«Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը

14/02/2019 23:53
«Հայկական Ժամ»-ի  հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը


Այսօր` փետրվարի 14-ին, Վաղարշապատի առաջին ատյանի ընդհանուր դատարանում, կայացավ ԱՐԴ1/0081/01/17 հերթական դատական նիստը:

Փաստաբան՝ Գուրգեն Գրիգորյանը ամբաստանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց դատարանին: 10 րոպե տեւած ընդմիջումից հետո, դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից,   բավարարեց ներկայացված միջնորդությունը:

-Դադարեցրեք ծափերը...

-Ո՞նց ծափ չտանք, գա՞մ գրկեմ ձեզ,- ուրախությունը չզսպելով գոռաց  ամբաստանյալներից մեկի հայրը:

-Հետո՛, հետո՛,-արձագանքեց դատավորը, ապա դիմելով անհանգիստ շարժումներ անող ամբաստանյալներից մեկին, հարցրեց,- Դուք հայտարարություն եք ուզում անե՞լ...

-Ծոցս պահած վարդս թառամեց, թույլ տվեք նվիրեմ կնոջս,- ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդի խնդրանքին ի պատասխան դատավորը կոչ արեց սպասել նիստի ավարտին, եւ միայն դրանից հետո տրվել սիրո զեղումներին:


Դատական հերթական նիստը նշանակվեց փետրվարի 22-ին:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ վերը նշված քրեական գործը հարուցվել ու նախաքննություն էր իրականցվել տարբեր խախտումներով: Նախորդ դատական նիստին բացահայտվեց քննիչների կողմից «նշանակված» ընթերակա վկան, ում իրարամերժ ցուցմունքներն առանցքային էին այս գործի շրջանակներում:

 Հիշեցնենք նաեւ, որ այս քրգործի շրջանակներում, խոշտանգման եղանակներով, ամբաստանյալներից ցուցմունքներ են կորզել: Ու վերջիններիս բողոքի հիմա վրա Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է նաեւ այս գործի քննությունը: