«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի»

07/01/2019 22:02
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի»

Կարագանդայում լույս հունվարի 1-ի գիշերը սպանության մեջ կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը պատրաստ է Ղազախստանի իշխանություններին հանձնվել, հայտնում են ղազախստանյան լրատվամիջոցները։

Լրատվամիջոցները youtube-ում տեսանյութ են տարածել, որտեղ երիտասարդը ներկայանում է որպես Նարեկ Գուրուրյան եւ հայտարարում, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին․

«Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997 թվականի մարտի 30-ին: Առաջին հերթին, իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին։ Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել, իսկ այդ չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին եւ խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ»,- մասնավորապես նշել է նա։ 

Հիշեցնենք, որ մի քանի երիտասարդներ Ամանորի տոնակատարության ժամանակ ռեստորանում վեճի են բռնվել։ Ծեծկռտուքի հետեւանքով դանակի վնասվածքից փողոցում մահացել է Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ձերբակալված երեք հոգու համար խափանման միջոց է ընտրվել կալանքը։