Խաչաղբյուր. Կռվախնձոր՝ գյուղի կենտրոնում

25/10/2018 21:56
Խաչաղբյուր. Կռվախնձոր՝ գյուղի կենտրոնում

HZHAM.am կայքի օգնությանն է դիմել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքի բնակիչ Սաղաթել Զաքարյանը: Վերջինիս փոխանցմամբ, նախկին համայնքապետ Հակոբ Գաբոյանն անօրինական աճուրդ է կազմակերպել եւ 620 հազար դրամով ձեռք է բերել նախկին բուժարանի շենքի մի հատվածն իր հողամասով:

Ըստ Ս. Զաքարյանի, համայնքում աճուրդից ոչ մեկ տեղյակ չի եղել, իսկ նախկին գյուղապետի կողմից ձեռք բերված կիսաքանդ շենքն ու հողը փակել են Սաղաթելյան ընտանիքի տան մուտքը:

-Մենք այդ աճուրդի ո սեփականաշնորհման մասին իմացանք, երբ գնացինք կադաստր ավտոտնակ կառուցելու թույլտվություն վերցնելու,- պատմում է Սաղաթել Զաքարյանի կինը: Իսկ ամուսինը ավելացնում է,- Այսօր գյուղն ունի հովանավոր, ով ցանկանում է մանկապարտեզ կառուցել: Այս շենքը շատ հարմար է:

Սաղաթել Զաքարյանը համագյուղացի մի քանի երիտասարդների հետ ներկայացնում էին ստեղծված իրավիճակը եւ տեղեկացրին, որ հովանավորը պատրաստ է մինչեւ 5 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցել շենքն ու հողը ձեռք բերած սեփականատիրոջը, միայն թե շենքը հանձնեն համայնքին, եւ վերջապես Խաչաղբյուրը մանկապարտեզ ունենա:

Տես՝ տեսանյութը:

Երբ այս խնդրով դիմեցինք նախկին համայնքապետ Հակոբ Գաբոյանին, վերջինս տեղեկացրեց, որ կիսակառույց շենքը եւ հողատարածքը օրինական աճուրդով է ձեռք բերված եւ ներկայացնում համապատասխան փաստաթղթերը՝ տեղեկացնելով, որ իրականում հարեւանի մուտքը չի փակվում, քանի որ ըստ գծագրի՝ նախատեսված է 1 մետր մայթեզր եւ 5 մետր ճանապարհ:

Երբ Հ. Գաբոյանին տեղեկացրինք, որ համագյուղացի բարերաներից մեկը պատրաստ է 30 մլն ներդրում անել՝ կառուցել մանկապարտեզը, նախկին գյուղապետը պատրաստակամություն հայտնեց, որ այդ դեպքում ինքն էլ շենքը ներդրում կանի, եւ այդ դեպքում հնարավոր է իրականացնել նաեւ իր վաղեմի երազանքը՝ հարկերից մեկում բացել արվեստի դպրոց:

Արվեստագետ նախկին գյուղապետը տեղեկացրեց, նաեւ, որ համայնքն ունի մանկապարտեզի տիպային շենք, որի վերանորոգումն ավելի նպատակային է, քանի որ այդ շենքն ունի անհրաժեշտ տարածք մանկապարտեզի սաների համար դառնալով իսկական խաղահրապարակ:


Համաձանության կգա՞ն Խաչաղբյուրի նախկին եւ ներկա իշխանությունները՝ ցույց կտա ժամանակը: Մեզ մնում է հույս հայտնել, որ կողմերի բանական եւ ճիշտ լուծում գտնելու դեպքում կշահեն համայնքի բնակիչները եւ մանկահասակ երեխաները: