Միջնորդությունը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել

10/01/2019 18:01
Միջնորդությունը քննող դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պետք է քննվեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։

Երեկ քննիչը և դատախազն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին։ Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, և նիստը պետք է շարունակվեր այսօր։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։

Քոչարյանը չի մասնակցել այսօրվա նիստին։

Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որը հետաձգվել էր մինչև հունվարի 9-ը: