Վթարից տուժած երեխան եւ անօրինական ուղեւորափոխադրումները. ո՞վ կբռնի հանցավոր ձեռքը

29/12/2018 09:31
Վթարից տուժած երեխան եւ անօրինական ուղեւորափոխադրումները. ո՞վ կբռնի հանցավոր ձեռքը

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թևերի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Ալիկ Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 144 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 62-ամյա Մարատ Վարդանյանի վարած Land Rover մակնիշի 35 PG 441 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկության վթարի հետեւանքով ուղեւորներից մի մանկահասակ երեխա տեղափոխվել է հիվանդանոց:

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վթարի է ենթարկվել անօրինական գիծ մտած մարդատար Mercedes-ը. կա վիրավոր. գծի անօրինական տերը, ըստ տեղեկությունների, «Ջութակ Արան» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առաջին հայացքից հերթական արտակարգն դեպքն է, որը, բարեբախտաբար, շատ լուրջ հետեւանքներ չի ունեցել: Բայց կարող էր եւ դա տեղի չունենալ, եթե...

Փաստորեն երկրում միայն «իրավիճակ է փոխվել» այնքանով, որ «իրավիճակ» բառը սկսել է ավելի հաճախ օգտագործվել, իսկ մնացածն իրենց տեղում են՝ նույն բարքերը, կառավարման նույն մեխանիզմները: 

Մեկ տարի առաջ HZHAM.am-ը անդրադարձ էլ ՀՀ մարզերում իրականացվող անօրինական ուղեւորափոխադրումներին, մատնանշելով ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության, տրանսպորտի տեսչության պետի դուռը, հուշել էինք կառավարման համակարգին, որ նույն այդ պետի «լեւի գծերը», խանգարում են երկրում ունենալ կայուն եւ ապահով ուղեւորափոխադրում, Ինչի արդյունքում տուժում էին նա՛խ օրինական հարկ վճարող ուղեւորափոխադրող ընկերությունները, իսկ շատ հաճախ նաեւ ազգաբնակչությունը, քանի որ անսարք «լեւի» փոխադրողները չեն համապատասխանում չափանիշներին ու չեն անցնում պարտադիր տեխզննումներ:

Այդ ժամանակ, նախարարությունից պատասխան եկավ՝


    

Սրան հետեւեց մի քանի համայնքների ղեկավարի 200 հազարական դրամի չափով տուգանքները՝ իբր կեղծ տեղեկանք տրամադրելու համար, եւ, փաստորեն, մինչեւ օրս անօրինականությունը շարունակվում է ու շատ հաճախ դառնում դժբախտությունների պատճառ:

Մենք չենք զլանա, եւ նորաթուխ կառավարությանը կհուշենք, թե ինչպիսի անօրինական համակարգ է գործում երկրում, հույս ունենալով, որ գոնե այս դեպքում կսթափվեն եւ կզբաղվեն իրենց ուղիղ նշանակությամբ եւ «լեւի գիծ» կոչվող այդ չարիքն արմատախիլ կարվի երկրից:

Եվ այսպես, ամբողջ հանրապետությունում գործում է մի համակարգ, որտեղ ապօրինի փոխադրողներն ավելի պաշտպանված են քան օրինական փոխադրումներ իրականացնողները (Միայն Սեւան քաղաքում գործում է 7 եւ ավել անօրինական ուղեւարփոխադրող: Ա.Գ.):

Օրինական փոխադրողները հաշվետու են պետության ու օրենքի առաջ, մուծում են իրենց հարկերը եւ պատասխանատվություն են կրում իրենց կատարած խախտումների համար: Իսկ ապօրինի փոխադրողները, փոխադրումն իրականացնում են առավել շահութաբեր երթուղիներով` «բարեգործական», «պատվերով», կամ «ուսանողական» անվան տակ` դռնից-դուռ մեխանիզմով ու իրենց հարմար սակագներով եւ պետական գանձարկղ չմուծելով ոչ մի լումա, ընդհանուր հաշվով փոխադրում են ավելի շատ ուղեւորներ, քան օրինական փոխադրողները եւ հաշվետու են միայն ու միայն Տրանսպորտի տեսչության չինովնիկներին:  

Տեսչություն ասածը, որպեսզի իրականացնի իր կոռուպցիոն ցանցի գործունեությունը, բազմաթիվ հնարքներով, փաստաթղթավորում է ապօրինի փոխադրողներին, որպեսզի նրանք շրջանցեն  օրենքները եւ սիստեմատիկ  «մուծվեն» իրենց: Իսկ եթե գնանք այդ թղթերի հետքերով, ապա կտեսնենք, որ իրականության հետ ընդհանրապես կապ չկա:

Սա ընդհամենը հնարք է մեծ փողեր աշխատելու ու «չմուծվող» օրինական փոխադրողներին պատժելու համար:   Գուցե նորանշանակ նախարարն ու տրանսպորտի տեսչության պետը տեղյակ չեն այս շղթայի գործունեությունից, բայց դա չի արդարացնում  նրանց մասնակցությունը, ավելին` դա վկայում է այն մասին, որ նրանք իրենց տեղում չեն:

Հետո էլ ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, դե բերեք պայքարենք: Կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում: Դե թող պատկան մարմինները զբաղվեն իրենց պարտականություններով: Սա տիպիկ հայտարարություն է առկա ու անժխտելի ստվերային կոռուպցիայի մասին: