Զինվորը ծննդավայր չունի

30/10/2018 00:03
Զինվորը ծննդավայր չունի

Շիրակի մարզի Անուշավան համայնքի կենտրոնը միշտ մարդաշատ է, այստեղ այգու հարեւանությամբ գտնվում են համայնքապետարանը եւ մշակույթի տունը։ Տարածաշրջանում, որպես օրինակելի գյուղ` իր ավանդույթներով ու նիստուկացով Անուշավան համայնքի եւ բնակիչների մասին խոսելիս մարդիկ պատմում են, որ այն եզակի գյուղերից է, որտեղ տեղական իշխանությունների ու բնակիչների միջեւ ձեւավորված է կատարյալ համերաշխություն։

Գյուղում մեկ մարդու նման բնակիչները պատրաստ են իրար օգնելու՝ թե՛ ուրախության, թե՛ տխուր օրերին, աշխատասեր անուշավանցիներն անկախ մարդիկ են, ովքեր հույսները դրած իրենց ուժերին, այս դժվարին ժամանակներում կարողանում են արժանապատիվ ապրել։ Տեղացիների հետ զրուցելիս մարդիկ հպարտությամբ նշում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի  օրերին, երբ թիկունքը սահման պահող զինվորներին ամեն կերպ օգնում եւ քաջալերում էր, այսօր եւս անուշավանցիները իրենց բանակում ծառայող զինվորների կողքին են։

Արդեն երրորդ տարին է, ինչ համայնքապետարանի եւ բնակիչների միասնական ջանքերով համայնքի ղեկավար՝ Երվանդ Հակոբյանը, դպրոցի տնօրենը, գյուղի ավագանին եւ զինվորների ծնողները, ստանալով ՊՆ նախարարության թույլատվությունը մեկնում են Արցախ, անուշավանցի զինվորներին տեսակցության, ուրախացնելու եւ զորակցելու նպատակով։

Մինչեւ մեկնելը համայնքում ավանդաբար Անուշավան գյուղի Սուրբ Նշան Մատուռ եկեղեցում անցկացվում է միջացառում՝ նվիրված անուշավանցի եւ բոլոր հայ զինվորներին։ Շատերի համար է զարմանալի, որ կամավոր հիմունքներով մարդիկ իրենց դրամական աջակցությունն են ցուցաբերում հայրենիքի սահմանները պահող իրենց գյուղի տղաներին նվերներ գնելու հարցում։

«Ով ինչպես կարող է օգնել», սկզբունքով համայնքում նախօրոք կատարվում են նախապատրաստական աշխատանքները, պատրաստվում են նվերները։ Ինչպես գյուղում մարդիկ են նշում  առյուծի բաժին օգնությունը կատարում է համայնքապետարանը։ Բացի անուշավանցի զինվորներից, հարեւան համայնքի զինվորներին եւս տեսակցում են։
-Բոլորն էլ մեր երեխաներն են, մեր խաղաղությունը, սահմանները ապահով պահողները, ի՞նչ տարբերություն մեր գյուղից են, թե ուրիշ գյուղ կամ քաղաքից,-ասում են մարդիկ։

На данном изображении может находиться: один или несколько человек, дерево, небо, автомобиль и на улице

Զինվորների համար ոչինչ չխնայելով, գյուղում մարդիկ մշտապես որոնում են ելքեր, միմյանց օգնելու, ավելի լավ ապրելու, արարելու եւ շենացնելու իրենց ծննդավայրը։ Այսօր Անուշավան գյուղը հպարտանալու առիթ ունի, որոնք զուտ համայնքի ուժերով ձեռքբերված գյուղի  բարվոք վիճակում գտնվող երթակառուցվածքներն են, բարեկարգ փողոցները, ջրամատակարարումը, լուսավորությունն ու ամենակերեւորը՝ բարոյահոգեբանական խաղաղ մթնոլորտը։ Գյուղում միայն արվեստի դպրոց չի գործում, որն ապագայի ծրագրերում են տեսնում:

-2001թ-ից աշխատում է մեր գյուղապետը՝ Հակոբյանը, մարդը ինչ որոշել է, մեր հետ խորհրդակցել է, մեր կարծիքն հաշվի է առել, նոր գործ են արել։ Սաղ օրը վազքի ու չարչարանքի մեջ է, եթե մարդ ուզում է պատվով աշխատի, ուրեմն Երվանդի պես պետք է աշխատի:

Իր հերթին, Երվանդ Հակոբյանն էլ չի հերքում, որ Անուշավան համայնքի 2019թ-ի մայիս ամսի հերթական ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, սիրով իր տեղը կզիջի իր համագյուղացի այն երիտասարդին, ով պատրաստ կլինի այս պատասխանատու աշխատանքը շարունակելու։ Ինքն էլ միշտ պատրաստ կլինի իր աշխատանքային փորձով օգտակար լինելու նորընտիր ղեկավարին, ասելով, որ ապագան երիտասարդներինն է։


Ամալյա Սահակյան