավառի հատուկ դպրոց, կամ էլ ներակառական կրթություն անցկացրեք դպրոցում։ Մեզ պատասխանել են, որ մարզի համապատասխան  կառույցներին դպրոցը մշտապես տեղեկացրել է խնդրի մասին, սակայն մինչեւ օրս ոչ մի դրական լուծում չի տրվել բարձրաձայնված խնդրին։ Տնօրենը ասում է, որ այդ երեխաների ծնողները չունեն դրամական միջոցներ, որ երեխաների համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր պատրաստեն, եթե համապատասխան կառույցներ զբաղվեն այդ խնդրով ու եթե պետք լինի դպրոցից նույնպես ֆինանսական աջակցություն կստանան այդ երեխաները։  Ասում են դպրոցը չունի ֆինանսական  խնդիր, դասարանները չունեն աշակերտ քանակի խնդիր, օրենքն էլ  չի արգելում նման երեխաներին հաճախելու հանրակրթական դպրոցներ։ Մեր երեխաներին քաշքշում, ծեծում են, չէ՞ որ նման երեխաներով պետք է հատուկ մանկավարժներ զբաղվեն, ու՞ր են Գավառի տարածաշրջանի հիվանդ երեխաներով զբաղվողները, ինչի՞ են անտարբեր մնում,-դժգոհեցին ծնողները։