Լուսաշող. «Սպասում ենք, թե երբ իշխանությունները մեր կողմը կնայեն»

13/02/2019 22:14
Լուսաշող. «Սպասում ենք, թե երբ իշխանությունները մեր կողմը կնայեն»

Արարատի մարզի Լուսաշող գյուղը մարզկենտրոնից 48 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Գյուղում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ, կարիքավոր ընտանիքներ շատ կան։ Բնակիչներից շատերի տան տանիքները անմխիթար վիճակում են, ձմռանը տեղացած ձյան ծանրությունից կոտրվում են առանց այն էլ շարքից դուրս եկած  փայտերը։  Լուսաշող գյուղի բնակչուհի Նունուֆար Ասլանյանի բնակարանը նույնպես ունի նման խնդիր, նա միայնակ մայր է եւ ապրում է միակ երեխայի հետ` սոցիալապես ծանր վիճակում, վերջերս ընտանիքին է միացել նաեւ մի տղամարդ, ով համարվում է Նունուֆարի փաստացի ամուսինը։

Ըստ Ն․ Ասլանյանի, համայնքին պատկանող հին շինությունը նախկինում համայնքապետարանի կողմից  տրամադրվել է Նունուֆարին եւ իր երեխային, որպես ժամանակավոր կացարան։ Շատերը նրանց մեղադրում են, որ կտուրի փայտերը կոտրում վառում են, որ տաքանան, հետո էլ բողոքում են։ Լուսաշողում պատմեցին, որ այս ընտանիքին տարբեր կազմակերպություններ շոշափելի աջակցություն են ցուցաբերել, սակայն այդ ամենը նույնիսկ չի թեթեւացրել նրանց վիճակը, քանի որ Նունեի ամուսինը ոգելից խմիչքի հետ սեր ունի։ Հակադարձելով իրենց մեղադրող հարեւաններին, Ն․ Ասլանյանը ներկայացրեց իրավիճակը՝ ասելով.

-Տունս փլվում ա քանի տարվա շենք ա, սովետի վախտվանից սարքած։ Նախկին գյուղապետն իմ վրա է գրանցել էս շենքը, ես  եւ իմ երեխան ենք գրանցված շենքում։ Ամուսինս գրանցված չի, մենք օրինական ամուսիններ չենք, ուղղակի ապրում ենք միասին, նա թոքերից հիվանդ է, աշխատում է հարեւան գյուղում, գյուղի ոչխարներն է արածեցնում։ Փտած փայտերն ենք վառել, մեր նոր գյուղապետն էլ նոր է ընտրվել, հույս ունենք, որ  մի բան կանի, ինչով կարողանում օգնում է, դեղ առնելու համար էլ ինձ օգնել է,-ասում է Լուսաշողի բնակչուհին։

Համայնքի ղեկավար Արա Սաֆարյանը ընտրվել է 2018թ-ի հոկտեմբերի 21-ին կայացած արտահերթ ՏԻՄ ընտրություններին, նրա ընտրվելու հետ մեծ հույսեր են կապում գյուղում ու սպասում տեղաշարժի:

 -Լուսաշողում  մենակ Նունեն չի վատ ապրում,  շատերս ենք ծանր վիճակով ապրում։  Խնդրում ենք գրեք, որ պետությունը էս մեր նման գյուղերին ուշադրություն դարձնի, ամեն տարի տեղեկացնում ենք, լրագրողները մինչեւ չգան-չգնան մեր տեղը իմացողներ չեն լինի,- դժգոհեցին տեղաբնակները։