Հեքիաթային, լուսավոր միջավայրի վկան. Զեմֆիրա Նավասարդյան

26/12/2018 17:12
Հեքիաթային, լուսավոր միջավայրի վկան. Զեմֆիրա Նավասարդյան

Արարատի մարզի Արտաշատի բնակչուհի Արմանուշ Բալայանը տեղեկացնում է մեր կայքին, որ 2019թ. մայիս ամսին լրանում է Արտաշատի ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի նախկին վարիչ՝ Զեմֆիրա Նավասարդյանի բժշկական գործունեության 50 տարին:

Հազարավոր կյանքեր փրկած, հանրաճանաչ գինեկոլոգ-բժշկուհին մինչ օրս շարունակում է կյանքեր փրկել,օջախներ վառել ու երջանկություն պարգևել մարդկանց:

-Գինեկոլոգ Զենֆիրա Նավասարդյանի կյանքի 24 ժամը վազք է, նա ամեն օր «մահանում» է, որ կյանք տա: 50 տարի կյանքի այս ռիթմն օրինաչափ է եղել բժշկուհու համար,-պատմում է Ա. Բալայանը,-Վաղն իմ աղջկա հարսանիքի օրն է, ում մահվան ճիրաններից փրկել Զեմֆիրա Նավասարդյանը:
Բժշկի ինքնազոհ աշխատանքը երբեմն համապատասխան գնահատանքի չի արժանանում:Այս դիտապատկերում ցանկանում եմ ձեր կայքի միջոցով իմ և իմ նմանների երախտագիտությունը հայտնել իր գործին գիտակ, բանիմաց, իր զարկերակը մոր և մանկան հետ միշտ համաշունչ պահած բժշկուհուն:

Ընդառաջելով մեր ընթերցողի հորդորին՝ հանդիպեցինք Զեմֆիրա Նավասարդյանին:

Վերջինս համեստորեն, մեծ դժվարությամբ համաձայնեց պատասխանել մեր հարցերին՝ շեշտելով, որ ակտիվ ընթերցողն է HZHAM.am կայքի:

1962թ-ին ավարտելով Մխիթար Հերացի բժշկական ինստիտուտը, Զեմֆիրա Նավասարդյանն աշխատանքի է անցնում Գետազատի բուժ տեղամասում, որպես վարիչ:

1969թ-ին երջանկահիշատակ՝ Մարտին Հակոբյանը որպես լավ նեղմասնագետի Զ.Նավասարդյանին հրավիրում է Արտաշատի հիվանդանոց:

Ամուսինը՝ Ֆելիքս Սահակյանը, ով Արտաշատի ավտոպարկի վարիչն էր,համակերպվել էր կնոջ դժվարին գործին, օգնում էր կնոջը տանը,խնամում էր 3 դուստրերին:

Գետազատում մինչ օրս ակնածանքով ու հարգանքով են խոսում Ֆելիքս Սահակյանի հոր, Գետազատի կոլխոզի նախագահ՝ սոց,աշխատանքի հերոս՝ Արշակ Շահգելդյանի մասին, ում ղեկավարման օրոք գյուղը սով չտեսավ:

Ըստ գյուղի տարեցների, խաղողը չորացնում էր,բաժանում մարդկանց, կաթից յուղ ստանում՝ տալիս համագյուղացիներին, որ դիմակայեին սովին:

1943թ-ի «Պրավդա»-ի մարտի 10-ի համարում հոդված կա, որտեղ Ստալինի շնորհավորական գրավոր նամակն է տպագրված՝ ուղղված Արշակ Շահգելդյանին:

-Երեխաներիս հետ քիչ էի շփվում,- ափսոսանքով հիշում է Զ. Նավասարդյանը,-հոգատար կին չկարողացա լինել ամուսնուս համար, բայց յուրաքանչյուր ղեկավար ունի իր ձեռագիրը: 
Հայաստանը դեմոգրաֆիական լուրջ խնդրի առաջ էր կանգնած, ողջ մարդկային ու բժշկական ռեսուրսները ներդրվում էին հղիների և ծննունդների վրա: 
Ծննդատունն իմ առաջին տունն էր, որտեղ ջանքեր ու ժամանակ էի ներդնում թիմի հետ միասին՝ երկրին առողջ սերունդ ու մայրեր տալու համար: Հաճախակի է պատահում,որ փողոցում,միջոցառումներին կանայք են հանդիպում, փաթաթվում ինձ՝ասելով.«Բժշկուհի ջան,դուք իմ երեխային փրկել եք,աստված էլ ձեզ փրկի ամենավատից»,-Եթե անկեղծ, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել նրանց, այնքան շատ են նրանք: Սակայն, հոգուս խորքում շոյվում եմ, դա իմ անձնազոհ աշխատանքի պտուղներն են, որ վայելում եմ ամեն քայլափոխի,-ասում է Զ. Նավասարդյանը:

Արտաշատում պատմում էին, որ տարածաշրջանում ծննունդների թվով Արտաշատն առաջինն է եղել իր ցուցանիշով: Ծննդօգնությունն իրականացվում էր Արտաշատի ԲԿ-ի հին ոչ բարվոք շենքային պայմաններում,սակայն հանձինս գիտակ ու բանիմաց մասնագետ՝ Զեմֆիրա Նավասարդյանի բաց էին ծննդօգնության բաժանմունքի դռները՝ խորհրդանշելով մահվան և ծնունդի ներդաշնակ միասնությունը, որտեղ կա մահ, այնտեղ էլ՝ ծնունդ:

Բժիշկներից մեկը, ով չհայտնեց իր անունն ասաց.


-Զեմֆիրա Նավասարդյանին վազուց եմ ճանաչում: Նա տարիների ընթացքում ձեռք է բերել գինեկոլոգ-բժշկուհու հմտությունը,ի վերջո, բժշկուհին գործ ունի հրաշքի հետ: Բժշկուհի Նավասարդյանը մշտապես կառավարել է ինքն իրեն, բոլոր բիոռիթմերը,անջատել սեփականը, և իր, մոր և մանկան զարկերակի հետ համահունչ դարձրել՝ ամենապարզ, քնքուշ և զգայուն սիրո ականատեսը լինելով:
Մոր և մանկան հետ առնչվելը նաև ենթադրում է հեքիաթային, լուսավոր միջավայր և մասնագիտությունը բնավորության վրա կնիք է թողնում: Համբերատարություն և հանդուրժողականություն: Որպես բժիշկ չպետք է տրվել հույզերին, այլ լինել սառը,զգոն և հետո միայն թուլանալ…բնության օրենքն է՝ որտեղ մահ,այնտեղ՝ ծնունդ,-ավարտեց խոսքը մեր զրուցակցը: