Աշխատողների իրավունքների ոտնահարումը Գորիսի պետական համալսարանում

10/02/2019 14:39
Աշխատողների իրավունքների ոտնահարումը Գորիսի պետական համալսարանում

Գորիսի պետական համալսարանում 2019թ. փետրվարի 7-ին կայացավ Խորհրդի նիստը (նախագահ է ընտրվել Սիսիանի մեծահասակների կենտրոնի տնօրեն Կարեն Հովհաննիսյանը): Հիշեցնենք, որ ըստ մամուլում եղած բազմաթիվ հրապարակումների՝ այս խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները  անօրինական հիմունքներով են ընդգրկվել խորհուրդ: Այդ անդամներից ոմանք ընդհանրապես չեն առաջադրվել ստորաբաժանումներից, բացի այդ՝ համալսարանի գիտական խորհրդում ընտրություն չի եղել: Եվ չնայած այս ամենին՝ ՀՀ կառավարությունը հաստատել էր այն՝ անտեսելով համալսարանականների բազմաթիվ բողոքները:

Մամուլում այս խորհրդի փետրվարի 7-ին կայացած նիստի վերաբերյալ լուսաբանումները միակողմանի են: Այնինչ իրականում, ինչպես նշում են համալսարանականները և խորհրդի մի քանի անդամներ, ռեկտորի հաշվետությունը և ռազմավարական ծրագիրը համալսարանի ներկա վիճակի ճշմարիտ արտացոլումը չէին, իսկ խորհուրդը մասնակիորեն է արձագանքել այդ ամենին: Իրականում Խորհրդի անդամներից մի քանիսը նույնիսկ գաղափար չունեն կրթության մասին, ոմանք էլ նույնիսկ չեն կարող մեկ նախադասություն ինքնուրույն շարադրել: Ինչևէ, դա արդեն ԿԳ նախարարության պատասխանատվության և աշխատունակության հարցն է: Իսկ այն անդամները, որոնք լավագույնս տեղյակ են համալսարանի խնդիրներին և ընդհանրապես ծանոթ են կրթության արդիական պահանջներին, բարձրաձայնել և իրենց կարծիքներն են հայտնել: Նույն նիստում ազատված համալսարանականները բարձրաձայնել են այն բոլոր խնդիրների մասին, որ ձևավորվել են մի քանի գիտակրթական հաստատություններ կաթվածահար արած Արտուշ Ղուկասյանի օրոք:

Հիշեցնենք նաև, որ այս պահին համալսարանից ազատված են 7 գիտությունների թեկնածու, դոցենտներ: Որոշ կրճատումներով հրապարակում ենք ազատված դասախոս, 34 տարի օտար լեզուների ամբիոնը ղեկավարած դոցենտ Հասմիկ Թունյանի ելույթը փետրվարի 7-ին կայացած նիստում:

 

«Այսօր ես ելույթ կունենամ պարտադիր գրավոր, որովհետև ցանկություն ունեմ խորհրդի նախագահին հանձնելու ասելիքս` ակնկալելով, որ նա ականջալուր կլինի և կհասցնի իմ ասելիքը համապատասխան ատյաններին:

ԳՊՀ-ում տիրող աղետալի վիճակի մասին ասելիքը, ասողները շատ են, բայց լսողներն են քիչ, ըմբռնողները` ավելի քիչ:

Բոլորս հիշում ենք՝ 2018թ. հուլիսի 26-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եկավ Գորիսի պետական համալսարան՝ նպատակ ունենալով տեղում ուսումնասիրել մեր բազմաթիվ բողոքների իսկությունը: Ամփոփիչ ելույթ ունեցավ և հայտարարեց. «Մթնոլորտը, որ ձեզ մոտ կա, ակադեմիական չէ, գործընկերային չէ, բուհի տպավորություն չեմ ստանում, եթե այսպես շարունակվի, ապա պետք է լուծարել Գորիսի պետական համալսարանը և նոր բուհ ստեղծել Գորիսում: Այս մթնոլորտում աշխատել հնարավոր չէ»: Մտածում էինք, որ կլինեն օպերատիվ լուծումներ, սակայն մինչ այսօր նախարարության կողմից ոչինչ չի կատարվել: Հարց է առաջանում. այդ  նախատինքից հետո ի՞նչ դասեր քաղեց ռեկտորը: Ձգտե՞ց բարելավել վիճակը: Իհարկե ո՛չ, նույն տեմպով շարունակեց իր քայքայիչ գործունեությունը: Նա իր ողջ գործունեության ընթացքում գործել ու գործում է ՀՀԿ-ի կարգախոսով. «Մեր դեմը խաղ չկա, ինչ ուզեմ, կանեմ» և անում է, իսկ ընտրություններին իր համախոհների հետ մասնակցել է շատ ակտիվ...

Իր գործունության նպատակը շահն է, որին հասնելու համար նա ոչնչի առջև չի կանգնում, որն էլ տանում է համալսարանի կործանմանը, ինչպես նախարարն էր ասում` «դեպի փակումը»: Ես այս ամբիոնից հայտարարում եմ և հետամուտ եմ լինելու, որ համալսարանը չկործանվի: Վերը նշեցի, որ հոգսերն են շատ ու ասելիքը, բայց բերեմ ընդամենը մեկ դրվագ, որ կատարվել է ինձ հետ:

Չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ: Հիշեցման կարգով ասեմ, որ բուհում աշխատում եմ համարյա հիմնադրման օրվանից, 34 տարի ղեկավարել եմ օտար լեզուների ամբիոնը: Ամբիոնում միակ դասախոսն եմ, որ ունեմ տպագրված հոդվածներ, 6-7 համատեղ ձեռնարկներ, մասնակցել եմ գիտաժողովների և հանդես եմ եկել գիտական զեկուցումներով: Ակտիվորեն մասնակցել եմ Վիեն-Գորիս քույր քաղաքների համագործակցության նախապատրաստական բոլոր աշխատանքներին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն. Հենրի Ռեյնոն, ուսումնասիրելով ֆրանսերենի  երկհատոր ձեռնարկները, ինձ շնորհակալություն է հայտնել ֆրանսերենի բովանդակալից գրքերի համար և որպես երախտիքի գնահատական՝ անվճար 21 օրով ուղարկել է Վանդեի դեպարտամենտ ճանապարհորդության նպատակով և այլն:   

  Իմ անբասիր աշխատանքը իբրև գնահատեց նաև նոր ռեկտորն ու ինձ 2016թ. հոկտեմբերին տվեց «դոցենտի» կոչում, նույն պահին իմ աշխատավարձն այնպես հաշվարկեց, որ 182000-ից դարձրեց 62000 (0,3 դրույք): Նշեմ նաև, որ «արժանվույն գնահատական» են տվել ամբիոնի վարիչ մ.գ.թ. Լ. Օհանյանը և ոմն աղջիկ ու ներկայացրել ռեկտորին. «Հաշվի առնելով օտար լեզուների ամբիոնի դոցենտ Հասմիկ Թունյանի մեթոդամանկավարժական երկարամյա վաստակը, բարեխիղճ աշխատանքը՝ առաջարկում եմ 2018-2019 ուստարվա համար կնքել նոր պայմանագիր ժամավճարային հիմունքներով»: Չէի ցանկանա թատերականացված կարծիքի մասին որևէ բան ասել, քանի որ դա նրանց սեփական իրավունքն է: Սակայն ես էլ իրավունք ունեմ ասելու և հարցնելու.

1.Որ՞ն էր ձեր կարծիքի նպատակը. ուսման բարելավու՞մը: Եթե այո, ապա ինչու՞ դուք էլ ժամավճարային հիմունքներով չեք աշխատում:

2. Ճի՞շտ եք համարում տնտեսագիտական ֆակուտետի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներին  համատեղ պարապելը: Սա նույնպե՞ս ուսման բարելավում է: Հարցերը շատ-շատ են, բայց անիմաստ եմ համարում շարունակել...

2018-2019թթ. ուստարվա առաջին կիսամյակի համար ամբիոնի բոլոր անդամներով կատարեցինք դասաբաշխում և կազմեցինք դասացուցակ: Ըստ դասացուցակի՝ ես մտել եմ լսարան շաբաթական 5-6 մուտքով (10-12 ժամով), մինչև սեպտեմբերի 19-ը: Աշխատավարձի մասին մեր մեջ խոսակցություն չի եղել: Հաջորդ շաբաթ ես պետք է վերսկսեի իմ դասաժամերը սեպտեմբերի 26-ին, սակայն նույն ամսի 21-ին ես հիվանդացա (ձեռքս կոտրվեց), որի մասին տեղյակ պահեցի և' ռեկտորին, և' ամբիոնի վարիչին: Համապատասխան ժամկետներում ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկները: Երրորդ թերթիկի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 6-ին: Սակայն վերջին թերթիկը չընդունեցին՝ հիմնավորելով, որ ես ազատված եմ աշխատանքից... Հետաքրքրվեցի, պարզվեց, որ 2018թ. նոյեմբերի  19-ին ԿԲ 302 Ա հրամանով անվավեր է ճանաչվել 2018թ.սեպտեմբերի 6-ի թիվ 241 Ա հրամանը՝ ռեկտորի կողմից միակողմանի կազմված, ժամավճարային պայմաններով ուսումնական աշխատանքի պայմանագիրը՝ իմ կողմից այն ստորագրված չլինելու պատճառով: Նախ ես ժամավճարային պայմանագիր չեմ տեսել, տեսնելու դեպքում էլ չէի ստորագրի այդ նվաստացուցիչ պայմանագիրը: Նաև պարզվեց, թե ինչու չեն վճարել սեպտեմբեր ամսվա և սեպտեմբերից հետո անաշխատունակության թերթիկի համար հասանելիք գումարները:

Ինձ մոտ հարց առաջացավ. ինչու՞ ինձ հետ կատարվեց այս թատերականացումը:

«Ինչու»-ն ունի մի շարք պատասխաններ: Նշում եմ մեկը. ես գտնվում եմ ռեկտորի այլախոհների ցուցակում այն բանի համար, որ արհմիության ընդհանուր ժողովում (13 մարտ, 2017թ.) հայտարարել եմ, որ համալսարանի ներկայիս վիճակն աններելի է թե՛ ուսանողների, թե՛ նրանց ծնողների, թե՛ դասախոսական անձնակազմի, թե՛ վարչա-տնտեսական անձնակազմի իրավունքների խախտման պատճառով: Եվ այս ամենը վերագրել եմ նոր ռեկտորի կամայականություններին:

Հավելեմ՝  երևի չկա նախադեպ, որ գործատուն գործառուին ազատի, հեռացնի, անվավեր ճանաչի, կամ կարծիք արտահայտի հրամանագրով, եթե գործառուն գտնվում է բուժման մեջ և գրանցված է հիվանդանոցում` բյուլետենի մեջ, գործատուն չվճարի գործառուին կատարած աշխատանքի դիմաց, չվճարի ներկայացված անաշխատունակության թերթիկի համար: Բայց ինձ հետ կատարվել է այս ամենը:

Դատելով ԳՊՀ-ի առկա ուսուցման որակի, կոլեկտիվի խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտի, ֆինանսական վիճակի մասին՝ գալիս եմ հետևյալ եզրակացության.

 համամիտ եմ իրավագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, իրավագիտության դոցենտ, ամենակարևորը` լավ դասախոս Մալիկ Թելունցի այն հայտարարությանը, որտեղ ասված է.«ԳՊՀ-ի ռեկտորի գործելակերպը հոգեկան հիվանդի գործելակերպի է նմանվում»: Ես կարող եմ ավելացնել, որ նա անբուժելի է և վտանգավոր է շրջապատի համար:

Այսքանից հետո իսկապես չգիտեմ` «լա՞մ, թե՞ խնդամ»:

 Ես իմ ոտնահարած ինքնասիրության և իրավունքների վերականգնման համար դիմել եմ դատարան: Բայց արդյո՞ք նոր Հայաստանից այս էր սպասելի»:

 

Հասմիկ Եղիշեի Թունյան

07. 02. 2019թ.

ք. Գորիս