Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին

09/01/2019 18:10
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։

Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը, քանի որ ունի անձնական հարցեր։ Քննիչը նաև նշել էր, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել։

Այս հարցով քննություն իրականացնող դատավորը, նկատենք, Նելլի Բաղդասարյանն էր։

Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել, և դատավորը այդ հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև դատախազը:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք անցնում է մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Բացի նախկին նախագահից, այս մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն արդեն երկար ժամանակ է՝ հետախուզվում է: