Արտավազդ Ղազարյան. Իմ միակ որդին ապրելու է Նալբանդյան համայնքում, սա է մեր պապենական գերդաստանի խորհուրդը

30/01/2019 12:52
Արտավազդ Ղազարյան. Իմ միակ որդին ապրելու է Նալբանդյան համայնքում, սա է մեր  պապենական գերդաստանի խորհուրդը

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ներկա պահին նախընտրական թեժ պայքար է ընթանում՝ քարոզարշավը նոր-նոր սկսված: Նալբանդյանի համայնքապետի ղեկավարի պաշտոնին հավակնում են 5 թեկնածուներ՝ Արտավազդ Ղազարյանը, Ռոբերտ Պողոսյանը, Արսեն Շմավոնյանը, Արտակ Երվանդյանն ու գործող համայնքապետ՝ Գրիգոր Մկրտչյանը:

 Հիշեցնենք, որ Նալբանդյան համայնքը մարզի թվով երրորդ ամենամեծ համայնքն է թե՛ բնակչության թվով, թե՛ վարչական տարածքներով: Շուրջ  4,5 հազար բնակչություն ունեցող  համայնքը դեռևս  չունի մանկապարտեզ: Ունի ճանապարհաշինության հիմնախնդիր,  գլխավոր և երկրորդական փողոցները թաղված են փոսերի և փոշու մեջ:

Անանցանելի է դեպի հարևան Արտագերս տանող ճանապարհի հատվածը: Սրանք այլ թեմաներ են: Վերադառնանք թեկնածուներին և տեսնենք ի՞նչ վարկանիշ ունեն նրանք հայրենի համայնքում:

Նալբանդյանում մեր բլից հարցումների ու հանրային սոց հարցումների արդյունքում, 5 թեկնածուներից առաջատարը գյուղատնտես Արտավազդ Ղազարյանն էր:  Համագյուղացիները պատմում էին, որ այս անգամ գոնե ճիշտ ընտրություն կիրականացնեն, ձայների գերակշիռ մասը տալով համայնքի ամենահարգված ու պահանջված անձին՝ Արտավազդ Ղազարյանին:

Похожее изображение

Ուշագրավ կարծիքները ստորև՝

-Նալբանդյան համայնքում նրան մատով են ցույց տալիս, որպես օրինակելի, ուսյալ ու բանիմաց մարդու,-պատմում էին նալբանդյանցիները,- Համայնքում չկա մի ընտանիք, որին աջակից եղած չլինի գյուղատնտեսը, նրա գիտելիքն ու փորձը բարիք է բերում համագյուղացուն: Նա դեռևս 90-ականներին աշխատում էր համայնքապետարանում, որպես ֆինանսական գործակալ և բոլորից քաջ գիտե, թե ինչ հիմնախնդիրներ ունի Նալբանդյանը:

-Բարեկեցիկ առօրյա ունեցող գիտակը կարող է չափանիշ լինել ցանկացած նալբանդյանցու համար, շուրջ 20 տարի Ա. Ղազարյանը դասավանդել է Ագրարային համալսարանում՝ գիտելիքները փոխանցելով ներկա սերնդին, ովքեր հաստատակամ են  իրենց որոշման մեջ՝ կյանքը կապելով  հայրենի հողին,-ասաց ուսուցիչներից մեկը՝ խուսափելով ներկայանալ:

-Մարդն այնպիսի անթերի ընտանիք է ստեղծել, որ ինքնին հավատում ես, որ նույնը կանի համայնքում,-ասաց խաղողագործ Արփիկը,- երեք երեխաներ ունի, երեքն էլ բարձրագույն կրթությամբ, կինը՝ Անահիտը, նախկինում մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից էր:

-Արտավազդ Ղազարյան, նշանակում է հայ  գյուղատնտեսությանը շնչառություն հաղորդող թթվածին,- թեկնածուին պատկերավոր ներկայացրեց տարiքն առած նախկին կոմունիստներից մեկը,- Նա մինչեւ օրս ֆերմերների կառավարիչն է, ում գիտելիքների շնորհիվ հայ գյուղացին կարողանում է այս նեղ օրերին գյուղատնտսություն հիմնել ու զարգացնել:

Արտավազդ Ղազարյանին հանդիպեցինք իր տանը:

-     - Անհրաժեշտ է ունենալ զարգացող համայնք, սոցիալապես ապահով և առողջ ՀՀ քաղաքացի, ես այս սկզբունքով եմ առաջադրել իմ թեկնածությունը՝ ընդառաջելով ինձ դիմած նախաձեռնող խմբի պահանջին,-ասաց Արտավազդ Ղազարյանը,- Սիրել է պետք հողն ու հայրենին, շենացնել համայնքն ու դարձնել այն պետության ամուր անկյունաքարը՝ գերադասելով պետական ու ազգային շահը, ըստ ինձ, սա է միակ ճանապարհը այս անորոշ վիճակից դուրս գալու: Սիրիր ու մշակիր  հողը, կենդանական ու բուսական աշխարհը, և նրանք  վարձահատույց կլինեն՝ կերակրելով քեզ: Ընտրվելու դեպքում  մտավոր ներուժս  ու ջանքերս ներդրելու եմ հայենի ծննդավայրիս՝ Նալբանդյան համայնքի զարգացմանը: Ի վերջո, իմ միակ որդին է ապրելու այս համայնքում, այս է մեր պապենական գերդաստանի խորհուրդը: