Արագածավանի մանկապարտեզը վերանորոգումից հետո ավելի շատ սաների է սպասարկում

02/11/2018 14:52
Արագածավանի մանկապարտեզը վերանորոգումից հետո ավելի շատ սաների է սպասարկում

 

Ինչպես ՀՀ-ի տարբեր բնակավայրերում, այնպես էլ Արագածավան համայնքում թավշյա հեղափոխության ֆոնին բնակիչների կողմից բարձրաձայնվեցին տարբեր դժգոհություններ,  համայնքի խնդիրների հետ առնչվող։

Սակայն այսօր ենթակառուցվածքների աշխատանքները բնականոն հունով են ընթանում, տեղեկացնում են տեղացիները։ Ձմռանը ընդառաջ Արագածավանի թիվ 1 մանկապարտեզ նախակրթարանի սաները կդիմավորեն ավելի հարմարավետ եւ տաք շենքային պայմաններում։ Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից սկսված վերանորգման աշխատանքները ամբողջովին ավարտին են հասցրել։

Փոխվել են մանկապարտեզի 50 պատուհանները՝ Մխիթարյան միաբանության բարեգործական ընկերության նվիրատվության արդյունքում։ Նոր պատուհանների տեղադրման անհրաժեշտությունը խիստ զգացվում էր։

Հոլանդական բարեգործական կազմակերպությունների կողմից վերանորոգվել է շենքի անբարեկարգ տանիքը։ Թարմացվել է նաեւ ներսի հարդարանքը, ձեռքի աշխատանքներով կատարված գունազարդ աշխատանքները  էսթետիկական հաճույք են պատճառում մանուկներին եւ այստեղ այցելողներին։

Արագածավանցի փոքրիկների համար ստեղծված են համապատասխան ջերմությամբ ապահովված խմբասենյակները, դահլիճը, ճաշարանը եւ միջանցքները, քանի որ ձեռք են բերվել նոր ավելի հզոր էլեկտրական ջեռուցիչներ։Գոհ են փոքրիկները, կոլեկտիվը եւ ծնողները։ Մոտ 60 երեխաներ այս տարի հրաժեշտ տվեց մանկապարտեզին, կրթությունը շարունակելու Արագածավանի հանրակրթական դպրոցներում։

Այժմ մանկապարտեզում գործում է հինգ խումբ եւ 115 երեխաներ են հաճախում:

Մանկապարտեզը գործում է առանց դադարի, բացի ամենամյա արձակուրդային ամսից՝ հունվարից։ Մանկապարտեզում երեխաների համար գունազարդ երանգներով նկարները զարգացնող ազդեցություն են թողնում, որոնցից մեծ մասը արվում են տնօրենի՝ Ռուզաննա Մելքոնյանի ստեղծագործ ձեռքերով։ Ռ․ Մելքոնյանը մասնագիտությամբ բանասեր է, աշխատում է մանկապարտեզի հիմնադրման օրվանից՝ 2010թ-ից։

Արագածավանում վերանորոգման աշխատանքներ են կատարվում նաեւ համայնքապետարանի առաջին հարկի աշխատասենյակներում, ինչպես նաեւ միավորված համայնքին միավորված բնակավայերում։