Շնորհավոր Նոր տարի եւ գալիք Սուրբ Ծնունդ

31/12/2018 08:13
Շնորհավոր Նոր տարի եւ գալիք Սուրբ Ծնունդ

Եվ այսպես, մեր կյանքից  անցավ եւս մեկ տարի: Մենք  մեկ տարով մեծացանք, մեր պետությունն էլ մեկ տարով մեծացավ, մեծացավ նաեւ մեր հասարակությունը: Սակայն, արդյո՞ք մենք մեր տարիքի հետ ձեռք բերեցենիք նաեւ իմաստնություն, կամ գոնե, իմաստնության մի որոշակի պաշար, որի օգնությամբ 2019-ին կլինենք ավելի կայուն, ավելի հաստատուն, ավելի հաջողակ եւ ավելի քիչ սխալներ կգործենք, հատկապես ազգային կարեւորագույն խնդիրների հարցում:

Սա, իհարկե, ժամանակի մեջ երեւացող խնդիր է:

Մենք միայն մեկ տարի անց կհասկանանք մեր իմաստնության չափը, կամ, որն ավելի ցավալի է՝ նրա բացակայությունը: 

Հուսանք, որ 2019թ-ն այս առումով ավելի արդյունավետ տարի կլինի, քան անցնող տարին էր:

Ամեն դեպքում, անցնող տարում էլ, չնայած մեծագույն դժվարություններին եւ սխալներին, հատկապես տնտեսական քաղաքականության եւ արտաքին քաղաքականության ասպարեզում, մենք կարողացանք որոշակի  բաներ հասկանալ, որոնք, անկասկած, մեզ համար օգտակար կլինեն գալիք տարում:

Խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք սովորել մեր սխալների վրա:

Ճիշտ է, ասում են՝ խելոքներն ուրիշների սխալների վրա են սովորում, իսկ հիմարները՝ սեփական, սակայն տվյալ պարագայում մենք հիմար չենք, պարզապես մեզ հիմարի տեղ էին դրել որոշ մարդիկ, ովքեր մտածում էին, որ կարելի է այս հասարակության հետ ամեն ինչ անել, մանիպուլացնել, թոզ փչել հասարակության աչքերին, խաբել, վատը լավ ներկայացնել, պարտությունը հաղթանակ ներկայացնել, եւ այսպես շարունակ:

Եվ մենք, իհարկե, հիմար կլինեինք՝ եթե հավատայինք այս մարդկանց:

Սակայն մենք չենք հավատացել եւ ամեն օր մենք մեր ձայնն ենք բարձրացրել, ցույց տալու համար, որ մենք չենք խաբվել եւ չենք կերել այն կուտը, որ իշխանությունները գցում էին հասարակության առաջ եւ փորձում կերակրել  հասարակությանն ինչ-ինչ հաջողությունների մասին հեքիաթներով:

Պարզապես մենք մտածել ենք մեր պետության եւ պետականության մասին, մենք մտածել ենք պետության հեղինակության եւ վարքի մասին, ազգային շահերի, ազգային արժանապատվության ու գաղափարախոսության մասին: Մենք փաստարկված ներկայացրել ենք մեր մոտեցումները, փաստարկված ներկայացրել ենք իշխանությունների մտքի սնանկությունն ու անհեռատեսությունը:

Հարգելի ընթերցո՛ղ, նույնը անելու ենք նաեւ գալիք տարում, նույնն անելու ենք միշտ, որքան էլ փորձեն մեզ համար դժվարություններ ու հրապարակվելու համար խնդիրներ ստեղծել:

Մեր զենքը ճշմարտությունն է եւ մեր ընթերցողների մեծ բանակը, որի առկայությունը ոգեշնչում է հետամուտ լինել հասարակության շահերի պաշտպանությանը:

Շնորհավոր Նոր տարի եւ գալիք Սուրբ Ծնունդ:


Աննա Գեւորգյան