Բաց նամակ. «Անկեղծ ասած սպասում էի փոփոխության, բայց որ այն կլինի այսքան նախկինից չտարբերվող, չէի սպասում»

02/02/2019 15:40
Բաց նամակ. «Անկեղծ ասած սպասում էի փոփոխության, բայց որ այն կլինի այսքան նախկինից չտարբերվող, չէի սպասում»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

ՉԿԱԼՈՎԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ



Հարգելի պարոն Պապիկյան, 2018 թվականի նոյեմբեր ամսին, երբ վարչապետը այցելել էր Գեղարքունիքի մարզ, հարցեր ուղղեցի, որոնցից մեկը վերաբերվում էր հենց սուբվենցիոն ծրագրերին և այդ ծրագրերի համար հաստատված չափորոշիչներին։ Վերջիններս ուղղակի աբսուրդային են, քանի որ մինչև 100 մլն ՀՀ դրամ բյուջե ունեցող համայնքների համար սահմանված է նույն 5 մլն և ավելի ՀՀ դրամ ֆոնդային բյուջեի առկայության պարտադիր պայման։ Հարցիս արձագանքելով վարչապետը փաստեց, որ ծանոթ չէ սուբվենցիոն ծրագրերի համար սահմանված չափորոշիչներին և համաձայնեց, որ այո սխալ մոտեցում է ցուցաբերվում հատկապես փոքր բյուջե ունեցող համայնքների նկատմամբ` հավելելով, որ 5 մլն դրամը 100 մլն - ի ընդամենը 5%-ն է, իսկ 15 մլն-ի մոտ 33%-ը: Այնուհետև լսելով իմ կողմից հնչեցված առաջարկները, խոստացավ առաջիկայում վերանայել այդ չափորոշիչները:
Անկեղծ ասած սպասում էի փոփոխության, բայց որ այն կլինի այսքան նախկինից չտարբերվող, չէի սպասում։ Ուղղակի հետաքրքիր է, թե ովքեր են այս չափորոշիչները սահմանողները և ինչ տրամաբանությամբ են հաստատվում այդ թվերը, որի արդյունքում փոքր բյուջե ունեցող համայնքները կրկին դուրս են մնում սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորությունից, հաշվի չառնելով, որ ինչպես բոլոր, այնպես էլ այս ծրագրի համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները` ֆոնդը, բաղկացած է ինչպես մեծ համայնքում բնակվող մարդկանց վճարած հարկերից, այնպես էլ ` փոքր։
Եվ ամենավերջում ուզում եմ հասկանալ ևս մեկ շատ կարևոր բան, նոր կառավարությունը ցանկանում է վերջապես աջակցել նաև փոքր համայնքներում ծրագրերի իրականացմանը, թե՞ նախկին կառավարության նման հարցի լուծումը տեսնում է համայնքների խոշորացման(միավորման) մեջ, որի մասին հայտարարում էին նախորդները։