Ուրախ հանգով տխուր ոդեւիլ

12/02/2019 15:10
Ուրախ հանգով տխուր ոդեւիլ

Ոնց պատահեց, բախտը բերեց,
Էշը երկրին արքա կարգվեց:
Եվ հին, բարի առածի պես,
Բան չփոխվեց. դու՝ ինձ, ես՝ քեզ...
Ազգ ու տակին իր մոտ բերեց
Ու պատվական գործի դրեց:
Որին՝ իշխան ու նախարար,
Որին՝ բդեշխ ու գործարար,
Հարկահավաք ու օրենսդիր,
Ջատագովներ ու խմբագիր,
Որին՝ մարզպետ, որին՝ դեսպան,
Որին որպես՝ մարդասպան...
Ու էշամիտ, էշին վայել,
Փորձեց նաև կառավարել...
2
Հանուն ազգի, հենց նույն տարին,
Նոր, ազգային ժողով արին:
Ամեն մեկը իր տեսակի
Խոսնակ ընտրեց՝ ըստ քսակի,
Որ ուղարկեն մեծ ժողովի,
Ազատ ապրեն ու նորովի:
Խոսնակները արագ-արագ,
Շտապեցին մայրաքաղաք:
Երբ բոլորը ի մի եկան,
Խոսք վերցրեց ինքը՝ արքան.
Ասաց. «Էծե՛ր մանրապճեղ,
Ով առանց ինձ ուտի մի ծեղ,
Լավ իմացեք, ստամոքսում
Ամեն կերած չի էլ մարսվում:
Ասեղն ինչ է, եթե ուտեք,
Մտածեք, թե ինչ կ....ք...»
Խոսնակները միաբերան
Ասին. « Դո՛ւ ես մեր ռահվիրան...
Երկիրը քեզ մատաղ լինի,
Տեր, տիրական ամենայնի:
Մեզ էլ՝ մի-մի թուլաբաժին,
Ոնց կամքդ տա, այնպես շարժվի»:
Խոսք վերցրեց նորից արքան,
Ճառը կարճ էր ու պատվական:
«Գոհ եմ, ազնիվ հպատակներ» -
Ասաց արքան ամենատեր: -
«Ե՛ս եմ հիմա երկրի տերը,
Մնացածի՝ հերն ու մերը...»
Ու զռըռոցից՝ սարսափահար
Ողջ երկիրը մնաց շվար...
3
Դե, լծի տակ էշ արքայի,
Ազգ, արի ու կյանք վայելի...
Ով ճար ուներ, փախավ երկրից,
Թողած մոտիկ, տուն ու դրկից:
Ով հարս թողեց, ով ընտանիք,
Օտար երկրում փնտրեց տանիք:
Երբ կես ազգը փախավ-գնաց,
Պարզ է նաև, թե ով մնաց –
Տականքները՝ մեծահարուստ,
Եվ խեղճերը, խեղճ ի վերուստ...
Այսպես էշը մի հինգ տարի
Արքա մնաց տիրավարի:
Օրենքներով նույն անկատար,
Ազգին դարձրած կամակատար...
4
Ասում են, թե՝ չկա մի բան,
Որ չունենա վերջ ու վախճան:
Բայց դա ոչ մեր դեպքի համար,
Երբ էշերին էշն է հարմար...
Հինգ տարի անց... Եվ ի՞նչ եղավ,
Բան չփոխվեց, ցավոք, ավաղ՜...
Նույն փալանն էր, և նույն էշը,
Հո չէ՞ր փոխվի էշի գեշը...
. . . . . . . . .
«Խեղճ ու կրակ հպատակներ,
Ո՞վ էր էշին արքա կարգել...»
«Չուսանեցիք ձեր իսկ դասից,
Ու նույն էշին գեր դասեցիք»
«Ձեր ցանածը դուք եք հնձում,
Որ մի էշի չեք էլ սանձում»:
«Էշը՝ էշ է, բան չի փոխվի,
Թեկուզ հազար փալան փոխի»:
«Հիմա ո՞վ է էշը՝ ասեք,
Դուք եք ընտրում, դուք էլ՝ մարսեք»
Է՜հ, մնում է վերջին հասնեմ,
Նաև վերջին խոսքս ասեմ.
«Երբ որ էշ է տերը երկրի,
Երկար կապրեք իշավարի»:
Ա.Հ.