Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ

19/02/2019 19:40
Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ

Պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ.

HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացավ անտարբերության պատճառով, ի տարբերություն պաշտոնական աղբյուրների ուշացած ու հանրային ճնշման տակ արված հայտարարությունների: Կալանավայրում 44-օրյա հացադուլից և այն դադարեցնելուց 10 օր անց անտարբերության զոհ դարձած Մհեր Եղիազարյանի մահը սոցիալական ամենատարբեր հարթակներում քննարկման թեմա դարձավ, իսկ պատկան կառույցները լուռ էին, գուցե ներքուստ գիտակցում էին «մեղքի» իրենց բաժինը:

Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ անհանգստություն հայտնեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն. «Անհանգստացած եմ 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ: Այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին: Այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է»:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Գերմանիայի խորհրդարանի «Ձախ» խմբակցության պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերը. «Ցնցված եմ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյանի մահվան լուրից: Նա մահացավ 44 օր հացադուլից հետո, հավանաբար՝ սրտի կաթվածից: Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի մահվան հանգամանքները»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, անդրադառնալով Մհեր Եղիազարյանի դեպքին, հայտարարել էր, որ ԵՄ-ն ՀՀ կառավարությունից պատշաճ հետաքննություն է ակնկալում և որ այդ հետաքննությունից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն: «Մենք այդ դեպքից տեղյակ ենք, ու ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները գործի կանցնեն»:

Գործի անցավ ՀՀ Արդարադատության նախարարը, գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Արտակ Զեյնալյանը պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրության գնահատումը թողնում է հանրության դատին:

Խոսքն այստեղ այն ջանադրության մասին է, որ երեկ հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

«Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում չի եղել ո´չ բժիշկ, ո´չ բուժակ: Հունվարի 26-ին Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել»,- ասված է դիտորդական խմբի հայտարարության մեջ:

Մինչդեռ Արտակ Զեյնալյանը, իր գրառման մեջ նշում է. «Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական»:

Ըստ Արդադադատության նախարարի՝ Մհեր Եղիազարյանը նյարդահոգեբուժի կողմից զննվել է մահվանից մեկ օր առաջ. «25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։ Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում»:

Եթե «անվերապահ» հավատանք նախարարին, ապա այդ դեպքում ու՞մ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները հունվարի 28-ին, ժամը՝ 13:00-ին Սիսիանի Լծեն բնակավայրում:

Այդ ինչպես են զննել կամ հետազոտել 2-րդ կարգի հաշմանդամ մարդուն, որ ուներ բարձր ճնշում, սրտի հետ կապված առողջական խնդիրներ, որ նրա մոտ պաթոլոգիայի փոփոխություն չհայտնաբերվեց:

Դիտորդների խումբը դեպքի և հանգամանքների կապակցությամբ հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները:

«Հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել և անձը փրկվեր: Հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել և քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան»,-նշված է հայտարարության մեջ:

Այս ամենը հաստատում է վերը նշված այն մտահոգությունը, որ Մհեր Եղիազարյանը մահացել է անտարբերության արդյունքում:

«Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- գրել է Արտակ Զեյնալյանը:

Ինչ ուշադրություն մասին է խոսքը, երբ դիտորդական խումը արձանագրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքները երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն և այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը: Գուցե հենց այս ջանադրության մասին էր խոսում Արտակ Զեյնալյանը:

Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ...

HayNews.am