Խաչիկ Ասրյան. Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ

06/11/2018 11:32
Խաչիկ Ասրյան.  Արցախը  մայր  Հայաստա՛ն  է,  և  վե՛րջ


Հայրենատե՛ր և պատվախնդի՛ր Հայեր

«Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է  նաև արարչագործ հայ ազգին, Հայաստանին ու Արցախին:

Ինչո՞ւ և ինչի՞ համար են պատերազմները. բացառապես հողի՝ սուրբ հողի, պահպանության և այդ հողն արարող մարդու անվտանգությունն ապահովելու համար: Արարչի կողմից ստեղծված հայ ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից:

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են  Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ հայոց սուրբ հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար:

Անկախ նրանից, թե սույն թվականի ապրիլ-մայիսյան իշխանափոխության արդյունքում ձևավորված Հայաստանի ժամանակավոր իշխանության կողքին կանգնած քաղաքացիների թիվը որքան է, անկախ նրանից, որ Հայաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հայտարարում են, որ Արցախի հիմնախնդիրը բացառապես պետք է լուծվի Արցախի ու Հայաստանի ժողովրդի ցանկությամբ և կամքով, այս բոլոր խոսակցությունները քաղաքական պոպուլիզմ են և քաղաքական մանիպուլյացիա են: Ինչո՞ւ: Որովհետև, հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող, ողջ հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր սին, կեղծ,  պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ:

Картинки по запросу Խաչիկ Ասրյանը արցախում

Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝  մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած և ազատագրած հայոց սուրբ հողը դարձնելու քննարկման առարկա:

 

 

Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ:

Հիմա կհարցնեք, թե Ադրբեջանին առանց հողեր զիջելու, ինչպե՞ս ենք լուծելու մեր խաղաղությունը, չէ՞ որ մենք արյուն և զոհեր չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղ ապրել և բարեկամություն անել Հայաստանի հարևան պետությունների հետ։

 Միանգամից պատասխանեմ. չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, պատրաստ չլինենք պատերազմի:

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ չենք մեռնելու հանուն Հայաստանի, Արցախի և ողջ հայության  անվտանգության պահպանության:

Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե ներդրում չունենանք հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում:

Երբեք մի՛ վախեցեք արյունից և զոհերից, եթե այդ արյունն ու զոհերը հանուն հայ ազգի և Հայոց Տան պաշտպանության են։

Բարեկամություն անել Հայաստանի հարևան ո՞ր պետությունների հետ. Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, Իրանի՞, թե՞ Վրաստանի: Իհարկե, Իրանի և Վրաստանի, այլ ոչ թե մարդակործան ՆԱՏՕ-ի և պատերազմամոլ ԱՄՆ-ի հովանավորյալներ Թուրքիայի և հայատյաց Ադրբեջանի:

Միանշանակ է, որ բոլթոններն ու միլսերը, հատկապես այս ժամանակահատվածում, անընդմեջ  վխտալու են Հայաստանում, և, իրենց դոլարային գայթակղությամբ, ձգտելու են Հայաստանի բարձրագույն իշխանության միջոցով Հայաստանից դուրս մղել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, զուգահեռաբար Հայաստանին թշնամացնելով Հայաստանի հարևան-բարեկամ պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մեկ գերնպատակ  հետապնդելով. Հայաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար դարձնել զորավարժարան ու Հայաստանի տարածքը հիմնականում օգտագործել ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար, իսկ ռազմաբազան օգտագործել Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Իրանի դեմ:

Եվ, այս ազգադավ, հայակործան ծրագիրն ԱՄՆ-ն, իր խորին համոզմունքով ու վստահությամբ, իրականացնում է իր հրամանները կատարող, իրեն ենթարկվող Հայաստանի նոր իշխանության միջոցով:

 

 

Թերևս, Հայաստանի բարձրագույն իշխանությունը հնարավորություն ուներ և ունի չսխալվելու ու պահպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և, ԱՄՆ-ի  հայակործան ծրագրի գայթակղությանը չտրվելու փոխարեն, կայացնելու իմաստուն վերջնական որոշում. Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիրական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:

Շուրջ 7 ամիս շարունակ, Հայաստանի գործող  բարձրագույն  իշխանությունը,  օգտագործելով 21-րդ դարի մարդկությանը խաբելու լավագույն տեխնոլոգիան՝ քաղաքական պոպուլիզմն ու քաղաքական մանիպուլյացիան, իր հավատարմությունն ու երդումն է տվել և տալիս ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ի համար զորավարժարան հանդիսացող Հայաստանի գործող իշխանությունն, անընդհատ շեշտելով իր լեգիտիմությունը, հոխորտում է, թե Արցախի հիմնախնդիրը բացառապես լուծելու է հայ ժողովուրդը, այսինքն՝ որևէ հրապարակում համախմբված հայ ազգի բնակչության մի մասը, և, եթե անգամ այդ լուծումն Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելը լինի, ըստ նրանց, դա լինելու է հրապարակում հավաքված՝ իբր ամբողջ հայության «հայրենասիրական» ցանկությունը:

Երբե՛ք, լսո՞ւմ եք, հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու հայոց սուրբ հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ  պատրաստ լինել մեռնելու հանուն հայոց սուրբ հողի և հայ ազգի պաշտպանության. «Չկա ավելի բարձր պարգև, քան մարտիրոսվել և անմահանալ ազգիդ ու ժողովրդիդ համար»:

Հայաստանի ցանկացած իշխանության և հայ ժողովրդի կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ քննարկումները:

Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ:

 

 

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան