Ի պատասխան Ռիչարդ Միլսի «գրավյալ» տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին արված հայտարարությանը

18/10/2018 19:52
Ի պատասխան Ռիչարդ Միլսի «գրավյալ» տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին արված հայտարարությանը

Հարգելի պարոն Ռիչարդ Միլս` ընդամենը ուզում եմ Ձեզ տեղյակ պահել այն մասին, որ դուք և Ձեր պետությունը այն եզակիներից եք ամբողջ աշխարհի երեսին ով որևէ բարոյական իրավունք չունի միջամտելու կամ որոշելու Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության խնդիրները, կուրսը և անելիքները, այն Հայաստանի Հանրապետության որին տասնամյակներ շարունակ Ձեր պետության նախագահները հուսադրել են, խոստացել և այնուհետև ստել ու խաբել են Հայոց մեծ եղեռնի, Ցեղասպանության ճանաչման հարցում։


Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեռ չեն մոռացել բոլոր Ձեր նախագահների նախընտրական սուտ ու ստոր խոստումները ԱՄՆ-ում ապրող բազմահազար Հայ համայնքին և ողջ համայն հայությանը։


Ապրելով և աշխատելով Հայաստանում դուք Ձեզ թույլ եք տալիս վիրավորվել մի ողջ ժողովրդի, մի պետության, մի դարերով պայքարած Ազգի` ում վերքերը դեռ թարմ են, ում սահմանների պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմները դեռ տաք, ում համար Հայրենիքի մի փոքրիկ հողն ու ջուրը ավելի թանկ են քան սեփական կյանքը։


Ցավոք սրտի երբևիցե Հայ ժողովուրդը և Հայաստանը չլսեց Ձեզանից կամ ԱՄՆ որևէ նախագահի շուրթերից` Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, պատմականորեն և փաստերով հիմնավորված գրավյալ տարածքները` Կարսն է, Նախիջևանը, Անին, Բայազեթը, Մուշը և բազմաթիվ այլ Հայկական տարացքներ, որոնք բառից բուն իմաստով և 1,5մլն անմեղ զոհերի հաշվին գրավել ու բարբարոսական եղանակով զավթել է <<օսմանյան կայսրությունը>> 1915թ-ին, ցեղասպանություն կատարելով մի ողջ քրիստոնյա Հայ ժողովրդի նկատմամբ, սակայն այդ մասին լռել և լռում եք, ոչ մի իրական գործունեություններ չեք արել և չեք անում Հայաստանից ոճրագործությամբ զավթած գրավյալ տարածքների վերադարձի ուղղությամբ և ուրեմն խնդրում և հորդորում եմ, որ հիմա էլ և այսուհետև ևս լռեք, ինչպես լռել եք մինչ այժմ։


Գուցե և Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվել, սակայն վստահեցնում եմ Ձեզ, որ Հայի հայրենասիրությունը չի փոխվել, չի կորել և այդ առումով Հայաստանում ինչպես միշտ գերիշխում են Ազգային արժեքները և ռազմահայրենասիրական մոտեցումները։


Որպես վերջաբան ուզում եմ կոչ անել Ձեզ և ողջ այն անձանց ում համար ազատագրվածը <<գրավյալ է>>, ում համար պատմությունը և աշխարհագրությունը ըստ ներկա պահին քմահաճույքի ու շահագրգռվածության դրսևորման ձև` խնդրում եմ ծանոթացեք պատմությանը, աշխարհագրությանը և ապավինեք փաստերին ու արդարության սկզբունքին, քանի դեռ ուշ չէ և Ձեր նմանատիպ արտահայտություններով սեպ չեք խրել մեր երկարամյա երկկողմ բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման մեջ։


Հարգանքով և հպարտությամբ ազատագրված տարածքների ժառանգորդ և ՀՀ հայրենասեր քաղաքացի` Էմիլ Մարկոսյան