Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է ՍԴ

09/01/2019 13:19
Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է ՍԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից հունվարի 8-ին դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան, այս մասին նրանք հայտարարություն են տարածել:

«Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը: 
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ 

Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով

 փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: