Անձնական հաշվեհարդա՞ր, թե՞ համայնքային շահ

30/01/2019 18:45
Անձնական հաշվեհարդա՞ր, թե՞ համայնքային շահ


Այսօր, կեսօրից հետո, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են կասեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի աղջկա տեգրոջը՝ Սերոբ Պողոսյանին պատկանող ավտոլվացման կետի գործունեությունը։

Ընտանիքի փաստաբանական խմբի անդամներից Հրանտ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք դատարանի որոշում ունեն, որ արգելված է ավտոլվացման կետը քանդել․ «Արգելված է քաղաքապետարանին, հիմա նույն կազմով եկել են «մոյկա» ու ուզում են գործունեությունը դադարեցնել։ Փոխքաղաքապետն է իր թիմի հետ աշխատողներով եկել՝ համապատասխան մեքենայով։ Գործունեությունն են ուզում դադարեցնել, դատարանի որոշումը նույն ձեւով տվել ենք իրենց, էջմիածնի ոստիկանության բաժնին, որ հետագա գործողություններ չիրականացնեն»։


Իր հերթին փոխքաղաքապետն ասել է, որ ավտոլվացման կետը կառուցված է համայնքային սեփականության հիման վրա․ «Մեր գործունեության մեջ անօրինական բան չկա, համայնքային սեփականություն է։ Իրենք հայց են ներկայացրել դատարան, եւ մինչեւ դատական պրոցեսի ավարտը քանդման պրոցեսը կասեցվել է։ Մենք հիմա արգելափակում ենք, իրենց հետ խոսել ենք, ասել էին՝ 10 օրվա մեջ կապամոտնաժեն, հետո որոշակի աշխատանքներ արեցին, ապօրինի կերպով աշխատացնում են»։