Փարաջանովի 95-ամյակի առթիվ ցուցահանդես է բացվել Ստամբուլում

09/01/2019 13:11
Փարաջանովի 95-ամյակի առթիվ ցուցահանդես է բացվել Ստամբուլում

Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:

Հայ մեծ կինոռեժիսորը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է:

«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը:

Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը:

«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ  ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշեց մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը:

Վերջինս ընդգծեց, որ «Պերա» թանգարանը 5-հարկանի է և 4-րդ հարկում Փարաջանովի ցուցահանդեսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված ինստալյացիա է արել:

Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով: