Փողկապ կապելու «նուրբ արվեստը»

10/02/2019 14:30
Փողկապ կապելու «նուրբ արվեստը»


Մի քանի օր է՝ Լոռու նախկին փոխմարզպետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան օգտատերերի քննարկման առարկան է ՝ իր խիստ ինքնատիպ պաշտոնական լուքի պատճառով:

Մեր կողմից Արամ Խաչատրյանի՝ պաշտոնական այցի ժամանակ թարս կապած փողկապով լուսանկարը հրապարակելուց հետո նորաթուխ պատգամավորն ու նրա շրջապատը խիստ անհանգիստ հոգեվիճակի մեջ են հայտնվել, և բոլոր հնարավոր հարթակներում ջանք չեն խնայում խմբագրել ու հարթել իրավիճակը: Ինքը՝ Խաչատրյանը, կայքերից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ նկարն իրական է, արված է իր փոխմարզպետ եղած ժամանակ՝ Մեծ Պարնի գյուղում: «Ահավոր քամի էր, և այդ ժամանակ էլ հենց շրջվել էր փողկապս»,-ասել է պատգամավորը: 

Իսկ մենք անկեղծորեն կարծում էինք, որ հանրությանը նման ինքնատիպ տեսքով ներկայացող քաղաքական գործիչը նույնքան էլ վառ մեկնաբանություն պետք է աներ իր ոճային նախասիրության վերաբերյալ, կամ էլ առնվազն ընդուներ, որ ի թիվս շատ այլ կատեգորիաների,  որոնցում ձեռնհաս չէ, փողկապ կապելու հարցում էլ է նոր-նոր միայն փորձառություն ձեռք բերում:

Քամուց քշված պատգամավորի կամ պատահաբար շրջված փողկապի վարկածները ցրելու համար ներկայացնում ենք նույն պաշտոնական այցի՝ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր վայրերում արված լուսանկարներ, որոնցում նույն թարս կապված փողկապն է զարդարում է նորաթուխ պատգամավորին՝ տառացիորեն նույն թարս դետալներով:

 

Ադրինե Թորոսյան