Ընտրել ենք, բայց մտահոգ ենք

11/12/2018 21:47
Ընտրել ենք, բայց մտահոգ ենք


7-րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին, «Իմ Քայլը» դաշինքի երեք ֆավորիտներից Շիրակի մարզում Ֆելիքս Ցոլակյանը ստացավ ընտրողների՝ 24172, մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ 6271, իսկ փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը՝ 5981 ձայներ։

Ի տարբերություն ռեյտինգային ակտիվ  ՔՊ-ականների, ովքեր բացի իրար վրա ցեխ շպրտելուց ու վիրավորելուց այլ գործ չեն արել բնակիչների հետ հանդիպման ընթացքում, նախընտրական շրջանումառավել պասիվ են եղել  ԲՀԿ-ական թեկնածուները, ինչպես մարզի աղբյուրներ են հայտնում, ժողովրդի հետ հանդիպումներ գրեթե չեն կազմակերպվել։

Համայնքներ կան, որտեղ ոտք չեն դրել ԲՀԿ-ական թեկնածուները,  բնակչությունը տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին, որի արդյունքում ԲՀԿ-ն այս անգամ բավականին ձայներ կորցրեց մարզում։ Իսկ ՀՀԿ-ական թեկնածուների նախնտրական տրամադրությունները այնքան վատ են եղել, որ չեն վրիպել գյումրեցիների աչքից։

Ինչպես մեր զրուցակիցներն են նշում, մարզի նախկին ՀՀԿ-ական փոխմարզպետ՝ Հարություն Արշակյանն իր մտերիմ ընկերներից խնդրել է, որ գոնե վերջիններս 5-10 կամ ամենաշատը 15 ձայն հավաքեն իր համար։

«Դե գիտեք էդքան էլ հավես չունեմ, գիդեք յաման գիդի ուշքս չի գնա դրանց համար, բայց պետք է»,-ասել է այն ՀՀԿ-ականը, ով մարզում տարիներ շարունակ մեծամտացել է, որ Սերժ Սարգսյանի հետ է բանակում ծառայել, որ շատ մտերիմ է եղել նրա հետ։ Ինչպես գյումրեցիներ են ասում՝ «իրեն դրել էր անմեղի տեղ ու վանքի հավերը կուդեր»։ 

-Հիմա էլ Սերժը պաշտոնի չի, Արշակյանը յաման գիդիներով կուզեր ձայներ փախցներ։ Քո ասած ծառայակից ընկերոջ համար էդ ե՞րբ քեզ տանջեցիր, որ ընկերներդ քո խաթեր Սերժին ձայն տան։ Մեկ-երկու ձայն տվել են  խաթեր համար,-կարծիք են հայտնում մարզում։   

-Ընտրեցինք  «Իմ Քայլին», բայց էլի մտահոգ ենք, Աստված տա չփոշմանենք,-նույնաբովանդակ կարծիքներ  են հայտնում շիրակցիները։ 


Հերմինե Մանուկյան