Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

11/10/2018 15:49
Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը


Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության մասնակիցները միջոցառման մեկնարկին ջերմ ծափահարություններով ողջունեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը:

Ինչից հետո ելույթներով հանդես եկան տարբեր երկրների առաջնորդները:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը կարծիք հայտնեց, որ. «Հայոց հողը՝ հույսի և հիշատակի հողը,  կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, ինչի իրականացումը կախված է ձեզանից: Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ: Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է  Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր ելույթի ժամանակ ասաց.

«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»: Կանադայի վարչապետը շնորհակալություն հայտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին ու ամբողջ հայ ժողովրդին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը.

«Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում:Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանի, Ֆրանսիայի, Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշն է: Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ  մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը, ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր: Երևանում այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: «Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար:  Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ,  այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը:  Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր  տեսլականը պարբերաբար  վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը,  խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»: