Վերջ տվեք ապտակել արդարադատությանը՝ դուք ապտակում եք ՀՀ հիմքերին

19/02/2019 15:15
Վերջ տվեք ապտակել արդարադատությանը՝ դուք ապտակում եք ՀՀ հիմքերին

Մի քանի շաբաթ առաջ բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ ունեցած մասնավոր զրույցից պարզ դարձավ, որ շուտով Նախագահին ուղղված կեղծ իրավական օրակարգով քաղաքական հետապնդումը ընդգրկելու է նաև վերջինիս հարազատների շրջանակը։

Բնականաբար, այդ խոսակցության դետալների մասին չեմ բարձրաձայնել ու այժմ ևս չեմ խոսի, միայն կասեմ, որ Սեդրակ Քոչարյանի՝ վկայի կարգավիճակից որպես մեղադրյալ ներգրավելն ըստ իմ իրավավերլուծության՝ խոսում է այն մասին, որ էս《գործը ևս ջուր է》, սակայն միանշանակ կարող եմ փաստել մեկ բան՝ Սեդրակի դեմ հարուցված քրեական գործը, նրան առաջադրված մեղադրանքն ունի մեկ նպատակ՝ անձնային ֊ քաղաքական շարժառիթներից ելնելով թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին, ուստի եթե Քոչարյան ընտանիքի, վերջիններիս մոտ կանգնած անձանց նկատմամբ հարուցվեն նույնիսկ տասնյակ քրեական գործեր, միևնույն է սույն տրամաբանության մեջ էդ ամենը պետք է համարել իրավաքաղաքական վենդետտա, հետապնդում։

Եվ քանի որ, ինչպես տեսնում ենք, պետական պատժիչ մեքենայի հնարավորություններն ամբողջ ծավալով ուղղված են դեպի մեկ անձն ու նրա շրջապատը, իսկ Քոչարյանից առաջ կամ հետո կամ Քոչարյանի հետ որևէ կերպ կապ չունեցող《ֆիգուրանտները》, որոնք առերևույթ պետք է հետաքրքիր լինեին պետկան մարմինների համար քրեական օրենքի տեսանկյունից, որոնց շարունակաբար քննադատել է ինքը՝ ներկա իշխանության առաջնորդն, առհասարակ տեսադաշտից դուրս են, ուստի կարելի է օբյեկտիվորեն ենթադրել, որ այս ամենի համատեքստում առկա է մեկ նպատակ՝ պատժել, մեկուսացնել, զրկել խոսելու ու գործելու իմունիտետից բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են պետականակերտ Նախագահի հետ և անկասկած կոչել այս ամենն արդարադատություն կամ արդարություն, անկարելի է։

Հ.Գ. Վերջ տվեք ապտակել արդարադատությանը՝ դուք ապտակում եք ՀՀ հիմքերին, բռնաբարում ու խարխլում եք դրանք, մինչդեռ դուք անկասկած ժամանակավոր ու անցողիկ եք, պետությունը՝ հավերժ։


Վահե Եփրիկյան