Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

01/11/2018 17:19
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում քննարկված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծի հետ կապված՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ: «Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում ունեցած ելույթում զարմանք է հայտնել ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի լռության կապակցությամբ: Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում: Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Էդուարդ Շարմազանովը իր ելույթում անթույլատրելի էր համարել այդ  հարցով ուժային կառույցների, ոստիկանապետի քար լռությունը՝ «ոստիկանապետի, որը նաև պատանդ է եղել։ Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ գնդապետ Վանոյանն է, որը մինչև վերջին պահը պաշտպանել է Հայաստանի պետական շահը, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ կանգնել է մեր 18 տարեկան զինվորի կողքին»,- ասել էր ԱԺ փոխնախագահը։