Մտորումներ ներկայից կամ էլ վաղուց երկար չէի գրել, կամ՝ գաղափարը՝ լինելիության երաշխիք

14/02/2019 15:36
Մտորումներ ներկայից կամ էլ վաղուց երկար չէի գրել, կամ՝ գաղափարը՝ լինելիության երաշխիք


Աշխարհաքաղաքական կենտրոնների հավերժ պայքարի հավերժ թատերաբեմ Հայաստանն այսօր նաև կռվախնձոր է դարձել՝ ոչ միայն տարածք պատերազմելու համար։

Իրականում սթափվե՛ք, էս իշխանությունը ոչ այլ ինչ է, քան դեսանտ՝ իջեցված արևմուտքից՝ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոններից, իր առջև դրված հստակ թիրախներով՝ հասարակության կազմալուծում, պետականության հիմքերի խարխլում, Հայաստանի՝ արտաքին քաղաքական օրակարգի վերահսկում ու, բնականաբար, Կրեմլը պետք է հակազդեր էս ամենին՝ ի վերջո գերտերությունը երբեք չի թողնի, որ իր քթի տակ արևմտյան միսիոներները զգան իրենց ինչպես ձուկը ջրում. քաղաքական տեկտոնիկ համակարգերի բախման կիզակետ ա վերջապես էս տարածաշրջանը։

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի շահ Արցախի խնդրի վերաբերյալ ու առհասարակ թե՛ հայ֊իրանական սահմանի առկայությունը, թե՛ թուրք֊ադրբեջանական ընդհանուր սահմանի բացակայությունը ձեռնտուբէ ռուսներին։ Իսկ Արցախը յուրատեսակ լծակ է տարածաշրջանում վերահսկողությունն իրացնելու նպատակով՝ չհաշված, որ Ռուսաստանը համանախագահող երկրներից մեկն է։

Իսկ ո՞րն է արևմտյան շահը՝ Իրանի հյուսիսը վերահսկելը, Հայոց Ցեղասպանության հաշվին հետզհետե արևելամետ Թուրքիային ազդեցության գոտի բերելը, Արցախի պետականության հաշվին Ադրբեջանի իշխանություններին վերջնականապես ռուսական ազդեցության գոտուց հանելը, Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրս բերելը, Վրաստանի֊Հայաստան տանդեմի արդյունքում վերջնականապես Մոսկվա ֊Թեհրան, Մոսկվա֊Դամասկոս ուղղահայցը կտրելը, զենքի վաճառքը, և այլն։

Վերը նշված դիտարկումներն ակնհայտ են դառնում բոլթոնյան《ուժեղ մանդատի》պատգամի տրամաբանությունից, որին նախկինում բազմիցս անդրադարձել եմ, ինչպես նաև Բոլթոնի անհամեմատ աշխուժացումն ու Սորոսի կոչերը...Հարկ է նշել, որ《բոլթոնյան պատգամի》որոշ դրույթներ արդեն փաստացի իրականացվել են ՀՀ իշխանությունների կողմից, մասնավորապես պատմական կաղապարներից դուրս ենք եկել՝ Հայոց Ցեղասպանությունն անախորժություն որակելով, Իրանի հետ սահմանն էլ փակման վտանգի առջև է, ռուսների հետ հարաբերությունները՝ վատթարագույնը։


Related image

Պատմական էքսկուրս չկատարելու համար, բավարար է համաձայնել, որ Հայաստանն արկածախնդրության գնալու ու արտաքին քաղաքական վեկտորները շրջադարձային կերպով փոխելու իրավունք առհասարակ չունի, այն էլ այս շրջանում՝ դաշնակցություն Ռուսաստանի ու Իրանի հետ, սա է ամենապրագմատիկ ուղին, բայց ոչ վասալություն։ Միաժամանակ արևմուտքի հետ հարաբերությունները պետք է խթանել՝《ավելին չտալը》պայմանավորելով զուտ պետական ու ազգային շահով, ինչպես նաև Իրանի, Սիրիայի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին մեր պետությունը չապակայունացնելու ու կայուն զարգացման ուղին չխոչընդոտելու հանգամանքներով։

Վերոգրյալն անմիջականորեն կապված է ներքաղաքական զարգացումների հետ՝ էն որ բոլորն ընդդեմ Քոչարյանի վարկածն առաջ էի քաշել դեռ ամիսներ առաջ, նույն կերպ մտածում եմ և հիմա, էն որ կուլիսային տրիումվիրատի ականատեսն եք, որի մասին ևս ասել եմ ամիսներ առաջ, կրկին նույն մտքին եմ, էն որ Լևոն Տեր֊Պետրոսյանի սցենարով ու Սերժ Սարգսյանի հովանավորությամբ (թողտվությամբ) ա Նիկոլն էսօր իշխանության ու ինքը սցենարի ավարտը չէ, դրանում էլ չեմ կասկածում։
Ի դեպ Սերժ Սարգսյանին էս տրիումվիրատի մասնակիցը լինելու համար《ներել》կարելի է մեկ պարագայում, այն է՝ վերջինս էս քայլով խորամանկել է՝ ցանկանալով որոշակիորեն երկարաձգել Արցախի շուրջ կարծես փակուղի մտած բանակցությունները, սակայն ինչպես տեսնում ենք, Փաշինյանը ոչ միայն ոչինչ չի անում բանակցությունները ժամանակային առումով գոնե ձգելու համար, այլև քոչարյանական ձեռքբերումները տապալելուց, նրան քավության նոխազ դարձնելուց ու ապօրինի կալանավորելուց զատ, տրամագծորեն շեղվել է նաև Սերժ Սարգսյանի նախանշած ուղեծրից՝ խաղից դուրս թողնելով Սանկտ Պետերբուրգի, Ժնևի ու Վիեննայի պայմանավորվածությունները սահմանային մոնիտորինգի վերաբերյալ, դրա փոխարեն բավարարվելով օպերատիվ հեռախոսակապով իր ադրբեջանական կոլեգայի հետ, կարծես խաղից դուրս է թողնում նաև կարգավիճակ/պետականություն ձևակերպումները՝ օգտագործելով《խաղաղության պատրաստել》եզրույթը։

Արցախի հարցում Փաշինյանը չունի հստակ դիրքորոշում՝ սա փաստ է՝ վերջինս Արմեն Աշոտյանին ԱԺ֊ում այլ բան է պատասխանել, Վիգեն Սարգսյանին քարոզարշավի ժամանակ՝ այլ, հանրահավաքներում՝ այլ, հիմա՝ սուպերվարչապետական կոստյումը հնգամյա ժամկետով ապահովագրելուց հետո՝ այլ, իսկ իր արտգործնախարարն՝ այլ, քաղաքական տկարամատությամբ լեցուն իր քաղաքական թիմ կոչվածի անդամների մնացյալ ճնշող մեծամասնությանը չանդրադառնամ...

Երբ թավշյա վարչապետն ասում էր՝ Հայաստանում առկա է իշխանության մի նոր ձև, որ չի եղել աշխարհում, նա ստել է՝ Հայաստանում դասական օխլոկրատիա է, որը խորհրդարանական ընտրություններում բոլթոնյան《ուժեղ մանդատն》իշխանությունների կողմից ստանալուց հետո վերաճել է սուտ դեմոկրատիայով շղարշված դիկտատուրայի, էն որ վարչապետը խոստացել է սրընթաց տնտեսական աճ, նա ստել է, էն որ վարչապետը խոստացել է չզանգել դատարաններին, նա ստել, էն որ վարչապետը բացառել է խնամի֊ծանոթ մշակույթը, նա ստել է, էն որ վարչապետը խոստացել է վերացնել օլիգարխիան ու կոռուպցիան, նա ստել է, նա էնքա՜ն բան է ախր ստել և որևէ մեկն իրոք չփորձի բարբաջել՝ թե《քսան տարվա քանդած երկիր》,《թողեք աշխատեն》,《բա առաջ լա՞վ էր》և այլն, և այլն ու էս ամենի վերաբերյալ պատրաստ եմ կետ առ կետ բանավիճել ադեկվատ ցանկացած մեկի հետ ու հիմնավորել միտքս բացառապես փաստերով, իսկ թե պետք է ամենաթողության լկտիագույն դրսևորումներով պոլեմիկայի մեջ մտնեք, ավելի լավ է հանգի՛ստ նստեք տեղներդ և կամ մեկմեկու վզներից բռնեք ու միմյանց պատերով ծեփեք, փռեք ասֆալտներին...

Մասնավորապես Քոչարյանի վերաբերյալ《ջուր գործն》ու《նայի՛ր, բայց ուզես֊չուզես, պետք ա տաս》տրամաբանությունն ինքնին խոսում է Հայաստանում արդարադատության բացակայության մասին։ Ի վերջո《ջուր գործով》ու ակնհայտ անհիմն, նույնիսկ զրպարտության անալոգիա հանդիսացող կաշառքի մեղադրանքով, ի թիվս այլ միտումների՝ իրականացվում է մեկ բան՝ ինչպես և ասել եմ ամիսներ առաջ, քանի որ Հայաստանում չկա ընդդիմություն՝ ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական, իսկ Քոչարյանը միակ ֆիգուրն է, ում առանցքի շուրջ կարող է կոնսոլիդացվել հզորագույն հակադիր բևեռ, ուստի իշխանությունը, քաջ գիտակցելով վերջինիս քաղաքական հեռատեսությունը, կամքը, հնարավորությունները, Արցախի ու Հայաստանի պետականությունների կայացման գործում նրա հսկայական ավանդը, ամեն կերպ փորձում են իզոլացնել նրան՝ պահպանելով ու զարգացնելով շուրջ տասնամյա հակաագիտացիան խուսափելու համար հետզհետե անկում ապրող էլեկտորատի նոր ու վճռական համախմբումից։

Մինչդեռ Փաշինյանի քաոսային իշխանությունը Հայաստանում ոչ միայն օր օրի տապալում է ներքին կյանքը, ինչպես վերևում խոսվեց, վտանգում է պետության արտաքին վարկը ևս՝ հայ֊իրանական, հայ֊ռուսական հարաբերությունները, որոնք մեզ համար բացառիկ են հենց միայն ռազմաստրատեգիական առումով, այսօր վտանգված են առավել քան երբևէ ու հավանաբար իրենց վատթարագույն օրերն են ապրում։《Հեղափոխության հովանավորները》ևս գոհ չեն Փաշինյանից քանի որ նա, կարծես նույնիսկ ոչ իրավաչափորեն զորք ուղարկեց Սիրիա՝ փորձելով《լավամարդ》դառնալ Կրեմլում, սակայն ինչպես տեսնում ենք, ձեռքբերումները զրոյական են, կորուստները՝ զգալի։ Եվրոպան ու Կանադան մեզ նոսկի են նվիրում ու let's do պաչիկ անում միայն այն բանի համար, որ իրենք ևս նույն դուդուկի տակ են պարում։ Մակրոնը նույնիսկ մեղադրում է ռուսներին դեղին ժիլետների շարժման համար, Մերկելն այդպես էլ չի կողմնորոշվում, մինչդեռ պետականությամբ մտահոգ երկրները, նույնիսկ Թուրքիան《սորոսի》գործունեությունն առհասարակ արգելում են։ Դե Հայաստանին էլ բաժին է հասել Օվկիանիայի ու Աֆրիկայի պետությունները, որոնք իրենց աջակցությունն են մեզ հայտնում, բայց թե դա ինչ պրագմատիկ աջակցություն է, հավանաբար ֆանտաստ գրողները կիմանան։

Ամեն դեպքում ինձ համար մեկ անհայտ էր մնում անցած տարվա ապրիլի 23֊ից՝ ու՞մ խաղն է սա՝ ռուսների՞, թե՞ արևմուտքի, և հիմա կարծես դանդաղ, բայց նշմարվում ու փաստարկվում են են արևմտյան խաղի հիմքերն ու հիմնավորումները, որոնց հակախաղում են ռուսները, այլ խոսքով՝ արևմտյան հարձակման դիմաց ռուսական հակահարձակում։

Իրականում ես կոչ չեմ անում լինել ակնհայտ պրորուսական, այլապես օրերից մի օր կարող է քնենք ՀՀ֊ում, բայց արթնանանք ռուսական գուբերնիայում, կոչ չեմ անում նաև լինել ընդգծված արևմտամետ, այլապես առավոտը մի օր կարող է մեզ համար բացվել բրիտանական կոլոնիայում, մինչդեռ հաշվի առնելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահը, դիրքը՝ մենք պետք է լինենք բացառապես պետականամետ և սա է ՀՀ֊ում արթնանալու մեր միակ երաշխիքը։

Քավ լիցի, ես դեմ չեմ, որ մեր երիտասարդները սովորեն աշխարհի ամենաառաջատար համալսարաններում, որ գրանտեր ստանան կազմակերպություններն ու զարկ տան մշակույթի զարգացմանը, սերունդների կրթական ցենզի, արժեքային համակարգի բարձրացմանը, որ Հայատանը կոմպլեմենտար քաղաքականություն վարի ու աշխարհին ներկայանա այնպես, ինչպես Նախագահ Քոչարյանի տարիներին, դեռ ավելի լավ, որ պարիտետը պահպանվի ու մեզ չթեքեն էս կողմից էն կողմ՝ հավերժ շահագործելով, բայց ես չեմ ցանկանում, որ մեր երիտասարդները դրսում սովորեն հեղափոխություն անելու նուրբ արվեստն ու քանդեն պետության հիմքերը, որ լիցքավորվեն մեծագույն գաղափարներով, մերժեն Սերժին ու ստանան ավելի վատը, որ մեր հասարակական կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ պրոպոգանդեն միասեռականությունը, նրանց կողմից երեխաների որդեգրումը, աղանդները, թմրանյութերը, չեմ ցանակնում, որ մի քանի ավանտյուրիստ անհայրենիքների թակարդն ընկնեն մարդիկ, որոնց նկրտումները բարի են ու, բարեխիղճ մոլորության մեջ, գործիք դառնան լոկ խմբային շահեր հետապնդող ու պետականախույս ուժերի, Հայաստանը վասալ դարձնել ցանկացողների ձեռքին։

Արևմտյան ուժերի ավելի քան տասնամյա հետևողական քաղաքականության, իսկ այժմ էլ մեր երկրում իշխանություն ստանձնածների թեթև ձեռքով մենք կորցրինք Հայոց Ցեղասպանության խնդրի օրակարգային լինելն ու դա որակվեց որպես անախորժություն, տհաճ միջադեպ, մենք չգիտենք, թե ինչ է դրված Արցախի շուրջ բանակցային սեղանին, մենք զրկվեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, գազն ի հեճուկս իշխանական խոստումների, թե պետք է էժանանար, հակառակը՝ թանկացավ, սրվեցին հարաբերությունները Երևանի ու Ստեփանակերտի միջև, դիլետանտիզմը պատեց ողջ քաղաքական դաշտն, իսկ մերժված սուպերվարչապետին փոխարինեց մերժող սուպերվարչապետը՝ ոչ ավելին, մինչդեռ Ադրբեջանը հետզհետե ու խանդավառ առաջ է քաշում իր՝ տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես հակամարտության կարգավորման միակ սկզբունք, իսկ հայ հասարակությունը շարունակվում է մնալ բաժանված հայհոյողների ու հայհոյվողների, սևերի ու սպիտակների, տրադիցիոն ու ոչ տրադիցիոն օրիենտացիա ունեցողների, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ու աղանդավորների միջև և այդ բաժանումը միայն խորանում է. միթե՞ սա չէ Դարեհ Առաջինի խոսքերի պատմական հերթական իրականացումը, թե հայերին անկարելի է հաղթել, նրանց կարելի է մասնատել։

Փաստ է մի բան՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերելակային է, ներքինը՝ հեռախոսային, ու սա մեզ լավ տեղ հաստատ չի տանելու՝ պետականամետություն՝ ահա մեր միակ ուղին, իսկ նրանք, ովքեր խաղաղության քարոզի տակ թշնամուն սեր են խոստովանում, հայ զինվորին կացնահարած սրիկային ընկեր անվանում, զավակի կորուստը սգացող մորը սպիտակ հանդերձանքով կիսապատերազմական սահմանին կանգնելու ու հաշտվելու կոչեր անում, մեր զինվորի զենքը փտեցնելուն կամ դրանից զարդ պատրաստելուն են ուղորդում, քարոզում են քիրվայանալ մի երկրի հետ, որի նախագահն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե Երևանն իրենց է ու վերջ, թե Արցախի պետականության մասին խոսք գնալ նույնիսկ չի էլ կարող լինել, ամենայն լրջությամբ հայտարարում եմ՝ սրիկա են։

Չերչիլը լավ է ասել՝ ազգը, որ կանգնած է պատերազմի կամ խայտառակության առջև ու ընտրում է խայտառակությունն, անպայման ստանում է և՛ պատերազմը, և՛ խայտառակությունն։ Այսպիսով՝ չմոռանալով, որ ոչխարի գլխավորած առյուծների բանակը միշտ էլ պարտվելու է առյուծի գլխավորած ոչխարների բանակին՝ եկեք հույսներս չդնենք Ալիևի առյուծ չլինելու վրա միայն, այլ պետության ու ժողովրդի ներսի, որքան էլ որ կոպիտ հնչի, բայց պրոոչխարական մտածողությունը նախևառաջ վերացնենք, առաջնային դասենք պետականությունը մեր, արժեհամակարգը մեր, գուցե այն լավագույնը չէ, գուցե շատ են բացերը, գուցե բավականին իրավագիտակից չենք, տոլերանտ չենք, դեմոկրատ չենք, գուցե շատ պետք է ձգտենք վեհ ու վսեմ գաղափարներին հասնելու համար, բայց այսօր այդ գաղափարների քարոզը մեծ հաշվով պառակտիչ է մեզնով սակարկողների ձեռքին, իսկ մեզ պետք են հակառակը՝ գաղափարներ, որոնք կմիաբանեն, կմիավորեն ու դրանցից առաջինն է պետականամետությունը, որի առջև ստորադասել է պետք ամեն գաղափար, որը հիրավի երաշխիքն է մեր՝ որպես պետականություն ունեցող ժողովրդի լինելիության։

Որքան էլ, որ խուլ թմբիրում քնած լինենք, դարերով ենք քայլել, կորցրել֊շահել ու պետք է, որ դարավոր մեր քայլքը հիշենք, ոչ թե Գյումրուց֊Երևան եկածների դը՜փն ու հուհը՜...


Վահե Եփրիկյան