Գյուղապետը մեծամտանում է՝ «Մարզպետն իմ տան երեխեն է...»

25/01/2019 16:48
Գյուղապետը մեծամտանում է՝ «Մարզպետն իմ տան երեխեն է...»

Արմավիրի մարզի մի շարք համայնքերում փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։  Ինչպես յուրաքանչյուր ընտրաշրջանում, այս անգամ էլ Նալբանդյան գյուղում ընտրությունների ֆոնին օր-օրի նախընտրական կրքերը թեժանում են։

Գյուղում ինչպես նախկինում, այնպես էլ հետհեղափոխական շրջանում ոչ մի պաշտոնյա ոտք չի դրել՝ համայնքի հոգսերին ու բնակիչների տրտունջներին անձամբ տեղեկանալու համար։ Գյուղում ամենաթողություն է՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է սկզբունքով էլ աշխատում են տեղական իշխանությունները։

Ըստ տեղացիների, գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը,  գյուղացիների մոտ մեծամտորեն հայտարարել է, որ ԱԱԾ-ն գա գյուղ ի՞նչ անի, երբ ինքն ասի այն ժամանակ էլ կգան։

-Գյուղապետն ասում է, երբ ես կասեմ են ժամանակ էլ ԱԱԾ-ն թող մեր գյուղ մտնի, գան ի՞նչ անեն։ Ինչի դու Նիկոլից ուժե՞ղ ես Գոքոր, որ քո դեմ խաղ չկա, քեզ էդպես են սովորեցրե՞լ։ Գյուղում այնքան են անապահով մարդիկ, որ այդ տան երեխան քնելուց առաջ մտահոգված վաղվա օրվա համար իր մորը հարցնում է, վաղը ի՞նչ ենք ուտելու, մա՛մ։ Ընդհամենը անչափահաս երեխա, բայց ծնողի հոգսով ապրում են, իսկ գյուղապետն իր ընտանիքով ցոփ ու շվայտ կյանք է վարում, մեկը չի գալիս հարցնի, դա ինչպե՞ս է լինում։ Դե թող գան գյուղ ստուգումների, ինչի՞ չեն գալիս պատկան մարմինները։ Էս մարզպետի օրոք էլ, թող գան ստուգումներ անցկացնեն, ինչի՞ չեն գալիս, թե՞ մարզպետը իրենց տան երեխեն ա, հիմա էլ տունտունիկ պետք է խաղանք։ Էս ճանապարհները քարուքանդ ինչի՞ չեն նորոգում։ Երբ հղի կին ենք տեղափոխում քարուքանդ ճանապարհին ծննդաբերում է  ճանապարհին։ Տարեկան 9 միլիոն գույքահարկ ենք վճարում գյուղապետարան, տաքսիները հրաժարվում են չեն մտնում գյուղ։ 100 միլիոն բյուջե ունեցող գյուղն աղբի, քանդված փողոցների, առանց մանկապարտեզի ու ոռոգման ջրի, ամեն օր աղքատներով ավելացող գյուղի է վերածվել։ Նալբանդյանի նման հարուստ բյուջեով գյուղը մնացել է դրսի ու համայնքի արտերկրում ապրող բարերարների հույսին, ով ինչ անի գյուղապետը վերագրում է իրեն,-ասում են համայնքի բնակիչները։

Ինչպես գյուղապետն է հայտարարել՝  ԱԱԾ-ին երբ ասի նոր կգան գյուղ, այնպես էլ համագյուղացիները այս պատասխանատու կառույցի մասին խոսելի միայն կատակում են եւ ծաղրանքով խոսում։

-Շատ մի խոսա, թե չէ ԱԱԾ-ն կգա քեզ կտանի, կամ էլ ԱԾԾ-ն կգա,-անլուրջ քամահրանքով ու ծիծաղով ասում են գյուղամեջում հավաքվածները։

Գործող համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանի հետ կմրցակցեն չորս անկուսակցական թեկնածուներ։Նրանցից, Արտավազդ ՂազարյանըԱրմեն Շմավոնյանը եւ Արտակ Երվանդյանը համայնքի կենտրոնում էին համագյուղացիների հետ, ովքեր տեսախցիկի առջեւ ներկայացրեցին իրենց ծրագրերը։

 Համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը, ըստ համագյուղացիների, առաջիկա ընտրություններին արդեն ապահովվել է իր դիրքերը, ի դեմս նորանշանակ մարզպետ՝ Համբարձում Մաթեւոսյանի: Ինչպես գյուղում են պատմում, գյուղապետը մարզպետին ներկայացնում է, որպես իրենց տան երեխեն, ասելով մարզպետը մեր տան երեխենա եղել։ Գյուղում պատմում են, որ 88-ի աղետաբեր երկրաշարժից հետո, Մաթեւոսյան ընտանիքը լինելով աղետի գոտու Ախուրյան համայնքից, տեղափոխվել են Նալբանդյան գյուղ։ Եւ քանի որ Համբարձում Մաթեւոսյանի պապը եւ Գ Մկրտչյանի հայրը նախկինում ընկերներ են եղել, երկրաշարժից հետո ապրել են Գրիգորենց տանը եւ ներկայիս մարզպետի հայրը մի որոշ ժամանակ սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։

Գործող ՔՊ-ական մարզպետի ներկայությունը մարզում Նալբանդյան գյուղի գյուղապետին մի այլ կարգի արտոնություն է տվել, վերջինս ապահով տանիք ունենալով իրեն համարում է արդեն վերընտրված համայնքի ղեկավար։

-Թայֆաբազություն է էլի, իբրեւ էս երկրում ի՞նչն է փոխվել, էս մարզպետի օրոք թող գան ստուգեն, որ ոչ մի անդորագրով հավաքված գումար բյուջե մուտք չի արվում։ Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ եզդիները եւս անտեսված են համայնքում։

Նալբանդյան համայնքում բնակարանաշինության ծրագիր է իրականացվում բարերարների շնորհիվ, Գրիգոր Մկրտչյանն է զբաղված դրանց բաշխումով,  կկառուցվի 14 բնակարան։ Մի եզդի հաշմանդամ ընտանիք եւս կարիք ունի բնակարանի, կտրամադվի՞ արդյոք այդ ընտանիքին բնակարան ժամանակը ցույց կտա, քանի որ գյուղապետը ասել է, սրանք հայերի համար է, ոչ թե եզդիների։

-Ի՞նչ կլինի, եզդի զոհված զինվոր էլ ունենք գյուղում, ինչի եզդիները մարդ չե՞ն, նրանց չի՞ հասնում,-ասում են արդարամիտ նալբանդյանցիները։

Արդեն 13 տարի գյուղը ղեկավարող համայնքի ղեկավարը, ինչքան էլ փորձում է իր կատարած աշխատանքները նշել, սակայն համայնքում մարդիկ պատմում են, որ թավշյա հեղափոխությունը  Նալբանդյան չի հասել, ով ինչպես կարող է իր անձնական հարցերն է լուծում իշխանական լծակներով։

Երբ փորձեցինք լսել նաեւ համայնքապետին, պարզվեց, որ գյուղապետը գյուղում չէր…

 Ի դեպ, համայնքում շրջելիս շատերը մատնացույց անելով մի շարք փողոցներ ասում էին, որ գյուղի այդ փողոցները գնանք, որտեղ մարդիկ մարտի 1-ի դեպքեր են քննարկում, թե ի՞նչ կապ ուներ մարտի 1-ի դեպքերը համայնքի ղեկավարի ընտրությունների հետ՝ անհայտ մնաց։
Ըստ տեղացիների, ամեն ընտրաշրջանում, գյուղապետը հոր սպանությունը կապում է տվյալ ժամանակահվատվածում առաջադրված թեկնածուի անվան հետ:
-Մի ծրագրի ու առաջարկի մասին չլսեցինք, միայն հոր սպանությունն է շահարկում՝ զոհի կերպարի մեջ մտած:
Իսկ ընտրությունների ավարտից հետո, նորից առաջ է բերում համագյուղացի Վրեժ Հարությունյանին՝ Կաբելի Վրեժին, ու հայատարարում, որ հենց նա է հորը սպանողը:


Հերմինե Մանուկյան