Նոր տարին հին խնդիրներով կամ Նիկոլի հինն ու նորը չի լինում

05/01/2019 18:14
Նոր տարին հին խնդիրներով կամ Նիկոլի հինն ու նորը չի լինում

Երեկ ձևավորվեց ԱԺ֊ը։

Իսկ շատերը գլուխս տանում էին, թե բա՝ «ա՛յ, հեսա Նիկոլը դառնա իշխանություն, սաղ փոխվելու ա», հետո Նիկոլը ձևավորեց կառավարություն ու ամենը մնաց անփոփոխ: Քննադատեցի, բայց «թողեք, թող աշխատեն» տրամաբանությամբ ինձ կրկին ջանասիրաբար պատասխանում էին, թե բա՝ «սպասի հեսա արտահերթ ընտրությունները կայանան, կփոխվի ամեն բան», կայացան՝ կրկին ամենը մնաց անփոփոխ, վրա հասավ Ամանորն ու չափից երկար անիմաստ ոչ աշխատանքային օրերը, կենացները, թամադայությունը, մինչդեռ ճոռոմ֊ճոռոմ մաղթանքներն, օրվա իշխանությանն ուղղված անվերջ դիֆերամբները, բացառիկ հավատը դեպի վաղվա օրը ոչ այլ ինչ է, քան աղբի կենտրոնում կանգնեցված տոնածառի հեթանոսական, անարժեք, դատարկաբանական ծես, ինչպես տեսնում եք, ես ճիշտ էի՝ ճգնաժամը պետության բոլոր ասպեկտներում շարունակվում է ու գնալով ահագնանալու է։


Կառավարություն ձևավորելիս Նիկոլն առաջ էր բերել իր 《լավագույն》 կադրերին, հերթով չթվեմ անունները, բոլորդ էլ գիտեք՝ ինչ խորը դիլետանտիզմի մասին եմ խոսում, հիմա ավելի վատ է՝ հերիք է միայն հետևողականորեն հետևեք գալիք խորհրդարանի աշխատանքին ու միայն աղբ ու Ասյա Խաչատրյան քննադատող ընդդիմություն կոչվածին, մինչդեռ մեր գլխին դամոկլյան սրի պես առկախված է մնում տնտեսական էմբարգոն, քաղաքացիական բախումների, Արցախի խնդիրները, արտաքին մնացյալ հարաբերությունները, ներքին հախուռն իրավիճակը, որոնք պահանջում են հստակ լուծումներ, սակայն չգիտեմ ինչու չեն բարձրաձայնվում՝ կարծես պետության միակ խնդիրն է մի երկու գրանտալափի սուբյեկտիվ գրառումներն ու երևանյան աղբը։


Ինձ որ լսեք, էդ ադրբեջանասերերին կուղարկեք Իլհամի թագավորություն, իսկ տրանսպորտի գնի բարձրացման համար միտինգների ժամանակ իր մեքենայով մարդկանց տեղափոխող պատեհապաշտ վոլոնտյոր Մարության Հայկի նմաններին կտրամադրեք աղբահավաք մեքենան ու կթողնեք, որ աշխատեն...


Մի խոսքով՝ կենտրոնացեք պետության վրա։


Նիկոլին մշտապես քննադատել եմ երեք ուղղություններով՝ հաստատապես տապալվող ներքին ու արտաքին քաղաքականություն ու կադրային քաղաքականության խայտառակ վիճակ, որին բազմիցս անդրադարձել եմ ու կարծում եմ՝ բավականին հիմնավոր ու փաստարկված։


Ինչևէ, այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի ծննդյան տոնն ու չեմ ցանկանում բոլորիս տոնը փչացնել ինչ- որ ժամանակավոր նիկոլյան իշխանության քննադատությամբ, կասեմ հետևյալը՝ հավատացյալ եք, թե աթեիստ, մնացեք ռացիոնալ՝ հավատքն էլ իր ռացիոնալն ունի, դրանում վստահ եմ, ու այս տարին փորձեք սկսել բացառապես ողջամտության, սթափության, մտածողության սկզբունքներով՝ պետականամետություն բառն ամենից վեր դասելով։


Դե իսկ ի դեմս վարչապետի ժ/պ֊ի՝ իշխանություններին, ադրբեջանասիրության քարոզը դեմոկրատիայի քողի տակ մատուցողներին, երկիրը տապալողներին, քաղաքական կույրերին ու խուլերին, պատեհապաշտներին մաղթում եմ շուտափույթ սթափություն, քանի որ, легко подняться с грязи в князи, но должен помнить каждый князь, что князь не вечен, вечна грязь…

Վահե Եփրիկյան