Հրատապ. Ձեզ ու՞մ տեղն եք դրել, ՀՀԿ-ի՞

31/01/2019 13:48
Հրատապ. Ձեզ ու՞մ տեղն եք դրել, ՀՀԿ-ի՞

Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին աջակցելու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ:

Ճնշումներն իրականացվում են ՀՀ կառավարության և մարզային իշխանությունների կողմից: ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը հանձնարարական է է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին, մարզպետը՝ Ջերմուկի համայնքապետին, վերջինս հրավիրել է արտահերթ նիստ, ավագանու վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականը Վայոց Ձորի մարզպետ Տ: Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով:

Վայոց Ձորի մարզպետի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 24.01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ:

Հայտարարում ենք, որ մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին, հուսով ենք, որ նրանք ամուր կմնան ու կպաշտպանեն հանրության պահանջը ներկայացնող իրենց որոշումը: Խնդրում ենք լրատվամիջոցներին անհապաղ բարձրաձայնել այս խնդիրը, փորձել պարզել տեղեկատվության իսկությունը, հարկ եղած դեպքում՝ քննել պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումները Տարածքային կառավարման նախարարությունում և Վայոց Ձորի մարզպետարանում:


Թեհմինե Ենոքյան