ՏԻՄ ընտրություններ. Հրաժարական ներկայացրածները կրկին մասնակցում են

09/02/2019 23:40
ՏԻՄ ընտրություններ. Հրաժարական ներկայացրածները կրկին մասնակցում են

Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն մի շարք համայնքներում։ Իշխանափոխությունից հետո գրանցված թեկնածուներից գրեթե բոլորը ներկայանում են որպես անկուսակցականներ՝  մոռանալով իրենց նախկին նվիրումը որեւէ կուսակցությանն ու կուսակցապետին:

Image result for հառիճ գյուղ

 Շիրակի մարզի Հառիճ համայքի գործող ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը երկարամյա համայնքի ղեկավար է եւ միշտ եղել է անկուսակցական։ Համայնքի ղեկավարի ընտրություններին գյուղապետի հետ կմրցակցի մասնագիտությամբ մանկավարժ անկուսակցական Բակուր  Հովհաննիսյանը։ Չնայած այն բանին, որ Ռ․ Նազարեթյանը երկար տարիներ է ղեկավարում է Հառիճ գյուղը, այնուամենայնիվ, հետհեղափոխական շրջանում կայանալիք ընտրությունների մասով անհանգիստ չէ՝ ասելով, որ շատ աշխատանքներ է կատարել իր ղեկավարած տարիներին։  Եւ եթե ժողովուրդը հարմար կգտնի, որ ինքը պետք է շարունակի աշխատել, ապա սիրով կծառայի իր համագյուղացիներին։

Արարատի մարզի Վարդաշեն համայնքում եւս անկուսակցական երկու թեկնածուներ են գրանցված՝ գործող գյուղապետ Գեւորգ Բարխոյանը եւ Շահեն Ավագյանը։ Փոքր, խաղաղ  համայնք է Վարդաշենը, ըստ բնակիչների, գյուղապետի պաշտոնի համար պայքարելու իմաստը չեն տեսնում։

-Էս փոքրի գյուղի համար ի՞նչ ընտրապայքար, մեկ տան նման ապրում ենք, միմյանց օգնում։ Ո՞ր գյուղում խնդիրներ չկան, տունը, որ տուն է ամեն օր պետք է գործ անես։ Էդպես էլ գյուղերն են, փող լինի կանեն, ով բողոքում է, թե գյուղում լավ գործեր չի արվում, ավելի լավ է իր պետության հարկեր ու տուրքերը նախ պարտաճանաչ վճարի, հետո սրանից, նրանից բողոքի, -ասաց վարդաշեն համայնքի բնակիչներից մեկը։


Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են։ Ընթերցողին հիշեցնենք, որ նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մանուկյանը 2018թ-ի նոյեմբեր ամսին հրաժարական տվեց բնակիչների բողոքի ակցիաների ճնշման արդյունքում, վերջինս կրկին մասնակցում է համայնքի ղեկավարի ընտրություններին։

Ըստ տեղացիների, գրանցված անկուսակցական թեկնածուներ Արթուր Մանուկյանը եւ Ալեքսան Սարիբեկյանը մանկության ընկերներ են։ Ա․ Սարիբեկյանը աշխատել է ոռոգման ջրերի համակարգում։

Փետրվարի 17-ին երկու ընկեր-թեկնածուներից թե ու՞մ կվստահեն ընտրողները ցույց կտա ժամանակը։