Հիմնադրամի տրանսպորտային միջոցներով նաև ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել

10/02/2019 13:02
Հիմնադրամի տրանսպորտային միջոցներով նաև ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել

ՀՀԿ-ականացված Լոռու մարզպետարանի երկարամյա պաշտոնյա Մայիս Խաչատրյանը դեռ օգոստոս ամսից կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել: Նրա ղեկավարած հիմնադրամի գործունեության վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա հանցագործության հատկանիշների հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Լինելով Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետը՝ Մայիս Խաչատրյանը պաշտոնավարմանը զուգահեռ նաև անհատական հիմնադրամ է ստեղծել, որի բյուջեն գոյացել է նշված վարչությանը անմիջականորեն ենթարկվող՝ մարզի հանրակրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի պահումներից:


Մի շարք ուսումնական հաստատությունների նախկին ու ներկա աշխատակիցներ ոստիկանությունում հաղորդում են տվել, որ յուրաքաչյուր ամիս պարտադրված կարգով են իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումարները փոխանցել «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին: Քննության արդյունքում, իրավապահների տվյալներով, 2001-2018 թթ. ընթացքում միայն 15 ուսումնական հաստատություններից նշված հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 82 մլն 11 հազար 166 դրամ գումար, ինչը ծանր հետաևանքներ է առաջացրել, և արդյունքում էական վնաս պատճառվել աշխատակիցների ու կազմակերպությունների օրինական շահերին:


Պարզվում է, որ կրթության համակարգի աշխատողների աշխատավարձից բացի՝ հիմնադրամի ֆինանսավորման մյուս աղբյուրը տնտեսական գործունեությունից՝ հիմնադրամի հաշվեկշռում գրանցված տրանսպորատային միջոցները ուղևորափոխադրման նպատակով շահագործելուց ստացված եկամուտն է եղել:


Շիրակամուտ-Սպիտակ-Վանաձոր երթուղին ներկայումս սպասարկող ընկերության տնօրեն Ռոբերտ Դիլբարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախկինում այն «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից է շահագործվել. «Բավականին երկար տարիներ իրենք են եղել, հետո չկարողացան ապահովել մրցույթի պայմանները, դադարեցրին իրենց գործունեությունը: Գիծը դատարկ էր մնացել, որպեսզի բնակչությունը չտուժեր, մարզպետարանը գրությունով հանձնարարեց, որ մենք սպասարկենք մինչև հաջորդ մրցույթը, հետո մրցույթին «Լոռի հիմնադրամը» չմասնակցեց, մասնակցեցինք մենք ու հաղթեցինք: Չէին կարողանում մրցույթի պայմանները բավարարեին, կարծեմ՝ մեքենայի խնդիր ունեին՝ թե տարեթիվն էր անցած, թե մի մեքենան պակաս ունեին, ամեն դեպքում գիտեմ, որ իրենք մրցութային պայմանները չէին կարողանում ապահովեն»:


Թե ինչպես է մարզպետարանի կողմից անցկացվող մրցույթում նույն կառույցի պաշտոնյան անբավարար հիմքերով ձեռք բերել նշված երթուղու շահագործման իրավունքն ու տևական ժամանակ գործունեություն ծավալել, պարզ կդառնա մրցութային փաթեթի ուսումնասիրությունից, ինչը մարզպետարանը փորձում է ձգձգել՝ վկայակոչելով իբր արխիվային տեղեկատվության հանգամանքը, մինչդեռ տվյալ դեպքում օրենքով սահմանված՝ ըստ տեսակի հայցվող փաստաթղթերի պահպանման ժամկետը դեռևս ուժի մեջ է, և հետևաբար այս հարցում արհեստական խոչընդոտներ է հարուցում նաև Լոռու մարզպետարանը:


Իսկ մինչ այդ հիմնադարամի փաստաթղթերն առգրավված իրավապահները կրթության աշխատակիցներից պարտադիր հանգանակված գումարների ծախսային հիմքերը քննության առնելուց բացի՝ ուշադրություն պետք է դարձնեն նաև հիմնադրամի ծավալած ձեռնարկատիրական գործունությանն ու արդյունքում ստացված շահույթի իրական ծավալներին: Չենք զարմանա, եթե հիմնադրամի տնօրենի հաշվետվություններում տնտեսական գործունեության մասով եկամուտն ու ծախսերը հավասարեցված լինեն կամ գրեթե հավասարեցված … Այսպես օրինակ՝ տարեկան հաշվետվություններից մեկում նշված է, թե հիմնադրամը վառելանյութի, տրանսպորտի սպասարկման և վերանորոգման համար տարեկան 3 մլն 92 հազար 450 դրամ է ծախսել:


Հիշեցնենք, որ «Լոռու դպրոց» հիմնադրամի տնօրեն Մայիս Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքով Լոռուց 15 հազար ձայնով ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների ցանկում հայտնված, «Իմ քայլի» Լոռու տարածքային գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանի հայրն է:

Ադրինե Թորոսյան